Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանյան

Հուլիս 13,2005 00:00

Հայաստանյան շուկայից՝ սլավոնական շուկա Բելառուսում հուլիսի 15-21-ը կանցկացվի «Սլավոնական շուկան Վիտեբսկում» 148211րդ արվեստի միջազգային փառատոնը: Այս տարի Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգչուհի, Երեւանի պետկոնսերվատորիայի երկրորդ կուրսի ուսանողուհի, «Ազգային երաժշտական մրցանակաբաշխության 2004-ի հայտնություն» Անի Քրիստին: Կային ժամանակներ, երբ երիտասարդ արվեստագետներին ՀՀ մշակույթի նախարարությունն ու կոմպոզիտորների միությունն էին ներկայացնում այս կամ այն միջազգային մրցույթին: Նոր ժամանակներում հայ երաժիշտներն իրենք են իրենց «ծառը ջրում»: Ինտերնետից տեղեկանում են միջազգային որեւէ մրցույթի պայմաններին, նախօրոք ուղարկում իրենց ձայնագրությունները կամ տեսահոլովակները, հրավեր ստանալու դեպքում՝ սեփական միջոցներով մեկնում: Անկախության տարիներին դեռ չի գրանցված միջազգային դասական երաժշտության մրցույթում Հայաստանը ներկայացնող որեւէ երաժիշտ, որին հովանավորի, աջակցի, ներկայացնի հայաստանյան այս կամ այն պրոդյուսերական կենտրոնը կամ անհատ պրոդյուսերները: Այլ է պատկերը «թեթեւ» կոչվող էստրադային ժանրում: Օրինակ, «Կանտուս» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Զառա Պետրոսյանի շնորհիվ Վիտեբսկի միջազգային փառատոնին էստրադային հայ կատարողները մասնակցում են դեռեւս 2000 թվականից: Հիշեցնենք, որ այդ փառատոնում երգչուհի Վարդուհի Վարդանյանը 2000-ին արժանացավ 2-րդ մրցանակի, Լիանան 2002-ին ստացավ հատուկ մրցանակ: Այն, որ միջազգային մրցույթներում անարդարություններ են լինում, քանիցս «Առավոտին» հայտնել են իրենք՝ հայ մասնակիցները: Ըստ երեւույթին, Վիտեբսկի մրցույթն էլ բացառություն չէ: Ասվածի վկայությունն է 2003-ին վիտեբսկյան մրցույթի մասնակից Միստր X-ի պրոդյուսեր Եղիշե Պետրոսյանի խոսքը. «Երգչին չթողեցին մասնակցել ֆինալին, սակայն մեզ համար անսպասելի, մրցանակների հանձնման արարողության ժամանակ նրան շնորհվեց դիպլոմ՝ բարձրակարգ կատարման համար: Ի դեպ, այդ նույն դիպլոմը հանձնվում էր միայն հաղթողներին: Ըստ մեզ հասած լուրերի, Բելառուսի նախագահ Լուկաշենկոն վրդովված էր, որ այսքան գումար է ծախսվում մրցույթի կազմակերպման ու անցկացման համար, բայց ոչ մի տարի իր երկիրը հաղթող չի ունեցել: Այդ տարի էլ բելառուս երկու երգիչներից մեկը ստացավ Գրան պրի, մյուսը՝ առաջին մրցանակ»: Ըստ մեր տեղեկությունների, այս տարի թեեւ Անի Քրիստիին Վիտեբսկում ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը: Ըստ Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանի. «Մենք հոգացել ենք միայն ճանապարհածախսը, իսկ մնացած ծախսերը իր վրա է վերցրել բելառուսական կողմը: Ունենք մրցութային օրերի ու գալա համերգի ուղիղ հեռարձակման պայմանագիր»: Որպես երգչուհի՝ Անիի մասին հետաքրքրվեցինք կոմպոզիտոր, Երեւանի պետկոնսերվատորիայի ջազ-էստրադային ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյանից: Նրա հավաստմամբ, Անիին 13 տարեկանում ինքն է «հայտնաբերել» մանկական մի մրցույթի ժամանակ. «Բնականաբար, նա այնպիսին չէր, ինչպիսին այսօր է: Հենց այդ տարիքից Անիին վերցրի իմ նվագախումբ ու սկսեցի իմ մեթոդներով պարապել նրա հետ: Այսօր էլ նա ուսանում է ճանաչված երգչուհի Ռաիսա Մկրտչյանի դասարանում: Հավատում եմ, որ Ավստրիայի, Ամերիկայի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Իսրայելի եւ այլ երկրների ներկայացուցիչներից մեր աղջիկը պետք է որ առանձնանա՝ լավ իմաստով»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել