Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ

Հուլիս 14,2005 00:00

Ադրբեջանի
քաղաքական շրջանակները խիստ բացասաբար են գնահատում ղարաբաղյան կարգավորման՝ վերջերս
հրապարակված տարբերակը: «Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայության օրերս եթեր
սփռած հաղորդագրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ հակամարտության
կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների կողմից առաջարկվելիք հավանական տարբերակներից
մեկի վերաբերյալ, Ադրբեջանի քաղաքական շրջանակներում լայն արձագանք է գտել: Ադրբեջանցի
քաղաքական գործիչները օպերատիվորեն արձագանքել են խաղաղության համաձայնագրի այս տարբերակին։
Նրանց համոզմամբ, ԼՂ-ում անգամ 10-15 տարի հետո հանրաքվեի անցկացումը Ադրբեջանի համար
կնշանակի ԼՂ-ի վերջնական կորուստ: Ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու անկախ
քաղաքագետները գտնում են, որ պաշտոնական Բաքուն հրաշալի հասկանում է հանրաքվեի անցկացման
բոլոր հնարավոր բացասական հետեւանքները, բայց նման խաղաղ համաձայնագիր ուզում է Արեւմուտքը,
որը համաձայնագրի կնքման պարագայում կարող է աջակցել Իլհամ Ալիեւին՝ առաջիկա խորհրդարանական
ընտրությունների ժամանակ: «Այդ դեպքում Ալիեւը կստանա իրեն միանգամայն վերահսկելի
խորհրդարան, եւ ռեժիմին սպառնացող վտանգը զգալիորեն կնվազի»,- գրում է «Զերկալոն»:
Այս համատեքստում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ադրբեջանական գրասենյակի
համանախագահ Արզու Աբդուլլաեւան «Առավոտի» թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ կարծիք
հայտնեց, թե՝ «հատկապես ընտրություններից առաջ Իլհամ Ալիեւը չի գնա նման ոչ պոպուլյար
եւ համարձակ քայլերի եւ չի համաձայնի հակամարտությունը լուծել մի տարբերակով, որը
ձեռնտու չէ սեփական ժողովրդին»: Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ «Թրենդ»
գործակալությանը տված հարցազրույցում քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն ասել է, թե ադրբեջանական
կառավարությունը ոչ մի դեպքում չպետք է համաձայնի ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու գաղափարին,
որովհետեւ կասկած չկա, որ նրանք դարձյալ կքվեարկեն հօգուտ ԼՂ անկախության, եւ հավելել,
թե ԼՂ հայերը նման հանրաքվե արդեն մեկ անգամ անցկացրել են: ՌԴ-ում Ադրբեջանի
նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեի համոզմամբ էլ, Ադրբեջանը չի կարող համաձայնել նման
հեռանկարի հետ: Ըստ նրա, նման հանրաքվեի անցկացումը հակասում է միջազգային իրավունքի
նորմերին, քանի որ հանրաքվե կարող է անցկացվել ամբողջությամբ վերցրած երկրում եւ
ոչ թե նրա մի տարածքում: Հակառակ դեպքում, Հաջիզադեի ասելով, դա կլինի Ադրբեջանի
ազգային շահերի դավաճանություն, ինչը բողոքի ալիք կբարձրացնի: «Նման համաձայնագրի
իրականացումն անհնարին կլինի»,- հայտարարել է նախկին դիվանագետը: «Նոր քաղաքականություն»
դաշինքի առաջնորդներից մեկը՝ Էլդար Նամազովը, անդրադառնալով այս խնդրին, նշել է,
որ կարգավորման այս տարբերակը հայերի կողմից լոբբինգ է արվում արդեն մի քանի տարի
եւ հակասում է ոչ միայն Ադրբեջանի շահերին, այլեւ՝ ողջամտությանը։ Իր հերթին
Արզու Աբդուլլաեւան «Առավոտին» ասաց. «Նրանց, ովքեր 92-ից ի վեր զբաղվում են հակամարտության
կարգավորմամբ, պետք է որ պարզ լինի՝ հակամարտությունը լուծելու համար պետք է առաջարկվի
մի տարբերակ, որը կապահովի կողմերի հավասարակշռությունը»: Այդուհանդերձ, անդրադառնալով
շրջանառության մեջ դրված տարբերակին՝ նա նկատեց, որ «տարօրինակ կերպով, միշտ արվում
են այնպիսի առաջարկներ, որոնք ձեռնտու են կամ մեկ, կամ մյուս կողմին: Սա ուղղակի
զարմանալի է, եւ ինձ թվում է, որ այս իրավիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի
դեռ ՄԽ-ն մեխանիզմ չի մշակի եւ մանդատ չի ստանա հարցը երկու երկրների հասարակական
շրջանակների հետ քննարկելու եւ նրանց հետ լուծումներ որոնելու համար: Կարծում եմ,
որ մեր հասարակություններում կան բավարար չափով ողջամիտ՝ պսեւդո հայրենասիրությունից
հեռու մարդիկ, ովքեր իրենք կարող են միջնորդներին լուծման փոխընդունելի տարբերակներ
առաջարկել»,- կարծիք հայտնեց ադրբեջանցի հասարակական գործիչը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել