ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՆՈՐ ՓՈՒԼԸ Ընդդիմությունը դեմ է 5 շրջանների հանձնմանը, իսկ կոալիցիան՝ կողմ Մեկնաբանելով «Ազատություն» ռ/կ-ի կողմից օրերս տարածված Ղարաբաղի հարցի կարգավորման հերթական տարբերակը՝ ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն ասաց. «Այն, ինչ առաջարկվում է պաշտոնական ատյաններում, առաջին հերթին անընդունելի է ԼՂ-ի համար, պարզ պատճառով, որ Ղարաբաղում պատրաստ չեն ընդհանրապես խոսել տարածքները վերադարձնելու մասին: Եվ կարեւորը՝ լուծված չէ Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ուստի հինգ տարածքները հանձնել, տասը տարով, այսպես կոչված, հանրաքվեն հետաձգելը անընդունելի են: Մեկ անգամ եւս ուզում եմ պարոն Քոչարյանին ասել, որ նա անձամբ իր այս քայլով խաչ է դնում մինչ այժմ եղած ամբողջ գործընթացի վրա, այսինքն՝ ինքը ենթարկվում է Իլհամ Ալիեւի՝ զրոյից սկսելու սկզբունքին: Ստացվում է, որ այս պահին տարածքները վերադարձվում են ոչնչի դիմաց: Պատկերացրեք, վերադառնում են, այսպես կոչված, տեղահանվածները, իսկ դա նշանակում է, որ հանրաքվեն անցկացնելու պահին այն ադրբեջանցիները, որ ապրել են ԼՂ-ում մինչ 88-ը, նույնպես պետք է վերադառնան, Շուշին նույնպես պետք է վերաբնակեցվի, դա նշանակում է՝ այնտեղ դեմոգրաֆիական լուրջ փոփոխություններ են կատարվելու: Ուզում եմ շեշտել, նրանք ներկայացնելու են նաեւ այն երեխաներին, որոնք ծնվել են 88-ից հետո, իսկ, պատկերացրեք, տասը տարվա ընթացքում դա ի՞նչ թիվ է նշանակելու: Բայց Ղարաբաղում արդեն եղել է հանրաքվե՝ միջազգային դիտորդների մասնակցությամբ, եւ ԼՂ-ն փաստացի դուրս է եկել կազմից՝ իրավական տեսանկյունից անթերի, ուստի, ի՞նչ նոր հանրաքվեի մասին է խոսքը»։ Ըստ նրա՝ ամենակարեւոր հարցը սա է. «Ո՞վ է այսօր Ռ. Քոչարյանը, որ կարողանա ԼՂ անունից որեւէ համաձայնագիր ստորագրել: Զուտ իրավական տեսանկյունից՝ ո՞վ է: Նա չի ճանաչել ԼՂ անկախությունը, չի հայտարարել, որ ԼՂ-ն Հայաստանի մաս է, որպեսզի իրավասու լիներ նրա անունից որեւէ փաստաթուղթ ստորագրել»: Արամ Սարգսյանը համոզված է. «Տխմարություն է, երբ ասվում է, որ այսօր մենք վերադարձնում ենք հինգ շրջանները, պահում ենք Լաչինը, իսկ Քելբաջարը դարձնում ենք հանրաքվեի երաշխիք: Ինչո՞ւ է այդ հանրաքվեն դառնում կարեւորագույն հարց: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Քելբաջարը ընդհանրապես իրավունք ունենք վերադարձնել: Դա նշանակելու է, որ մենք վերադարձնելու ենք ամբողջ Լեռնային Ղարաբաղը: Սա մեզ համար անընդունելի տարբերակ է»: ՀԴԿ նախագահն ասաց, որ ինքն այս հարցերի շուրջ զրուցել է նաեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, եւ իրենց տեսակետները հիմնականում համընկնում են։ Իշխող կոալիցիայի ուժերն այլ կարծիքի են: Ըստ ՀՅԴ հայաստանյան ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանի, ներկայացված տարբերակը կարելի է քննարկել։ Որպես դրական գաղափար պարոն Ռուստամյանը նշեց հետեւյալները՝ հարցը փաթեթով լուծելու մասին պայմանավորվածությունը, անվտանգության երաշխիքները եւ դրանց ուղղակի կապը կարգավիճակի հետ: Հաջորդը՝ Ղարաբաղի կարգավիճակի լուծումն է հանրաքվեի միջոցով. «Սա իսկապես դրական մոտեցում է, որովհետեւ ենթադրում է ընդունել, որ հարցի կարգավորումը պետք է հենվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա: Իհարկե, մենք ժամանակին հանրաքվե անցկացրել ենք, բայց որպես փոխզիջում՝ երկրորդ հանրաքվեի անցկացումը կարելի է քննարկել, եւ սա չի նշանակում հրաժարում նախնական մոտեցումներից»: Ըստ Արմեն Ռուստամյանի, ընդունելի չէ հանրաքվեի անցկացման նշված տասը տարին. «Շատ կարեւոր է, թե դա ինչ ժամկետներում է կատարվելու, որովհետեւ դեմոգրաֆիական խնդիրներ կան»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահ է, որ այս փաստաթուղթը կազմողները ցանկացել են «ջուր լցնել եւ ադրբեջանական, եւ հայկական ջրաղացին: Կարծում եմ, սա կապ ունի Ադրբեջանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հետ»: Կարծիք կար, որ առաջիկայում Կազանում կայանալիք նախագահների հանդիպմանը Ռ. Քոչարյանը եւ Ի. Ալիեւը քննարկելու են հենց այս տարբերակը: Գալուստ Սահակյանի կարծիքն այլ է՝ Կազանում որեւէ խնդիր չի լուծվի. «Քանի որ բոլոր խնդիրների լուծումը պետք է տեսնել աշնանից հետո, երբ կլինեն Ադրբեջանում խորհրդարանական, իսկ Հայաստանում՝ ՏԻՄ ընտրություններ եւ սահմանադրական հանրաքվե»: Գալուստ Սահակայնը վստահ է, որ այս կարգի փաստաթղթերը ի վերջո հայտնի են դառնալու հասարակությանը, եւ հասարակությունն է իր խոսքն ասելու, քանի որ. «Որեւէ անձ չի կարող իր վրա պատասխանատվություն վերցնել որեւէ տարբերակի «այո» ասելու համար. հարցը պետք է վճռի ժողովուրդը՝ քաղաքական ուժերի հետ համագործակցության պայմաններում»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ