Եվ Ա. Մանուչարյանը նորից քննադատում է Շաբաթ
օրը հայտարարվեց, որ 12-րդ խաղաղապահ գումարտակի 46 հոգանոց ստորաբաժանումը մեկնեց
Իրաք՝ փոխարինելու գործընկերներին: Հիշեցնենք, որ հայ խաղաղապահների առաջին գումարտակն
Իրաքում է հունվարի 18-ից՝ լեհական դիվիզիայի կազմում, վեց ամիս ժամանակով: Իրաքում
ծառայող հայ խաղաղապահների առաջին հերթափոխը՝ 46 հոգանոց զորամիավորումը, հայրենիք
կվերադառնա հուլիսի 16-21-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ պաշտոնական տեղեկատվության,
երկրորդ հերթափոխը եւս հումանիտար աջակցություն է նախատեսում: Խմբում ընդգրկված են
բժիշկներ, սակրավորներ ու վարորդներ: Հայտնի քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը
հայկական զինված ուժերի ստորաբաժանումները Իրաք ուղարկելու ամենաակտիվ ընդդիմախոսներից
էր: Առաջին գումարտակն Իրաք ուղարկելուց առաջ պարոն Մանուչարյանը հետեւյալ փաստարկներն
էր ներկայացնում. «ՀՀ-ն այդ պատերազմին սկզբնական շրջանում չի մասնակցել, եւ հիմա,
երբ այլ երկրներ դուրս են գալիս Իրաքից, երբ բոլորի համար ակնհայտ է, որ կոպիտ սխալներ
են թույլ տրվել, հանկարծ Հայաստանը հայտարարում է, որ ինքը մտնում է այդ գործընթացի
մեջ»: Ըստ նրա, մեր իշխանությունների այդ որոշումը կթուլացնի Հայաստանի դիրքերն իսլամական
ամենամյա կոնֆերանսներում: «Նախկինում նրանք դատապարտում էին հայերի ներկայությունը
ադրբեջանական հողերում, բայց կոնկրետ քայլերի չէին դիմում: Հիմա այլեւս այդպես չի
լինելու»,- հայտարարում էր Աշոտ Մանուչարյանը՝ կոչ անելով չմոռանալ արաբական աշխարհում
բնակվող բազմահազարանոց հայկական համայնքի գոյության մասին: Նաեւ՝ եղեռնից մազապուրծ
հայերին արաբական երկրների ցուցաբերած աջակցության մասին: Այժմ, երբ երկրորդ
գումարտակն է մեկնում Իրաք, արդյո՞ք պահպանվել են Աշոտ Մանուչարյանի մտավախությունները:
«Իրաք զորք ուղարկելը մեր հանրապետության դեմ գործած խոշորագույն հանցագործություններից
է եղել եւ մնում: Փառք Աստծո, որ այդ վտանգները չեն իրականացվել եւ Աստված տա, որ
չիրականացվեն: Բայց նա, ով այդ քայլին դիմել է՝ այս երկրի դեմ խոշորագույն հանցագործ
է: Աստված մի արասցե, եթե կատարվեց այն՝ ինչ Լոնդոնի մետրոյում կատարվեց, ինչ Նյու
Յորքում կատարվեց… Նա, ով ուղարկել է զորքը Իրաք՝ նախապատրաստել է այդ բոլորը:
Կլինեն, թե ոչ, եկեք աղոթենք, որ չլինեն»: Ն. Գ.Հ. Գ. Երեկ երեկոյան,
սակայն, հայտնի դարձավ, որ խաղաղապահների երկրորդ խումբը դեռեւս չի մեկնել Իրաք:
Տեղափոխող ինքնաթիռը չէր ժամանել Հայաստան: Ինչպես նշված է
Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանի
երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան
Ջոն Էվանսի տեղեկացմամբ, բազմազգ դիվիզիայի կազմում հայ խաղաղապահների՝ հուլիսի 10-ին
պլանավորված թռիչքն Իրաք չի իրականացվել «զուտ տեխնիկական պատճառներով»: «Ներկայումս
ՀՀ պաշտպանության նախարարության եւ ամերիկյան հրամանատարության կողմից աշխատանքներ
են տարվում հայ խաղաղապահների ուղեւորությունն Իրաք հուլիսի 13-ին կազմակերպելու
ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: