Օգնենք՝ ունենալու Դավիթի թանգարանը Օրերս լրացավ վաղամեռիկ բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի ծննդյան 34-ամյակը: 16 տարի առաջ կանգ առավ նրա սիրտը: Բժիշկներն անզոր եղան փրկել երիտասարդին: Ընթերցողը կհիշի Դավիթի ազգասիրական նախաձեռնությունները: Օրինակ, թե ինչպես էր 12 տարեկանում 1424 ստորագրություն հավաքել՝ պարզելու, թե քանի հայ է հայերեն ստորագրում: Կամ՝ 13 տարեկանում հավաքել էր Հովհաննես Շիրազին պատկանող մասունքները: Շիրազի մահվան տարելիցին առաջինը Դավիթն է դրել բանաստեղծի գրանիտե հուշաքար եւ իրենց բնակարանի մեկ սենյակը վերածել բանաստեղծի թանգարանի: 17 տարեկանում Դավիթը Հայաստանի պետական արխիվում ուսումնասիրում է հայ ազատագրական պայքարի գործիչների կյանքն ու գործունեությունը, հիմնադրում «Զորավար Անդրանիկ» ընկերությունը: 1988-ին Դավիթը ղարաբաղյան շարժման կիզակետում էր: 1989-ի հուլիսի 30-ին, ընդամենը 18 տարեկանում նա կնքեց իր մահկանացուն: Հետմահու տպագրվեց Դավիթի «Եթե արցունքը խոսել իմանար» գրքույկը: Ներկայումս մայրաքաղաքի թիվ 191 դպրոցը կրում է նրա անունը: Պատահական չի ասել նրա մասին Պերճ Զեյթունցյանը. «Այդ համակրելի ու բարեսիրտ երիտասարդը դեռեւս 87-ին կազմակերպել էր Զորավար Անդրանիկի մահվան 60-րդ տարելիցի հանդիսությունը: Իսկ այն ժամանակ դա պարզապես հանդգնություն էր՝ հայրենասիրական նման ցույցեր կազմակերպել, այն էլ բարձրաձայն, օրը ցերեկով, հազարավոր մարդկանց մասնակցությամբ: Զարմանալի էր, որ այս գործը ընկած է նրա նման յուրահատուկ հայրենասերի թույլ ուսերին»: Արդ «Առավոտ» թերթի միջոցով ցանկանում եմ կոչ անել գործարար հայորդիներին՝ սատար լինել ունենալու Դավիթ Հովսեփյանի թանգարանը՝ պատշաճ շենքում եւ պատշաճ մակարդակով: Մինչեւ հիմա էլ Դավիթին ճանաչողները այցելում են նրա ստեղծած թանգարան՝ խմբերով եւ անհատապես: Դրանք սովորական այցելություններ չեն, այլ ուխտագնացություններ: ԱՆՅԱ ՉՈԲԱՆՅԱՆ