Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՒԼԱՅԻՆ»՝

Հուլիս 12,2005 00:00

«ՓՈՒԼԱՅԻՆ»՝ ԳՈՒՄԱՐԱԾ ՀԱՆՐԱՔՎԵ «Պրահայի գործընթացը» կարող է հանգուցալուծվել Հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննը, Բեռնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը տարածաշրջանային այցի շրջանակներում երկօրյա այցով գտնվում են Բաքվում: Երեկ նրանք փակ դռների ետեւում ԼՂ հակամարտության կարգավորման հարցը քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հիշեցնենք, որ անցած շաբաթավերջին Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները օգոստոսի 26-ին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների քննարկմանը կներկայացնեն «Պրահայի գործընթացի» բանակցությունների ընթացքում ստեղծված փաստաթուղթ, որի մանրամասները, սակայն, չէր ներկայացրել: Ադրբեջանական մամուլում երեկ պնդումներ կային, թե Կազանում երկու երկրների նախագահներին ներկայացվելու է «պրահյան գործընթացի» շրջանակներում մշակված նոր փաստաթուղթ: Ի դեպ, Կազանում օգոստոսի 26-ին կայանալիք Քոչարյան-Ալիեւ հանդիպումից կոնկրետ ակնկալիքները մեծ են, եւ դրա պատճառը, հավանաբար, այն է, որ ըստ տարբեր աղբյուրների, Կազանում կարող է վերջնականապես ուրվագծվել հակամարտության կարգավորման համաձայնագրի վերջնական բովանդակությունը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, այդ հանդիպումը միջազգային փորձագետները համեմատում են 2001-ին ՔԻ Ուեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ, որոնք շատ մոտ էին հակամարտության վերջնական կարգավորման մասին համաձայնության հասնելու իմաստով: «Այժմ կարող է քիուեսթյան մի փուլ սկսվել Կազանում, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, միջնորդների եւ ԱԳ նախարարների ակնարկների համաձայն, քննարկելու են ԼՂ հակամարտության լուծման համաձայնագրի տեքստը»,- երեկ փոխանցեց «Ազատություն» ռ/կ-ն՝ մանրամասնելով այդ տեքստի մոտավոր բովանդակությունը: Վկայակոչելով բանակցային գործընթացին քաջատեղյակ իր աղբյուրներին՝ «Ազատությունը» ընդգծում է, որ «բանակցությունների ընթացքում շատ հարցեր արդեն համաձայնեցվել են եւ կողմերն արդեն աշխատում են համաձայնագրի տեքստում մնացած վերջին մի քանի տարաձայնությունները հարթելու ուղղությամբ»: Ըստ այդմ, կարգավորման հիմնական առանցքը ժողովրդական հանրաքվեն է լինելու. «ԼՂ ժողովրդին հնարավորություն է տրվելու որոշել Ղարաբաղի ապագա կարգավիճակը՝ հանրաքվեի միջոցով, որն անց է կացվելու 10-15 տարվա ժամկետում»: Ընդ որում, խոսքը ոչ թե Ադրբեջանում եւ Ղարաբաղում անցկացվելիք հանրաքվեի մասին է, այլ միմիայն Ղարաբաղում, որի ժամանակ ղարաբաղցիները որոշելու են իրենց կարգավիճակը՝ միանալ Հայաստանին, մնալ Ադրբեջանի կազմում, կամ՝ դառնալ անխակ (ի դեպ, Լաչինը նույնպես մնում է ԼՂ վերահսկողության տակ): Այդ հանրաքվեն անցկացնելու հնարավորության դիմաց հայկական կողմը Ադրբեջանին է վերադարձնում ԼՂ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող, այսպես կոչված, «գրավյալ» 5 շրջան: Մինչեւ հանրաքվեի անցկացումը՝ Ադրբեջանն, ըստ էության, ճանաչում է ԼՂ դե ֆակտո կարգավիճակը՝ ԼՂ ինքնորոշման իրավունքը: Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, ապա, ռադիոկայանի աղբյուրների ասելով, հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր են տեղակայվելու, եւ այդ հարցը նույնպես գրեթե լուծված է: Նկատի ունենալով, որ մինչ այս Ադրբեջանը դեմ էր խաղաղապահ ուժերում ռուս զինվորների, իսկ Հայաստանը՝ թուրքական ուժերի տեղակայմանը, գտնվել է այլընտրանքային տարբերակ. միջազգային խաղաղապահ ուժեր տրամադրող երկրները չպետք է լինեն ԵԱՀԿ ՄԽ անդամ եւ հարեւան երկրներ, ինչը նշանակում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան չեն մասնակցի այդ առաքելությանը: Աղբյուրի մատուցմամբ, «այսպես կոչված՝ «փուլափաթեթային ձեւաչափով» լուծման այս տարբերակը ներառում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների, մասնավորապես՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցը: Համաձայնագրի ստորագրման պահից Թուրքիան բացում է իր սահմանը Հայաստանի հետ: Բացի այդ, Ադրբեջանը եւս ապաշրջափակում է հաղորդակցական ուղիները»: Բանակցությունների ընթացքում լուծում չի ստացել Քելբաջարի հարցը: Հայկական կողմը այդ տարածքի վերադարձի հարցը կապում է ԼՂ-ում հանրաքվեի անցկացման հետ: Ադրբեջանցիները հակված են այդ տարածքը 5-ի հետ միասին ետ ստանալ համաձայնագրի ստորագրումից հետո: Դեռ հունիսի սկզբին Սպիտակ տան մի բարձրաստիճան պաշտոնյա «Ազատություն» ռ/կ-ին փոխանցել է, որ ԼՂ խաղաղ կարգավորման ուղղությամբ շատ զգալի առաջընթաց է ձեռք բերվել: Նկատի ունենալով այդ փաստը՝ փորձագետները կարծիք են հայտնում, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել այս տարի կամ հաջորդ տարեսկզբին: Հայաստանում որոշ փորձագետներ, որոնք ԼՂ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության ամենախիստ ընդդիմախոսներն են, երեկ կարծիք հայտնեցին, թե այս տարբերակը 97-ին առաջարկվող «փուլայինն» է՝ դրան հավելած ԼՂ-ում հանրաքվեի անցկացման գաղափարը: Նրանք թեեւ խիստ թերահավատ են նման տարբերակը Ադրբեջանի կողմից ընդունվելու իմաստով, այդուհանդերձ, կարծիք հայտնեցին, որ այսպիսի տարբերակի ընդունումն իրենք լիովին ողջունելի են համարում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել