Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալերգիայի դեմ սխալ բուժումնե՞ր են նշանակվում

Հուլիս 12,2005 00:00

Հանրապետության գլխավոր ալերգաբան, պրոֆեսոր Վարդան Ակունցը ալերգիկ հիվանդներին խորհուրդ չի տալիս ծովափ գնալ եւ հորմոններ օգտագործել:

«Մեր ղեկավարությամբ նոր ուսումնասիրություններ են կատարվում՝ ճշտելու հատկապես բրոնխեալ ասթմայով հիվանդների թիվը Հայաստանում: Չեմ ուզում համեմատել, սակայն Անգլիայում բյուջեից տարեկան հատկացվում է 3 մլն ֆունտ ստեռլինգ՝ այս կարգի հիվանդությունների բուժման համար»: Միայն ուսումնասիրություններից հետո կպարզվի, թե Հայաստանում ինչքան գումար կպահանջվի դրա համար:

200-ից ավելի աշխատությունների հեղինակ ակադեմիկոս Ակունցը Ալերգաբանական կենտրոնի ղեկավար է եւ իր ողջ բժշկական գործունեության ընթացքում գիտականորեն հիմնավորել է այն ամենը, ինչ վերաբերում է ալերգիային: Նրա կարծիքով, ալերգիկ բոլոր հիվանդություններն առաջանում են էկոլոգիայի խաթարման պատճառով:

Թեպետ ալերգիան համարվում է սովորական հիվանդություն, բուժման շատ եղանակներ բավականին թանկ արժեն: Հիվանդությունը խրոնիկական է եւ համարյա անբուժելի: «Մեր կոլեգաներից ոմանք հիվանդին խորհուրդ են տալիս ծովափնյա վայրեր, սակայն դա շատ վտանգավոր է: Ունեցել ենք բարդացման դեպքեր,- ասաց պրոֆեսոր Ակունցը:- Այս հիվանդներին խորհուրդ է տրվում համալիր բուժմիջոցառումներ անցնել Արզնիում եւ Հանքավանում: Հատկապես բրոնխեալ ասթմայի համար այնտեղ հատուկ բուժում է մշակված: Մեր Արզնին իր բնակլիմայական պայմաններով չի զիջում աշխարհահռչակ Դավոսին, Հանքավանը ծովի մակերեւույթից բարձր է 1995մ, որը համարվում է հիպոալերգիկ գոտի: Այստեղ հիվանդներն իրենց շատ լավ են զգում»:

Գլխավոր ալերգաբանը գտնում է նաեւ, որ հիվանդին չի կարելի նշանակել մեծ քանակի հակաբորբոքային եւ այլ պրեպարատներ, ինչպես շատ հաճախ արվում է մեզ մոտ: Ըստ պրոֆեսորի, մեզ մոտ այդ հիվանդության դեմ լայնորեն կիրառվում են հորմոններ: Սակայն առատորեն նշանակված հորմոնները բացասական հետք են թողնում հատկապես մանկահասակների առողջության վրա: Դա թույլատրելի է ծայրահեղ դեպքում, երբ կյանքին վտանգ է սպառնում:

Պրոֆեսորը կտրականապես դեմ է այսօր շատ տարածված հիվանդությունն անվանել երեւանյան. «Դա ծովի ավազանում հաճախ հանդիպող հիվանդություն է, որ հավանաբար առաջացել է բնակլիմայական պայմանների փոփոխությունից: Որոշ ռուս վայ-գիտնականներ «գյուտ» արեցին՝ այդ պերիոդիկ հիվանդությունն անվանելով հայկական: Պատճառը հավանաբար Մոսկվայում՝ որպես բուժման համար ամենաէֆեկտիվ վայրում գրանցված հայ հիվանդների մեծ քանակն էր»,- հայտնեց ակադեմիկոսը:

ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել