Վրաերթ՝ հոր ծառայողականով Իրավապահները չեն ցանկացել մահվան պատճառ դարձած անչափահաս Ալեքսանդր Բաբայանին մեկուսացնել հասարակությունից: Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Տիգրան Պետրոսյան) շարունակվեց Ալեքսանդր Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ա. Բաբայանը այս տարվա մարտի 9-ին, ժամը 8-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում վրաերթի էր ենթարկել հետիոտն Վազգեն Բունիաթյանին, որը տեղում մահացել էր: Անչափահաս Ալեքսանդր Բաբայանը վրաերթը կատարել էր հոր՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի տրանսպորտի ծառայության պետ Սամվել Բաբայանի ծառայողական «Chevrolet Cavalier» մակնիշի 183ԼԼ01 պետհամարանիշի ավտոմեքենայով: Ըստ նախաքննության ձեռք բերած տվյալների, ավտոմեքենան եղել է տեխնիկապես սարքին վիճակում՝ 1 ուղեւորով: Միեւնույն ժամանակ, Ալեքսանդր Բաբայանի նկատմամբ որոշում էր կայացվել խափանման միջոց ընտրել ստորագրությունը չհեռանալու մասին: Այն դեպքում, երբ վրաերթից հետո Բաբայանը թաքնվել էր, դիմել փախուստի եւ, ինչպես տուժողի իրավահաջորդ Վահե Բունիաթյանն էր դատարանին ուղղված իր միջնորդության մեջ նշել, նրան բերման են ենթարկել Շահումյանի բաժին: Չնայած այդ ամենին, ոստիկանները կազմել էին բաժին կամավոր ներկայանալու մասին արձանագրություն: Երեկ դատարանում ամբաստանյալի պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, թե նիստից առաջ եւ հետո տուժող կողմը ճնշում է գործադրում ամբաստանյալի հարազատների վրա եւ վիրավորական համարեց նաեւ իր նկատմամբ իրավահաջորդների վերաբերմունքը: Տուժողի իրավահաջորդ Վահե Բունիաթյանը դատարանին ներկայացրեց հանցագործության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայցադիմումը, որով նախ պատասխանող կճանաչվի «Հայփոստ» ԲԲԸ-ն: Ալեքսանդր Բաբայանը «Հայփոստ» ՓԲԸ-ին պատկանող «Chevrolet Cavalier» մակնիշի 183ԼԼ01 պետհամարանիշի ավտոմեքենան չի տիրապետել օրինական հիմքով, չի ունեցել անգամ լիազորագրով տրանսպորտային միջոց վարելու իրավունք, վարձակալության իրավունք, հետեւաբար, ըստ տուժողի իրավահաջորդների, վնաս հատուցելու պարտականությունը (16.600 եվրո) պետք է կրի «Հայփոստ» ՓԲԸ-ն, որը հանդիսանում է վերոնշյալ տրանսպորտային միջոցի սեփականատերը: Վազգեն Բունիաթյանը ուսանում էր ասպիրանտուրայում: 23 տարեկանում հասցրել էր 20-ից ավելի գիտական հոդվածներ հեղինակել ու տպագրել ոչ միայն Հայաստանի, այլեւ Ֆրանսիայի, Շվեդիայի, Սլովենիայի հայտնի գիտական ամսագրերում: 2004-ին արժանացել է ՀՊՃՀ լավագույն ուսանողի կոչմանը: Նա Երիտասարդ գիտնականների համագործակցության INTAS կազմակերպությունից ստացել էր դրամաշնորհ: Երկու օր հետո վրաերթից մահանալու հետեւանքով INTAS-ը, բնականաբար, չէր հասցրել ստորագրել պայմանագրի օրինակը: Երիտասարդ գիտնականների INTAS դրամաշնորհի թիվ 1 հավելվածի գումարի չափը երկու տարվա համար կազմում էր 15.200 եվրո: Դրամաշնորհը պետք է տրվեր երկու տարվա ընթացքում, հետեւաբար, ըստ Փաստաբանների միջազգային միության անդամ Նիկոլայ Բաղդասարյանի, ՀՀ քաղօրենսգրքի 1085 հոդվածի 1-ին մասի՝ «հարգելի պատճառների առկայության դեպքում, վնաս պատճառողի հնարավորությունների հաշվառմամբ իրավունք ունի հայցվորների պահանջով նրանց տրվելիք գումարները հատկացնել միանվագ»: Նախորդ՝ հունիսի 10-ի դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդը մեկ այլ միջնորդություն էլ էր արել՝ կապված ամբաստանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Ամբաստանյալի պաշտպանների փաստարկներից մեկն այն էր, որ Բաբայանը անչափահաս է, ինչը, տուժող կողմի կարծիքով, կատարված արարքի համակցությամբ էական դեր խաղալ չէր կարող, քանի որ կատարվել է միջին ծանրության հանցագործություն, որի դեպքում թույլատրվում է կիրառել կալանքը: Քննիչը նաեւ խափանման միջոց ընտրելիս փաստարկել էր, թե Բաբայանը տառապում է ալերգիկ հիվանդությամբ, ինչը չի համարվում ծանր հիվանդություն: Անչափահասի ներկայացուցիչը երեկ ժամանակ խնդրեց հայցադիմումի բովանդակությանը ծանոթանալու համար, հետեւաբար դատական նիստը հետաձգվեց: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Հ. Գ. Երեկ «Հայկապ» բանկի նախկին նախագահ Գրիգոր Նալբանդյանը նշանակվեց «Հայփոստի» գլխավոր տնօրեն: Արդեն նախկին դարձած գլխավոր տնօրեն Վրույր Առաքելյանը, ըստ «Առավոտի» աղբյուրի, արձակուրդում էր գտնվում: