Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՔՎԵԱՏՈՒՓ ԼՑՆԵԼՆ ԱՆՑԱԾ ՓՈՒԼ Է»

Հուլիս 14,2005 00:00

Ասում
է Հայաստանի տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը – Վենետիկի
հանձնաժողով հուլիսի 7-ին ուղարկված Սահմանադրության նախագծում նշված է, թե «Օրենքով
կարող են սահմանվել Երեւանի քաղաքապետի անուղղակի ընտրություններ»: Փաստորեն սա այն
տարբերակն է, որը եւ Դուք ամիսներ առաջ Ստրասբուրգ այցի ժամանակ առաջարկել էիք ԵԽ
ներկայացուցիչներին, որ Երեւանի քաղաքապետին ընտրի քաղաքի ավագանին: Սակայն այս տարբերակն
ընդունելի չէ Վենետիկի հանձնաժողովի համար: – Ո՛չ: Սահմանադրության մեջ առաջարկվող
փոփոխությամբ՝ Երեւանը համայնք է: Եվ քաղաքապետը կարող է ընտրվել ինչպես ժողովրդի,
այնպես էլ ավագանու կողմից, որը նույնպես ուղղակիորեն է ընտրվում ժողովրդի կողմից:
Վենետիկի հանձնաժողովի հետ բազմաթիվ քննարկումների շնորհիվ եկել ենք ընդհանուր հայտարարի,
որ Երեւանում ՏԻՄ ձեւավորման առանձնահատկությունները սահմանվելու են օրենքով: Եվ
այս երկու տարբերակն էլ ընդունելի են Եվրախորհրդի համար: – Սակայն Հայաստանի
իշխանությունն արդեն իսկ հակված է ավագանու կողմից ընտրության տարբերակին: Ինչո՞ւ
եք այդպես զգուշանում ուղղակի ընտրություններից: – Ճիշտն ասած՝ այո՛: Ինքս
կողմնակից եմ անուղղակի ընտրությանը: Ուսումնասիրել ենք մի քանի երկրների փորձը,
որտեղ քաղաքապետերն ընտրվում են ավագանու կողմից, եւ դա շատ ընդունելի տարբերակ է:
Այն կիրառվել է նաեւ Խորհրդային Միության տարիներին: Պիտի հաշվի առնենք մի
քանի կարեւոր հանգամանք: Երեւանում է ապրում մեր երկրի բնակչության 1/3-րդը: Եվ եթե
Երեւանի քաղաքապետն ընտրվի ուղղակիորեն՝ ժողովրդի կողմից, մեզ ժամանակ պետք կլինի
որոշելու, թե ինչպես ենք լուծելու թաղապետերի խնդիրը, որոնք այժմ ընտրվում են ժողովրդի
կողմից: Փաստորեն՝ Երեւանում ունենք տեղական ինքնակառավարում եւ տարածքային կառավարում,
որ իրականացնում է վարչապետի ներկայացմամբ նախագահի նշանակած քաղաքապետը: (Ի դեպ,
Սահմանադրության առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ՝ այդպես են նշանակվելու մարզպետները,
մինչդեռ նախկինում նրանց նշանակում էր կառավարությունը): Իսկ հիմա Երեւանը դիտարկվելու
է իբրեւ մեկ համայնք: Եվ հարց է առաջանում՝ թաղապետերը մնա՞ն ընտրովի, թե՞ դառնան
նշանակովի: Ու պետք չեն հապշտապ որոշումներ՝ ուստի այս հարցերը կկանոնակարգենք օրենքով:
– Օրենքով կարգավորվեց նաեւ ընտրատարածքների ձեւավորման հարցը: Սակայն երբ
գործը հասավ դրա կիրառմանը՝ էլի աշխատեցին «մկրատներ» եւ, ըստ ընդդիմադիրների բողոքների՝
ընտրատարածքների սահմանները որոշվեցին ըստ առանձին թեկնածուների նախասիրությունների:
– Այս հարցը քննարկել է կոալիցիան, իսկ մենք վարչապետի հետ ուղղակի նայել
ենք տարածքները: Այնուամենայնիվ՝ որոշումները կայացրել է կոալիցիան: Սակայն նման
բաներ չեն եղել: Գուցե մարդիկ իրենց անձնական շահերից ելնելո՞վ են դժգոհ: Ես ուսումնասիրել
եմ՝ ընտրատարածքներում ընդգրկված ընտրողների թիվն այնպես է ապահովվել եւ տարածքներն
այնպես ձեւավորվել, որ չաշխատի «մկրատների» տարբերակը: – «Ընտրական օրենսգրքի»
փոփոխությունների քննարկման ժամանակ էր դեռ Մանուկ Գասպարյանը նշել Արարատի մարզի
օրինակը, թե դրա մի ընտրատարածքում 31-32 հազար ընտրող է ներգրավված, մինչդեռ Երեւանում
չկա 38 հազար ընտրողից պակաս ընտրատարածք: Նա պնդել էր, թե այս «լյուֆթը» տարածքային
կառավարման նախարարին հնարավորություն է ընձեռում 2-ով ավելի պատգամավոր ունենալ
ԱԺ-ում: – Ճիշտ չի ասել Մանուկ Գասպարյանը, քանի որ չի ուսումնասիրել թվերը:
Խորհուրդ կտայի՝ թող հիմա նայի ընտրատարածքների ԿԸՀ հաստատած սահմանները եւ կտեսնի,
որ Արարատի մարզից շատ գյուղեր նույնիսկ ներառվել են Վայոց ձորի մարզի ընտրատարածքներում,
որ այնտեղ ապահովվի ընտրողների թվաքանակը: – Օրենքները չեն կարող բացառել
որոշակի սուբյեկտիվ մոտեցումը: Ասենք, ի՞նչ օրենք պիտի ընդունվի, որ բացառվի այն
վերաբերմունքը, որին արժանանում են Գեղարքունիքի Լճաշեն գյուղի բնակիչները: Սա այն
գյուղերից է, որը նախագահական ընտրություններում ընտրել էր Ստեփան Դեմիրճյանին եւ
վերջինիս հետ հանդիպման ժամանակ այս ընտրությանն էին գյուղացիները վերագրել այն,
որ Լճաշեն մտնող ճանապարհը 3 տարի ներկայացվում է որպես շտապ վերանորոգման ենթակա
եւ 3 տարի շարունակ էլ չի նորոգվում, իրենց չի տրամադրվում պարարտանյութ: Չեն արվում
նաեւ այլ հատկացումները: – Չհավատանք նման հերյուրանքներին: Քիչ թե շատ բանիմաց
մարդ, օրինակ, չի կարող նման պնդում անել, թե բյուջեով համայնքին սահմանված հատկացումը
կարող է եւ չարվի քաղաքական նկատառումներով: Այս հատկացումները սահմանվում են օրենքով,
եւ դա չի կարող փոխել ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ վարչապետը, ո՛չ հանրապետության
նախագահը: Փոխել կարող է միայն ԱԺ-ն՝ օրենքում կատարվող փոփոխությամբ: Իսկ
ընդհանրապես՝ անձնապես ինձ համար այնքան էլ կարեւոր չէ, թե համայնքապետը ո՛ր կուսակցության
անդամ է կամ քաղաքական ուժի կողմնակից: Կարեւորն այն է, որ ժողովուրդն ընդունի այդ
մարդուն: Ինչքան ավելի շատ ձայներով է ժողովրդի կողմից ընտրված լինում համայնքապետը՝
այնքան ավելի քիչ խնդիրներ ենք ունենում այդ համայնքի բնակչության հետ: Թեեւ
քանի որ ինքս ՀՀԿ անդամ եմ՝ բնականաբար, նաեւ կուզենայի, որ շատ ընտրվեին ՀՀԿ անդամները:
– Մինչ այժմ հենց ՀՀԿ պաշտպանած թեկնածուներն էլ հիմնականում հաղթում են ՏԻՄ
ընտրություններում: – Բայց մենք ընտրակաշառքով կամ ուժային մեթոդներով չէ,
որ շահում ենք այդ ընտրությունները, այլ քարոզչությամբ, թեկնածուների աշխատանքով:
Քվեատուփեր լցնելն, իմ կարծիքով, անցած փուլ է: Իջեւանի քաղաքապետի, Երեւանի համայնքապետերի
եւ վերջին շրջանում անցկացված այլ ընտրությունները տեսեք, թե ինչքան մաքուր եւ արդար
անցան: Ալավերդու քաղաքապետի ընտրության ժամանակ չանցավ ՀՀԿ-ի պաշտպանած թեկնածուն:
Բայց մենք նորմալ արձագանքեցինք, չեղան վիճարկումներ: – Իսկ մեկ թեկնածուով
ընտրություններին ինչպե՞ս եք վերաբերվում: – Եթե չեն առաջադրվում այլ թեկնածուներ՝
ի՞նչ պիտի անենք: Եթե վկայություններ ունեք, թե ուժ է կիրառվել, որ ուրիշ մեկը չառաջադրվի՝
այլ հարց է: Բայց, ասենք, կան համայնքապետեր, որ լավ են աշխատում, գյուղն իրենց ընդունում
է, եւ մարդիկ նպատակահարմար չեն գտնում առաջադրվել: – Ինչպե՞ս եք վերաբերվում
Հայաստանի համայնքների միության կոչին, որ աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունների
համար սահմանվի մեկ միասնական օր: – Սա, իհարկե, քննարկելու տարբերակ է: 700-ից
ավելի համայնքներում պիտի անցկացվեն ընտրություններ: Եվ իմ կարծիքով, ճիշտ կլիներ՝
մի քանի փուլով իրականացվեին ընտրությունները, որ կարողանանք վերահսկել, կանոնակարգել
եւ օրենքը պաշտպանել բոլոր ընտրատարածքներում: ՀՀ նախագահն ու վարչապետը շատ են կարեւորում,
որ այդ ընտրություններն անցնեն թափանցիկ ու ազնիվ: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել