Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՔԵՐՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ «ՀԵՏՔԻ» ՍԵՐՎԵՐԸ

Հուլիս 13,2005 00:00

Յուրահատուկ
«գրաքննություն» ինտերնետային կայքերի նկատմամբ «Հետաքննող լրագրողներ» հասարակական
կազմակերպության www.hetq.am հասցեով ինտերնետային կայքը հուլիսի 8-ից ի վեր չի գործում:
Երեկ կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, հաքերները վնասել են կազմակերպության
«Հետք» ինտերնետային շաբաթաթերթի սերվերը: «Սերվերը վնասողները պրոֆեսիոնալներ են
եղել. առայժմ չի հաջողվել պարզել, թե հատկապես որտեղից է դա արվել: «Հետքի» սերվերը
գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: «Հետքի» աշխատակազմը հայցում է ընթերցողների
ներողամտությունը: Մի քանի օրվա ընթացքում «Հետքը» կվերականգնվի»,- ասված է հաղորդագրության
մեջ: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են ջարդողները եւ ինչ նպատակով են ջարդել: «Հետաքննող
լրագրողներ» կազմակերպության նախագահ Էդիկ Բաղդասարյանի ասելով, սա առաջին դեպքն
է, երբ հաքերները փորձել են խանգարել «Հետքի» աշխատանքին: Էդ. Բաղդասարյանը դժվարացավ
ասել, թե ինչու է ընտրվել հատկապես այս պահը, բայց նրանից ստացած տեղեկությունների
համաձայն, վերջին շրջանում «Հետքի» ինտերնետային էջում տեղադրված են եղել թրաֆիքինգի
մասին հրապարակումներ, ինչից հետո միայն Դուբայի ընթերցողների համար էր արգելափակվել
«Հետք» ինտերնետային էջը: Սրան զուգահեռ՝ էջում նաեւ դատարանների, դատավորների հետ
կապված հրապարակումներ են եղել: Դրանցից մեկը դատական մի նիստի մասին էր, որտեղ դատավորը
վճիռ կայացնելու ընթացքում անընդհատ խոսել է բջջային հեռախոսով: Բայց թե կոնկրետ
ո՞ր հրապարակումն է դարձել հաքերների թիրախը՝ Էդ. Բաղդասարյանը դժվարացավ ասել: Մեր
այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ սերվերի խափանման պատճառը զուտ տեխնիկական
լինի, պարոն Բաղդասարյանն ասաց. «Կարծես թե՝ ոչ: Մենք մի քանի օր ձայն չէինք հանում,
որովհետեւ կարծում էինք, որ տեխնիկական պատճառներ կան, բայց հետո ստուգեցինք եւ տեսանք,
որ պատճառը հաստատ դա չէ»: Ի դեպ, երեկ նաեւ «Ա1+»-ի պրոդյուսեր Սուսաննա
Օհանջանյանից տեղեկացանք, որ հաքերները վերջին օրերին անընդհատ միջամտել են նաեւ
«Ա1+»-ի ինտերնետային էջի կազմակերպած վերջին հարցմանը, որը վերաբերել է Երեւանի
քաղաքապետի նշանակմանը: Իսկ հարցադրումն այսպիսին է եղել՝ «Ո՞վ պետք է նշանակի Երեւանի
քաղաքապետին»: «Ա1+»-ի մատուցմամբ, «այս շաբաթվա թեման նրանց շատ խիստ է հետաքրքրել,
ուստի նրանք անընդհատ միջամտում են քվեարկությանը եւ ստեղծում հարցման արհեստական
պատկեր»: «Մեր կայքը առաջ էլ, հատկապես ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանների
նիստերի օրերին, նույն վիճակում էր հայտնվում, բայց մենք ունեինք նաեւ հայաստանյան
սերվեր, ուստի ընթերցողների մոտ 30 տոկոսը դա չէր նկատում: Իսկ հիմա, որպես կանոն,
միջամտություն է լինում մեր հարցումների քվեարկությանը: Իհարկե, հարցման ծրագիրն
անթերի չէ, որովհետեւ դա պատրաստի ծրագիր է, բայց որ կողմնակի միջամտություն կա՝
ակնհայտ է»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Ս. Օհանջանյանը: Նա եւս բացառեց կայքի
խափանումը ընդհանուր կապի հետ կապված լինելու հանգամանքը: Բանն այն է, որ
կոնկրետ «Ա1+»-ի դեպքում ընկերությունը նաեւ ֆինանսական կորուստներ է ունենալու:
Նա նախ ստիպված է իր միջոցներով կարգավորել վիճակը, երկրորդ՝ թերեւս ստիպված պետք
է լինի հարցումներ հրապարակելու ցանկության դեպքում պատվիրել ավելի թանկարժեք հարցում՝
պաշտպանվածության ավելի մեծ հնարավորություններով, որը կարող է արժենալ շուրջ 500
դոլար, թեեւ դա եւս երաշխավորված չի կարող լինել կողմնակի միջամտություններից, եւ
դա էլ կարող են ջարդել, եթե մարդիկ նման հատուկ նպատակ ունեն: «Ինչպես «Հետքի» կայքի
պարագայում է, մեր դեպքում էլ ոչ ոք չգիտի, թե ովքեր են մուտք գործում կայք, եւ սերվերի
պաշտպանվածությունն էլ մեր իրավասության տակ չէ»,- ասաց «Ա1+»-ի գլխավոր պրոդյուսերը:
Ս. Օհանջանյանը նաեւ հավելեց, թե սա «Ա1+»-ի նախաձեռնած հարցմանը կողմնակի
միջամտության առաջին դեպքը չէ: «Նման կեղծիքներ եղել են նաեւ 2003-ի նախագահական
ընտրությունների 2-րդ փուլից առաջ, երբ քվեարկություն էր գնում՝ ում են տալու իրենց
ձայները ընտրողները՝ Ստեփան Դեմիրճյանի՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյանին: Ընդհանրապես, մենք
աշխատում ենք խուսափել նման քննարկումներ կազմակերպելուց, որովհետեւ դա կայքի վրա
էլ է անդրադառնում: Բնականաբար, 2003-ին էլ դա հատուկ էր արված, ինչը շատ վատ անդրադարձավ
մեր կայքի վրա, որովհետեւ հաքերների «օգնությամբ» հարցման արդյունքն այնպիսին էր
ստացվել, որ Ռ. Քոչարյանը հայտնվել էր 1-ին տեղում, եւ «Հայլուրն» անգամ իր ծրագրում
հրապարակեց այդ տվյալը»,- պատմեց Ս. Օհանջանյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել