ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԼԻՏՎԱՑԻՔԶԳՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԸ Շատ պարզ՝ երբ խելքներին փչի, կարող են գնել եվրոպական ցանկացած երկիր մեկնելու տոմս, նստել ինքնաթիռ ու, հայդե, Փարիզ: Կարող են եվրոպական ցանկացած երկրում աշխատել, ապրել եւ սիրահարվել: Նույնիսկ՝ առանց անձնագրի: Իսկ մյուս հարցերում լիտվացիք, իրենց ասելով, առայժմ այնքան էլ պարզ չեն զգում ԵՄ անդամ դառնալու «համը»: ԴԻՏՈՒՄ ԵՆ «ՄԱՍԱՆԴՐԱՆԵՐԸ»: ՆԱԽԿԻՆ ԼՐԱԳՐՈՂԸ՝ ՔԱՂԱՔԱՊԵՏ Վիլնյուսի քաղաքապետ Արթուրաս Զուոկասը վարչապետ Անդրանիկ Մարգարյանին հպարտությամբ ցույց է տալիս իր քաղաքի «Մասանդրաները»: Քաղաքապետարանի բարձունքից ծառերի մեջ թաղված քաղաքի պատկերը միայն տխուր հուշեր էր արթնացնում անծառ, անօդ, սրճարանախեղդ եւ բետոնապատված մեր Երեւանի մասին: Համեմատությունը բացարձակապես մեր օգտին չէր եւ նույնիսկ Վիլնյուսի քաղաքապետի՝ վարչապետին նվիրած հրեշտակի արձանիկը չէր կարող փարատել մեր «հայի նախանձը»: Վիլնյուսի քաղաքապետ Արթուրաս Զուոկասը եղել է բրիտանական մի հանդեսի հատուկ թղթակիցը Ղարաբաղում՝ պատերազմի տարիներին: Քաղաքապետը Վիլնյուսում ընտրվում է ազատ ընտրությունների արդյունքում ձեւավորված քաղաքի 51 հոգուց բաղկացած ավագանու կողմից: Ի դեպ, հանդիպումների արդյունքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եկավ այն եզրակացության, որ ճիշտ կլինի Վիլնյուսի քաղաքապետի ընտրության մոդելը տեղափոխել Երեւան: Վիլնյուսը 600 հազար բնակիչ ունի, գործազրկությունը քաղաքում մոտ 3 տոկոս է կազմում, ծավալված հսկայական շինարարական աշխատանքի պատճառով քաղաքում աշխատող ձեռքի պակաս կա: Սակայն, այստեղ «հյուսիսային պողոտա» են կառուցում ոչ թե հին եւ պատմական տների ու կառույցների հաշվին, այլ մեծացնում են քաղաքը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: Ծավալված շինարարության պատճառով այստեղ չի կտրվել ոչ մի ծառ, չի ավերվել պատմական ոչ մի կառույց: Քաղաքի կենտրոնում բնակարանների գները մեկ քառակուսի մետրի համար հասել են մոտ 1000 դոլարի, որը քաղաքապետին անհանգստացնում է, նա կասկածներ ունի, որ իր համաքաղաքացիները ի վիճակի կլինեն այդքան գումար վճարել: ԻՐԵՆՔ ՉԵՆ ՔԱՆԴՈՒՄ Վիլնյուսում պահպանվում են նույնիսկ ամենափոքրիկ ու ամենահին շինությունները, այստեղ պարզապես չէին հասկանում հին քաղաքը քանդելու, ծառերի հաշվին սրճարան կառուցելու մեր հայկական մենթալիտետը: Իրենք դողում էին նույնիսկ ամենաաննշան թվացող կառույցի համար. «Սա մեր պատմությունն է»,- բացատրում էին մեզ նման անհասկացող հայերին: Լիտվայի Սեյմասում /խորհրդարանում/ ոչ մետաղորսիչ կա, ոչ էր հատուկ ուժեղացված հսկողություն: Շենքի մուտքի մոտ Գարաժինան է, միջնադարյան այս ասպետուհի որը դիմավորում է խորհրդարան եկողներին իր զենք ու զրահով, իսկ ներսում՝ Լիտվայի առաջին եւ միակ թագավորի՝ Մինգուլկայի ու թագուհու՝ Մարտայի, հսկայական նկարները պարզապես գրավել են խորհրդարանի առաջին հարկի մի մեծ տարածք: Ամեն շաբաթ խորհրդարանի շենքի առաջին հարկում բացվում են ցուցահանդեսներ: Սեյմասն առաջին հայացքից նման է մեծ ֆիլհարմոնիայի եւ ոչ թե օրենսդիր մարմնի: ÈÆîì²òÆ Øºð ¶àðÌÀÜκðܺðÀ Լիտվական «TV-5»-ի եւ «Նյուզ-ռադիո»-ի աշխատակիցներ Դալիուս Նորկինոսն ու Ջուսիտա Մրսիտեն զարմանքից աչքերը խոշորացրին, երբ իրենց հարցրի՝ իշխանությունը ինչ-որ ձեւով փորձո՞ւմ է վերահսկել տեղական ԶԼՄ-ների աշխատանքը: «Եթե այդպիսի բան լինի, դա շատ մեծ սկանդալ կառաջացնի, ոչ ոք այստեղ թույլ չի տա, որ իրեն վերահսկեն կամ ինչ-որ բան թելադրեն»,- պատասխանեցին լիտվացի լրագրողները: Իմ գործընկերների զարմանքը կրկնապատկվեց, երբ իմացան, որ Հայաստանում 17 հեռուստաընկերություն կա եւ հարյուրից ավելի կուսակցություն: Իրենց մոտ ընդամենը չորս հեռուստաընկերություն կա եւ մոտ 30 կուսակցություն: Լրագրողի միջին աշխատավարձը մոտ 1000 դոլար է, ծերերի կենսաթոշակը՝ շուրջ 150 դոլար, միջին աշխատավարձը՝ մոտ 400: ԼԵՆԻՆՆԵՐԻ ՁԵՌՔԸ ԿՐԱԿՆ ԵՆ ԸՆԿԵԼ Վիլնյուսում վաղուց արդեն հավաքել են խորհրդային առաջնորդների արձանները: Դրանք գնել է լիտվացի մի մեծահարուստ եւ ցուցադրում է քաղաքից դուրս՝ որպես թանգարան՝ բաց երկնքի տակ: Գործից հոգնած վիլնյուսցիք երբեմն մեկնուն են լենինների եւ մյուս ընկերների վրա ծիծաղելու եւ հանգստանալու: Բոլոր զբոսաշրջիկներին այս «թանգարանը» ցույց են տալիս որպես օրինակ, թե ինչպե՞ս եւ ինչո՞ւ չի կարելի ապրել կոմունիստաբար: Սակայն վիլնյուսցիք առայժմ չեն կողմնորոշվել, թե ի՞նչ է սպասվում այս վերջին մոհիկաններին: Բանվորների այս խորհրդային արձանները դեռ թառած են քաղաքի կենտրոնները միացնող կամրջի գլխին: Ամբողջ քաղաքում միակ հուշը՝ խորհրդային ժամանակներից: ՌՈԲԵՐՏԱ Քաղաքի նեղլիկ փողոցներից մեկում տեսնելով «հայերեն» այս մակագրությունը գեղեցկության սրահի ճակատին, գործընկերներիցս մեկը կատակեց. «Քոչարյանը այստե՞ղ է վարսավիրանոց բացել»: ԺԱՄԱՑՈՒՅՑԻ ԾԱՌԸ Վիլնյուսի քաղաքապետարանում վաղուց գործում է «մեկ պատուհանի» սկզբունքը, մարդիկ իրենց հուզող հարցերով չեն դիմում այս կամ այն վարչության պետին կամ որեւէ այլ պաշտոնյայի: Նրանք ընդհանրապես պաշտոնյայի երես չեն տեսնում, չեն էլ ուզում տեսնել, քանի որ քաղաքապետարանի առաջին հարկում տեղադրված են համակարգիչներ, նստած են հատուկ աշխատողներ, որոնք լսում են դիմումատուներին, կարդում են նրանց բողոքները կամ՝ պահանջները եւ պատասխանում են կամ նույն պահին, կամ՝ հրավիրում են մեկ ուրիշ օր: Հիմնականում քաղաքացիների հարցերը լուծվում են: Համենայնդեպս, այն մարդիկ, ում հետ մենք զրուցեցինք, գոհ էին քաղաքապետարանի այս աշխատաոճից: Հիմա կասեք՝ իսկ ժամացույցի ծառն ի՞նչ կապ ունի այս ամենին, շատ պարզ՝ այն գտնվում է քաղաքապետարանի առաջին հարկում եւ ամբողջովին պատված է աշխատող եւ չաշխատող ժամացույցների մեխանիզմներով: Որոշների տկտկոցը նույնիսկ լսվում էր, քանի որ լիտվացիք մեզ նման չեն եւ բարձր խոսել չգիտեն: Քաղաքացիները հաճախ են գալիս քաղաքապետանի սրճարանում սուրճ խմելու եւ ժամացույցներին հետեւելու: Վարպետ Ջոնաս Բուգալիսկասիսը Անդրանիկ Մարգարյանին բացատրում է, թե փայտը որքան ձեւեր կարող է ընդունել: Անտառ կտրող մեր որոշ պաշտոնյաներ հիմա հաստատ քմծիծաղում են: Լուսանկարչական ռեպորտաժը՝ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ