Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ նախագիծ»

Հուլիս 13,2005 00:00

«Շատ լավ նախագիծ» Ընդդիմության մի մասը հաշտվել է իշխանության հետ՝ սահմանադրական փոփոխությունների հողի վրա «Եթե այսօր մենք համեմատում ենք առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծն այն նախագծի հետ, որը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, ապա ես արձանագրում եմ, որ այդ նախագիծն իրենից ներկայացնում է շատ լուրջ առաջընթաց, որը գրեթե բոլոր առումներով արդեն մոտեցել է եվրոպական ստանդարտներին: Առաջարկված նախագիծն իսկապես շատ լավ հիմք է ստեղծում քաղաքական համաձայնության մթնոլորտում ընդունելու սահմանադրական փոփոխությունների այնպիսի նախագիծ, որի համար որեւէ մեկս չի ամաչելու եւ որն իսկապես կարող է ծառայել մեր երկրի իրավական ու ժողովրդավարական զարգացմանը՝ երկար տարիների կտրվածքով»,- երեկ այս կարծիքը հնչեցրեց «Ժողովրդավարություն» հ/կ-ի նախագահ Վարդան Պողոսյանը՝ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կազմակերպած սահմանադրական փոփոխություններին նվիրված քննարկման ժամանակ: Հիշեցնենք, որ պարոն Պողոսյանը մինչ այսօր փոփոխությունների կոալիցիոն տարբերակի գլխավոր ընդդիմախոսներից էր: Քաղաքական տեսակետից Վարդան Պողոսյանը ճիշտ է համարում, որ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը «քայլ կատարեն միմյանց ընդառաջ, իսկապես լինի քաղաքական համաձայնություն բոլոր սկզբունքային հարցերի շուրջ, որոնք խոչընդոտում էին ԱԺ-ում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումներին ընդդիմության մասնակցությանը: Սկզբունքների տեսակետից լուծումները տրված են, պետք է համաձայնության հասնեն՝ ճշգրտելով մեխանիզմները»: Քննարկմանը ներկա ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, որը ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովին ուղարկված փոփոխությունների բովանդակային մասը, բնականաբար համակարծիք էր իր երբեմնի ընդդիմախոսի հետ: Ի դեպ, Տիգրան Թորոսյանի պնդմամբ, ուժի մեջ է մնում գործող Սահմանադրության այն դրույթը, համաձայն որի՝ միեւնույն անձը երկու անգամից ավելի չի կարող առաջադրվել հանրապետության նախագահի պաշտոնում: Դահլիճում նստած հասարակական կազմակերպությունների ղեկավարների մի խումբ դժգոհ էր, որ «ընդդիմությունն ու իշխանությունն իրար հետ լեզու են գտել, բա ժողովո՞ւրդը…»: Վարդան Պողոսյանը փարատեց նրանց մտահոգությունները. «Գործող Սահմանադրությամբ մենք ժողովրդին տվել ենք վճռական դեր (նկատի ունի հանրաքվեի իրավունքը- Ն. Գ.), այլ հարց, որ, ցավոք, մեզ մոտ ընտրությունների մեխանիզմը անկատար է եւ որեւէ մեկը չունի վստահություն, որ հանրաքվեն արդար ճանապարհով է անցկացվելու»: Ու խորհուրդ տվեց ընդդիմությանը նախանձախնդիր լինել ընտրացուցակների ճշգրտման հարցում: Նա վստահ է, որ եթե պատշաճ քարոզչություն իրականացվի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ «ժողովուրդը կարտահայտի իր իրական կամքը»: Այս ասելով նկատի ունի, որ կասեն՝ «այո»: Ամենադժգոհն Արշակ Սադոյանն էր, որի ներկայացրած 64 առաջարկներից եւ ոչ մեկը չի ընդունվել: Այն ամենը, ինչ հիմա կատարվում է, Սադոյանը որակում է «հանցագործություն»: Այն, որ առաջարկված տարբերակով ՀՀ նախագահն անձեռնմխելի է մինչեւ իր գործունեության ավարտը, Սադոյանը մեկնաբանում է պատկերավոր. «Եթե հանրապետության նախագահը ապտակի դեպուտատին՝ ինձ կամ Տ. Թորոսյանին, թքի մեր երեսին, որեւէ բան չենք կարող անել, մինչեւ իր գործունեության ժամկետը չավարտվի: Դա կլինի սահմանադրական կարգի խախտում, բայց ոչ մի դատարան դա չի արձանագրի»: «Իմ դեպքում նման բան չի լինի»,- վրա բերեց Թորոսյանը: Սադոյանը դժգոհեց նաեւ մարզերում տեղական ինքնակառավարման մարմինների ոչ հստակ սահմանումներից, կառավարության ձեւավորման եւ այլ սկզբունքներից: «Ի՞նչ փոխադարձ համաձայնություն, ընդդիմությունը մասնակցի երկրի քանդմանը մինչեւ 2008 թի՞վը»,- ի հեճուկս ջատագովների՝ հռետորական հարց հնչեցրեց Սադոյանը, որի ելույթից հետո դահլիճում ծափեր պոռթկացին: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել