Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ ՈՐՈՇՎԵՑԻՆ

Հուլիս 12,2005 00:00

Բայց
արդյո՞ք Հայաստանի բռնցքամարտի առաջնությունում ամեն բան ճիշտ կատարվեց Կիրակի
օրը մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների
առաջնությունը: Մի քանի օր տեւած համառ պայքարից հետո, ըստ քաշային կարգերի, հանրապետության
չեմպիոն դարձան. 48 կգ՝ Տրդատ Կիրակոսյանը, 51՝ Վաչագան Ավագյանը, 54՝ Գաբրիել Տոլմաջյանը,
57՝ Էդգար Մանուկյանը, 60՝ Հրաչիկ Ջավախյանը, 64՝ Հրաչ Հովսեփյանը, 69՝ Սամվել Մաթեւոսյանը,
75՝ Անդրանիկ Հակոբյանը, 81՝ Վալերի Միքայելյանը, 91՝ Արտակ Մալումյանը, +91՝ Արսեն
Գալստյանը: Մրցումների ավարտին բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Ռաֆայել Մեհրաբյանն ասաց. «Հավաքականի տղաներն իրենց տեխնիկայով ու տակտիկայով ապացուցեցին,
որ արժանի են հանրապետության գլխավոր թիմում ընդգրկված լինելուն եւ մի գլուխ բարձր
գտնվեցին մրցակիցներից: Ճիշտ է, կային նաեւ թերություններ: Այսպիսի մրցումներում
գրեթե բոլորը միմյանց լավ ճանաչում են, ուստի հնարավոր չէ բոլոր ունակությունները
օգտագործել: Մյուս կողմից էլ դժգոհ եմ, որ արժանի մրցակիցներ չեղան՝ չնչին բացառություններով:
Մտահոգված եմ, որ երիտասարդ, աչքի ընկնող բռցքամարտիկների չտեսա: Պատկերացրեք, որ
արդեն կիսաեզրափակիչից ռինգում մնացել էին միայն հավաքականի անդամները: Թեեւ 64 կիլոգրամում
նոր չեմպիոն ունեցանք, սակայն այդ տղան, դառնալով հավաքականի անդամ, կարծում եմ,
չի կարող բավարարել իմ ներկայացրած պահանջները»: Պարոն Մեհրաբյանը, խոսելով առաջիկա
ծրագրերի մասին, նշեց, որ ինքը որոշ փոփոխություններ է կատարել: Մասնավորապես,
նախատեսված էր հուլիսի 19-ին մեկնել Սեւաստոպոլ՝ միջազգային մրցաշարի, սակայն հաշվի
առնելով, որ վերջին մեկուկես ամսում մարզիկներն արդեն չորրորդ ծանր մրցաշարն են անցկացնում,
որոշել է հրաժարվել այդ մեկից: «Հուլիսի 20-ից տղաները կսկսեն մարզվել տեղերում,-
ավելացրեց գլխավոր մարզիչը:- Օգոստոսի կեսերին վերականգնողական երկշաբաթյա հավաք
կանցկացնենք Ալուշտայում՝ Ուկրաինայի հավաքականի հետ, իսկ հիմնական աշխատանքը կսկսենք
սեպտեմբերի 1-ից Ծաղկաձորում, այնուհետեւ Երեւանում: Հոկտեմբերի 1-9-ը տղաների մի
մասը ստուգողական մրցամարտի կմեկնի Չեխիա, մյուս մասը՝ Հունաստան: Այնտեղ ի հայտ
եկած թերությունները կվերացնենք աշխարհի առաջնության նախապատրաստման վերջին ու վճռորոշ
փուլում ու աշխարհի առաջնության մեկնարկից մի վեց օր առաջ կմեկնենք Չինաստան, որպեսզի
հնարավոր լինի նորմալ կլիմայափոխություն անցնել»: Անդրադառնալով մրցավարությանը,
Ռ. Մեհրաբյանն ասաց. «Ընդհանուր առմամբ լավ էր, սխալներ համարյա չեղան: Բայց կուզեի,
որ մեր մրցավարները ավելի հստակ վարեին մարտերը, ավելի խիստ լինեին, քանի որ միջազգային
մրցումներում մարզիկի թույլ տված սխալները խիստ են պատժվում ու դրանից մենք շատ ենք
տուժում»: Սակայն մենք այս խնդրի մասին այլ տեսակետ ունենք: Գրեթե ամեն օր
լինում էին մարտեր, որոնց ավարտից հետո մարզիչները բացեիբաց դժգոհում էին թե ռինգի,
թե կողային մցավարներից: Իսկ եզրափակիչի օրը գերծանր քաշայիններ Արսեն Գալստյանի
եւ Սարգիս Զարգարյանի մենամարտը քիչ էր մնում ավարտվեր սկանդալով: Մասնագետները,
որոնց հետ հետեւում էի այդ մենամարտին, այն կարծիքն էին հայտնում, որ ռինգի մրցավար
Իգիթ Հարությունյանը պատրաստ չէ մարտը վարելուն: Երկրորդ ռաունդում հարվածների հերթական
փոխանակումների ժամանակ Սարգիս Զարգարյանի հարվածից հետո մրցակիցը հայտնվեց հատակին:
Մրցավարը բարձրացրեց բութ մատը եւ թվում էր, թե պատրաստվում է նոկդաուն արձանագրել:
Սակայն անսպասելիրեն մարտը դադարեցվեց ու հաղորդավար մրցավարն անմիջապես հայտարարեց,
թե Զարգարյանին որակազրկելու պատճառով հաղթանակը շնորհվում է մրցակցին: Ես մասնագետ
չեմ ու չեմ կարող որեւէ մեկնաբանություն անել: Ասեմ միայն, որ այստեղ իրար անցան
որակազրկված բռնցքամարտիկի թիմակիցները: Նրանք էլ պնդում էին, թե ամեն բան կատարվել
է թույլատրելիի սահմաններում: Եվ որպես ապացույց, բերեցին հանդիսականներից մեկի տեսանկարահանությունը,
որը «ոտքի վրա» դիտելով շատերը կարծիք հայտնեցին, թե հարկավոր է փոխել մրցավարների
որոշումը: Հետո հենց դահլիճում դիտեցին նաեւ Հանրային հեռուստատեսության օպերատորի
նկարահանածը: Այդ ընթացքում Սարգիս Զարգարյանի մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանը, որը ինչպես
հետո ինձ ասացին, ժամանակին մարզել է նաեւ Արսեն Գալստյանին, բողոքարկման հայտ ներկայացրեց
գլխավոր մրցավարին: Հինգ հոգուց բաղկացած մրցավարական հանձնաժողովից չորսը (մեկը
զարմանալիորեն անհետացել էր) տեսաժապավենը տարան ավելի հանգիստ պայմաններում դիտելու:
Այստեղ էլ կարծիքները բաժանվեցին: Բայց քանի որ երեք հոգի գտան, որ ճիշտ որոշում
է կայացվել, ամեն բան մնաց անփոփոխ: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել