Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ ԵՎ ՍԵՐ

Հուլիս 12,2005 00:00

Տուրիստական բիզնեսը Հայաստանում իր առաջին քայլերն է անում

Հայաստանն իր տեսարժան վայրերով ամենեւին էլ չի զիջում մնացած աշխարհին: Մի կողմ թողնելով ծովափնյա զբոսաշրջությունը, քանի որ մենք ծով ունեցողների հետ չենք կարող մրցակցել, կարելի է վստահաբար ասել, որ զբոսաշրջության մնացած ոլորտներում մենք միանգամայն մրցունակ ենք՝ թե՛ բնության գեղեցկությամբ եւ թե՛ մշակութային հուշարձանների որակով: Մեզ պակասում են. ա/ լավ հյուրանոցները Երեւանից դուրս, բ/ լավ ճանապարհները, գ/ միջազգային մակարդակով նորմալ գովազդը, դ/ տուրիստական ինդուստրիայի համար անհրաժեշտ այլ բաղադրիչներ:

Այդ ուղղությամբ առաջին քայլերն արվում են: Նման «քայլերից» է Դեբեդի ափին գտնվող Թուֆենկյանի «Ձորագետ ավան» հյուրանոցը, որը Վանաձորի եւ Ալավերդու գրեթե կեսճանապարհին է: (Երեւանից գալուց պետք է անցնես երկրորդ, ի դեպ, քարուքանդ թունելով): Հյուրանոցի թե՛ արտաքին եւ թե՛ ներքին հարդարանքը բարձր ճաշակով է արված. լավ գաղափար էր, իմ կարծիքով, ավանդական բազալտն օգտագործել նաեւ ներքին հարդարանքում: Փայտի, կուժերի, փորագրված տառերի եւ հանրահայտ գորգերի հետ դա շատ լավ է նայվում: Խոհանոցն այստեղ բազմազան է եւ բարձրակարգ (զգացվում է սփյուռքահայի ձեռքը), մատուցողներն ու ամբողջ անձնակազմը՝ հյուրընկալ եւ պատրաստակամ: Ի տարբերություն, օրինակ, Սեւանի ափին գտնվող «Հարսնաքարի», որտեղ սկսած reception-ից, սպասարկող անձնակազմն ամենուրեք քեզ ընդունում է «քթով-մռթով», ճաշարանի մատուցող տղաները դժկամությամբ եւ «մուննաթով» մատուցում են ոչ բարձր որակի կերակուրներ, իսկ երեկոյան ընթրիքի ժամանակ ստիպված ես լսել «ռաբիս» երաժշտություն: Գուցե դա բացատրվում է սեւանցիների եւ լոռեցիների բնավորությունների տարբերությամբ՝ վերջիններս, ասում են, ի ծնե ավելի բարեհամբույր են եւ փափուկ: Բայց հիմնական պատճառը, կարծում եմ, Սեւանի դեպքում «թրեյնինգի» բացակայությունն է. Թուֆենկյանի հյուրանոցների անձնակազմը հատուկ պատրաստություն է անցնում՝ ինչպես մոտենալ հաճախորդին, ինչպես ժպտալ, ինչպես մատուցել եւ այլն: Իսկ դա, համաձայնեք, տուրիստական բիզնեսի համար շատ կարեւոր է:

«Ձորագետ» հյուրանոցը նույնպես իր թերություններն ուներ: Մենք ապրել ենք ամենաէժան համարում, որն արժեր 33 հազար դրամ՝ մեկ գիշերվա համար՝ գումարած նախաճաշ, անվճար մարզասրահ եւ լողավազան: Համաշխարհային մասշտաբով դա էժան է, Հայաստանի (եւ անձամբ իմ) համար՝ բավականին թանկ: Այդ գումարի դիմաց, կարծում եմ, ես կարող եմ ակնկալել սենյակում ունենալ սառնարան եւ կոնդիցիոներ: Առաջինն իսպառ բացակայում էր, երկրորդը՝ որ կողմը պտտեցնես եւ ինչ կոճակ սեղմես, ցույց էր տալիս 27,5 աստիճան: Աշխատակիցներն այս հարցում ինձ օգտակար չեղան՝ ասելով, թե «էլեկտրիկ չկա»:

Ինչպե՞ս կարելի է զարգացնել այդ հյուրանոցի եւ, հետեւաբար, նաեւ տարածաշրջանի տուրիստական բիզնեսը: Հավանաբար, հնարավոր է հենց «Ձորագետից» կազմակերպել շրջագայություններ դեպի տեսարժան վայրեր: Իսկ դրանք քիչ չեն: Նախ եւ առաջ, իհարկե, Սանահինը եւ Հաղպատը: Մի բան է, երբ դու ապրում ես երեւանյան որեւէ հյուրանոցում եւ այդ հուշարձանները տեսնելու համար ծախսում ես ընդհանուր առմամբ 7 ժամ՝ միայն գնալ-գալու վրա: Մեկ այլ բան է նույն տեղերը 2 ժամում գնալ-գալը: Իհարկե, ճարտարապետական այս գլուխգործոցները արժանի են, որ դեպի իրենց բերող ճանապարհները լինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող, ինչը, մեղմ ասած, այդպես չէ: Չեմ կարծում նաեւ, որ այդ հուշարձաններն ըստ արժանվույն գովազդվում են ինտերնետով եւ արբանյակային հեռուստատեսությամբ: Չնայած՝ մեր եղած պահին Հաղպատ էր եկել ճապոնացիներով լիքը մի ավտոբուս: Մեկ այլ ուղղություն կարող է լինել Դսեղը, քանի որ «Ձորագետում» հանգստացողների զգալի մասը սփյուռքահայեր են, իսկ Հովհաննես Թումանյանը ցանկացած սփյուռքահայի համար, ինչպես ասում են, «բռենդ» է: Ի դեպ, ճանապարհը մինչեւ Դսեղի Թումանյանի տուն-թանգարան ամբողջությամբ վերանորոգված է՝ Ռ. Քոչարյանի իրականացված նախընտրական խոստումներից է:

Վերջապես, հյուրանոցից շատ մոտ է գտնվում Քոբայրը՝ 13-րդ դարի կիսաքանդ եկեղեցին՝ «Վերջին ընթրիքը» պատկերող անզուգական եւ լավ պահպանված որմնանկարներով: Սակայն այս մի հուշարձանը անտերության է մատնված, եւ երբ փորձեցինք մտնել մատուռներից մեկը, կենդանի շունչ զգացինք՝ պարզվեց, կովեր են: Հարց է առաջանում. ինչո՞ւ ռուսաստաններում (կամ, թեկուզ, այստեղ) փող սարքած մեր հայրենակիցները գերադասում են նոր եկեղեցիներ կառուցել, ոչ թե վերանորոգել հները: Ինչո՞ւ են կարծում, որ դա իրենց ավելի մեծ փառք է բերում:

Այդ գոմը տեսնելիս ես մտածեցի, որ բացի տուրիզմի մեջ ներդրումներ անելուց եւ աշխատանքի առաջատար տեխնոլոգիաներ մշակելուց, պետք է նաեւ (չզարմանաք) սեր ունենալ: Վերջին 15 տարում «ազգային» եւ «հայրենասիրություն» բառերն այնքան շատ են պատեհ եւ անպատեհ արտաբերվել, որ հաճախ բացասական էմոցիաներ են առաջացնում: Բայց ինչպե՞ս անել, որ, օրինակ, այսօրվա 12-14 տարեկանները կապվեն իրական ազգային արժեքներին, որ բացի Էմինեմից ու «50cent»-ից, սիրեն նաեւ Սանահինն ու Հաղպատը, մեր փոքր երկրի հողը, ծառերը, թփերը, ժայռերը, ընդ որում՝ իսկապես սիրեն, ոչ թե ձեւեր թափեն մեծերի պարտադրանքով՝ ա՛յ դա, իհարկե, խնդիր է: Բայց մինչեւ մենք մերը չսիրենք, ոչ ոք չի սիրի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել