Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հուլիս 13,2005 00:00

«ՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՏԱՇԻ-ՏՈՒՇԻՆԵՐԸ ՊԻՏԻ ՄԻ ՔԻՉ ԼՐՋԱՆԱՆ» Հաջորդ տարվա «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մասին այդպիսի ցանկություն է հայտնում համանուն հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանը: – Ինչի՞ց է, որ Հայաստանում պրոդյուսերների ինստիտուտը կարծես թե չի կայանում, իսկ ինչ էլ որ արվում է՝ կիսատ-պռատ է: – Պրոդյուսերը կազմակերպիչն է, բայց կա արտիստիկ պրոդյուսեր, կոմերցիոն եւ այլն: Օրինակ՝ ես լինելով երաժիշտ, երբեք ինձ թույլ չեմ տա զբաղվել բժշկության պրոդյուսինգով: Շատերին թվում է, թե կազմակերպելուց հեշտ բան չկա, դրա համար էլ հիմա բոլորը պրոդյուսեր են դարձել, եւ ընդհանուր դաշտը կիսատ-պռատ է: Գուցե պետք էլ չի, որ պրոդյուսերական ինստիտուտ լինի, բայց պիտի լինեն մասնագետներ, ովքեր գիտեն ինչպես կազմակերպել համերգը, հյուրախաղը, CD-ի թողարկումը եւ այլն: – Վերջին շրջանում սկսել եք ոչ թե անհատների, այլ գերատեսչությունների հետ աշխատել, նկատի ունեմ՝ «Մեկ ազգ, մեկ մշակույթ», «Պահպանենք մեր մշակույթը» փառատոները եւ այլն: Ո՞րն է դրա պատճառը: – Երբ դու համապատասխան գիտելիք ունես եւ քեզ պատասխանատու տեղերից աշխատանք են առաջարկում, դա վատ չէ: Ես ուրախությամբ համագործակցում եմ: – Այնուամենայնիվ, այսօրվա երիտասարդ երգիչ-երգչուհիներից ո՞ւմ հետ եք համագործակցում: – Բոլոր աստղերի հետ: – Իսկ մենք աստղեր ունե՞նք: – Ճիշտն ասած, «աստղ» հասկացության հետ ես էլ այդքան համամիտ չեմ: Մեզ մոտ, ցավոք, դռներն ու պատուհանները փակվեցին ճիշտ, պրոֆեսիոնալ արվեստի առջեւ: Թե ինչո՞ւ՝ պատասխանիս փոխարեն 6 հատ հարցական կդնեք, ուղղակի չեմ ուզում վատախոսել: Այնուհետեւ թվացյալ ինքնուրույնություն ստացան իսկական մշակույթի մարդիկ: Երբ կար «Հայհամերգը», մենք բոլոր մշակույթի գործիչներին ու կոլեկտիվներին «պլանավորում» էինք: Դա ճիշտ էր, ամեն մարդ գիտեր՝ ինքը երբ եւ որտեղ պետք է ելույթ ունենա: 90-ականների սկզբներին, երբ խմբերի ու կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարները ստացան իրենց կնիքները, սկզբում շատ ուրախացան, հետո տեսան, որ դա սխալ շռայլություն էր եւ կանգնեցին փաստի առաջ: Օրինակ, նույն Վանուշ Խանամիրյանի համար, չնայած իր տաղանդին եւ Պարի պետականի հաջողություններին, մենք էինք ճանապարհները բաց անում, իսկ նա զբաղվում էր միայն ստեղծագործական հարցերով: Թվացյալ անկախությունից հետո սկսվեցին անհարկի ուռճացվել առանձին անձինք: Փոխարենը ստվերում մնաց ջութակահարների, օպերային երգիչների, լուրջ երաժիշտների մի ամբողջ սերունդ, որ չիմանալով ինչպես եւ որտեղ աշխատել՝ հեռացավ Հայաստանից: Մի ուրիշ հարցի մասին եւս: Ի՞նչ է, եթե ես գումար ունեմ, 2 հատ մեղեդի հորինեմ, մեկն էլ գործիքավորի, եւ այնքան հանդգնություն ունենամ, որ դա ինքս երգեմ, ապա անպայման պիտի եթե՞ր մտցնեմ: Այ, այսպես է սկսվում սուտ արվեստը, արդյունքում՝ շնորհալիները չեն երեւում համընդհանուր խաժամուժի մեջ: – Իսկ ինչպե՞ս վարվել: – Թեեւ ես դեմոկրատ մարդ եմ, բայց գտնում եմ, որ այս պարագայում հարկավոր են ուժային մեթոդներ: Անհրաժեշտ է ստեղծել մի կառույց, որը կազմված լինի պրոֆեսիոնալներից: Այդ կառույցը պիտի որոշի՝ տվյալ հիթը արժե՞ ցուցադրել TV-ով ու ռադիոյով, կամ հետեւի, թե մեր բեմահարթակներում ինչ է ներկայացվում: Ամեն անգամ Օպերայի մոտով անցնելիս նայում եմ ազդագրերը ու անընդհատ զայրանալու առիթ եմ ունենում: Խոսքը միայն կոպիտ տառասխալների մասին չէ: Անցած տարի Մոսկվայից 2 աղջիկ էին ժամանել (նկատի ունի՝ «Ռեֆլեքս» խումբը- Գ. Հ.), որոնք պետք է ելույթ ունենային «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ես մշակույթի նախարարություն ահազանգեցի, հարցրի՝ նրանք կամ Սվետլանա Տոման ի՞նչ կապ ունեն «Արամ Խաչատրյան» դահլիճի հետ: Նախարարությունից էլ ինձ հարցրին՝ «Դրանք ովքե՞ր են որ»: Հետո էլ ավելացրին. «Մենք չգիտեինք, որ համերգն այդ դահլիճում է»: Յուրաքանչյուր երկիր ունի իր ծանրակշիռ դահլիճը՝ ինչպես «Օլիմպիան»՝ Փարիզում, Քարնեգի Հոլը՝ Նյու Յորքում: Կարծում եմ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահն էլ մե՛ր Քարնեգի Հոլն է: Բա էլ ինչի՞ համար է մշակույթի նախարարությունը՝ իր մշակութային ռազմավարությամբ: – Մյուս տարի նախատեսված է կրկին անցկացնել «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնը: Նկատի ունենալով 2004-ի թերությունները, հատկապես ի՞նչը կշտկեիք: – Իհարկե, ունեմ ձեր հարցի պատասխանը, բայց ուզում եմ ինտրիգի տարբերակով պատասխանել: Եթե լինի այն, ինչ ես եմ ուզում, այն ժամանակ կպատասխանեմ ձեր հարցին: Մտադիր ենք առաջարկություն անել կառավարությանը, որ փառատոնում տաշի-տուշիները մի քիչ լրջանան, գրագետ մատուցվեն, եւ մեր դասական արվեստն էլ անպայման ներկայացվի: Նաեւ կուզենայի, որ ոչ միայն նվագող-պարող-երգողների, այլ հայաստանցի ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պրոդյուսերների հավաք լիներ փառատոնի շրջանակներում: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել