Ոչ ոք չի ուզում ԶՈՒ բժիշկ դառնալ Բուհերում շարունակվում է դիմումների ընդունումը Այս օրերին Հանրապետական ընդունող հանձնաժողովը (ՀԸՀ) կոորդինացնում է նախ բուհական ընդունող հանձնաժողովների աշխատանքը, ինչպես նաեւ՝ իրականացնում է 16 տարին չլրացած դիմորդների ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումն ու ուսումնասիրում սոցիալապես անապահով դիմորդների՝ քննությունների համար նախատեսվող 1500-ական դրամ վճարներից ազատման խնդիրները: Միաժամանակ քննարկվում են արտոնություններ ունեցող դիմորդների հարցերը: ՀԸՀ պատասխանատու քարտուղար Վաղարշակ Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ամեն տարի ունենում ենք մոտ 100-150 դիմորդ, ովքեր դպրոց են գնացել 6 տարեկանից եւ որոնց 16 տարին չի լրացել, հետեւաբար անձնագիր չունեն, եւ ընդունելության քննությունների հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթեր պատրաստել: Ըստ ընդունելության քննությունների կանոնակարգի, արտոնությունները հետեւյալ կարգի են: Քննություններից ամբողջապես ազատվում են միայն միջազգային եւ համաշխարհային օլիմպիադաների մրցանակակիրները: Հավասար միավորներ ունենալու դեպքում առավելություն կտրվի 1-ին, 2-րդ խմբի եւ մանկուց մինչեւ 18 տարեկան հաշմանդամներին, զոհված զինծառայողների երեխաներին եւ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակ հաշմանդամ դարձած, ինչպես նաեւ մինչեւ 23 տարեկան առանց ծնողական խնամքի մնացած անձանց: Սույն արտոնությունից կօգտվի նաեւ Հանրապետական օլիմպիադաների 1-ին կարգի մրցանակակիրը: Սոցիալապես անապահով խավը նման արտոնությունից չի օգտվի. նրանք միայն կարող են ազատվել քննությունների համար մուծվող գումարից՝ ներկայացնելով «փարոսի թուղթ» կամ, եթե ընտանիքը նաեւ բազմանդամ է՝ այդ մասին վկայող փաստաթղթեր: Այս վերջին «արտոնությունից» կօգտվեն նաեւ նախորդ խմբի անձինք, բացի օլիմպիադայի մրցանակակիրներից: Այս գործերի ընդունելության ավարտից հետո ՀԸՀ-ն կզբաղվի քննական սենյակների եւ այլ կազմակերպչական հարցերով: Վերջին օրերի ՀԸՀ ամփոփիչ տվյալների համաձայն, շարունակում է մեծ մնալ ԵՊՀ կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, հայոց լեզու եւ գրականություն, անգլերեն լեզու, տեսական տնտեսագիտություն ֆակուլտետների դիմորդների թիվը: Ընդ որում, հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությունն ընտրած դիմորդների մեջ արդեն կան 4 բանակից զորացրվածներ: Այս կատեգորիայից 2 դիմորդ ընտրել են մանկավարժականի տարրական կրթության մանկավարժություն մասնագիտությունը (ի դեպ, այստեղ 22 պետպատվերով տեղի համար արդեն կա 220-ից ավելի դիմորդ): Հուլիսի 9-ի դրությամբ, զարմանալիորեն, ոչ մի դիմորդ չկա Երեւանի պետական բժշկական համալսարանի բուժական գործ զինված ուժերում մասնագիտության համար: Դիմորդների մեծ թիվ է նկատվում նաեւ ճարտարագիտականի կոմպյուտերային համակարգեր եւ ինֆորմատիկա (92 պպ տեղի համար՝ 156 դիմորդ) եւ տնտեսագիտական ինստիտուտի բնօգտագործման տնտեսագիտություն (83-218) մասնագիտությունների գծով: Վաղը կներկայացնենք թարմ տվայլներ դիմում-հայտերի մրցույթի մասին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ