Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԻԼԱՐԻ

Հուլիս 09,2005 00:00

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ Ինչպես ԱՄՆ սենատորը, այդպես էլ հայաստանցիները հնարավորություն ունեն օգտվելու դիմահարդարման բարիքներից: Հնդկական «Շահնազ Հերբըլզ» բուժող եւ գեղահարդարանքի միջազգային ընկերությունը, որն այսօր ամենահայտնին է աշխարհում եւ որի արտադրանքի ամսական շրջանառությունը կազմում է 100 մլն դոլար, օրերս Հայաստանում բացեց իր մասնաճյուղը: Նշենք, որ հնդկական ընկերության արտադրանքը վաճառվում է աշխարհի մասշտաբով հեղինակավոր ու թանկ սրահներում՝ Լոնդոնի «Հարոց», Փարիզի «Գալերի լա Ֆայեն» եւ այլուր: Այսուհետեւ հայաստանցիները եւս հնարավորություն կունենան ձեռք բերելու դիմահարդարման էլիտար պարագաներ: Հանդիպեցինք նորաբաց «Էկո» կենտրոնի տնօրեն, «Շահնազ Հերբըլզի» հայաստանյան ներկայացուցիչ Զառա Ակունցին: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ինքը սովորել է հնդկական ավանդական բժշկություն՝ այուրվեդա (գիտություն կյանքի մասին), թագավորական ծագում ունեցող հնդիկ արքայադուստր Շահնազ Հուսեինի մոտ: Ներկայացնելով վերջինիս, Զ. Ակունցը նշեց, որ մոտ 80-ամյա հնդկուհին գեղահարդարանքի ոլորտում «հեղափոխություն» է արել. «Նա չի օգտվում ոչ մի քիմիական նյութից: Ինչպես ինքն է ասում՝ մենք օգտագործում ենք բնական նյութեր, որոնք Աստծո ստեղծածն են: Այն, ինչ ստեղծել է մարդ արարածը, չունի Աստծո բուժիչ ուժը: Բուժական գեղահարդարանքում (դիմահարդարում) հնդկուհին օգտվում է միայն թանկարժեք մետաղներից՝ ոսկի, արծաթ, քարերից՝ ադամանդ, զմրուխտ եւ այլն, հանքային ջրերից, մի խոսքով այն ամենից, ինչը գոյություն ունի բնության մեջ: Այսինքն դրանց փոշին համեմելով այլ բնական նյութերի հետ՝ ստանում է անհրաժեշտ երիտասարդացնող միջոցները»: Զ. Ակունցը ասաց, որ Շ. Հուսեինի ծառայություններից օգտվում են ամենավճարունակներն ու քմահաճները, օրինակ՝ Անգլիայի թագավորական ընտանիքի անդամները, Բիլ Քլինթոնի կինը, հոլիվուդյան աստղերը եւ այլք. «Պետք է տեսնել, թե ընդամենը մեկ պրոցեդուրան ինչ շշմեցնող արդյունք է տալիս: Յուրաքանչյուր կին, ինչու չէ՝ տղամարդ, կարող է այս ճանապարհով պարզապես երիտասարդանալ ու գեղեցկանալ»: Ակունցը նաեւ հայտնեց, որ «Շահնազ Հերբըլզ» ընկերության արտադրանքը Հնդկաստանում դեռեւս չի վաճառվում, որովհետեւ ամբողջովին արտահանվում է. «Առաջինը ես այդ թանկարժեք քարերից պատրաստված արտադրանքը բերեցի Հայաստան, ինձնից հետո միայն Հիլարի Քլինթոնը այն տարավ Ամերիկա»: Հետաքրքրվեցինք, թե ի՞նչ արժեն գեղեցկության կենտրոնի ծառայությունները. արդյո՞ք դրանք թանկ հաճույք չեն: «Բոլորովին: Մեր կենտրոնի ծառայությունների գները հնարավորինս հարմարեցված են հայաստանյան պայմաններին: Կան պրոցեդուրաներ, որոնք արժեն 1000, 15 կամ 20 հազար դրամ, բնականաբար՝ ելնելով օգտագործվող թանկարժեք նյութերի արժեքից»: Հետաքրքրվեցինք նաեւ, Հայաստանում ովքե՞ր են օգտվում իրենց ծառայություններից: «Առայժմ վերեւներից ընդամենը հետաքրքրվողներ կան, իսկ օգտվում են հիմնականում Հայաստանում տարբեր երկրների դեսպանատների աշխատակիցներ, եւ, որ շատ հետաքրքրական է, հաճախում են միջին ֆինանսական հնարավորություն ունեցող մարդիկ»,- ասաց մեր զրուցակիցը: Նա նաեւ տեղեկացրեց, որ հայաստանցի տղամարդիկ եւս հետ չեն մնում կանանցից: Իսկ հարցին՝ ինչպե՞ս է, որ դրսում թանկ գնահատվող բուժական-կոսմետիկ նյութերը հասու են միջին հնարավորությունների տեր մարդկանց, նա պատասխանեց. «Դա իմ խնդիրն է, հաստատ մատչելիությունը որակի հաշվին չէ: Բացի այդ, մենք ոչ միայն ներմուծում ենք Հնդկաստանից, այլեւ ինքներս ենք պատրաստում դրանք, քանի որ Շահնազ Հուսեինի «բաղադրատոմսերի» գաղտնիքները գիտենք»: Ի դեպ, Զ. Ակունցն էլ իր հերթին հնդկական այուրվեդա բժշկությունն ուսուցանում է իր աշակերտներին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել