ԳՈՐԾԸ
ՎՍՏԱՀՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԵՏԻՆ Վերջերս
մրցույթով Հայ-Սլավոնական պետական համալսարանի ֆիզդաստիարակության եւ առողջ ապրելակերպի
ամբիոնի վարիչ է ընտրվել Սպորտպետկոմի նախկին առաջատար մասնագետ, բռնցքամարտից սպորտի
վարպետ, միջազգային կարգի մրցավար Ժորա Աղաջանյանը: Օգտվելով առիթից, նրան խնդրեցինք
պատմել բուհի մարզական կյանքի մասին: «Բուհ տեղափոխվել եմ անցած տարվա սեպտեմբերին՝
համալսարանի ղեկավարության հրավերով,- ասաց նա:- Ինձ գրավեց լրջմիտ վերաբերմունքը
ֆիզկուլտուրային եւ սպորտին, այն, որ համալսարանի ղեկավարությունը չի ցանկանում որեւէ
հարցում ետ մնալ մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններից: Հակառակը, արվում
է ամեն բան՝ առաջին շարքերում լինելու համար: Արտասահմանցի ուսանողների առաջնություններում
մեր մինի ֆուտբոլի թիմը գրավել է առաջին տեղը, հաղթող ունենք շախմատում, արմռեսթլինգում,
իսկ բասկետբոլի թիմը մտել է հանրապետության առաջնության եզրափակիչ: Հիմա համալսարանի
հարեւանությամբ կառուցվում է մարզահամալիր, որտեղ կարելի կլինի զարգացնել ինչպես
խաղային, այնպես էլ մենապայքարային մարզաձեւերը, լողը, որ անչափ կարեւոր եմ համարում,
կամ, պարզապես, մարզվել հանուն առողջության»: – Ֆիզկուլտուրայի դասերը պարտադիր
անցկացվո՞ւմ են: – Այո: Բայց քանի դեռ համալիրի շինարարությունն ընթացքի մեջ
է, վարձակալական հիմունքներով մասամբ օգտվում եւ օգտվելու ենք այլ մարզաբազաներից:
Իսկ մեկ տարի հետո, երբ մարզահամալիրը շահագործվի, դասերը, ինչպես նաեւ սեկցիոն պարապմունքները
կկազմակերպենք տեղում: Ա. Հ.