ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Սկիզբը՝ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՄԵՐ Ես շնորհակալություն հայտնեցի Ջանսուղին, ու մենք շատ ջերմ խոսքեր ասացինք իրար, եւ երբ իրեն հիշեցրի, որ մտադիր եմ եւս մի քանի օր մնալ Թիֆլիսում, ինքն ասաց, որ եթե հանկարծ էդ օրերի ընթացքում որեւէ խնդիր ունենամ, անպայման զանգեմ իրեն, ու նաեւ խնդրեց, որ իր ջերմ բարեւները փոխանցեմ Վարդգես Համազասպովիչին, եւ ես խոստացա ոչ միայն իր ջերմ բարեւները հաղորդել, այլեւ Համազասպովիչին հաղորդել ու բացատրել, որ իմ էդ մրցանակի հարցում Եվտուշենկոյից բացի նաեւ իր՝ Ջանսուղի որոշակի դերակատարությունն է եղել, եւ երբ էդ բանն ասացի, Ջանսուղը հուզվեց ու հուզված ասաց, որ ինքը Եվտուշենկոյից ու բոլորից ավելի՛ է ուրախ մրցանակիս համար, ու մենք գրկախառնվեցինք՝ արդեն վերջնականապես հրաժեշտ տալով իրար: Ես Ռուսթավելիով երջանիկ ու անշտապ շարժվում էի դեպի «Իվերիա»՝ օդի մեջ ճոճելով երեւանյան արտադրության սեւ պայուսակս, որի վրա, չգիտես ինչու, սպիտակ ու խոշոր տառերով գրված էր adidas: Ես վերջնականապես ճողոպրել ու փրկվել էի զզվանքով ու ատելությամբ լեցուն հայացքներից, ու հիմարություն կլիներ էդ առթիվ չմտնել բեղավոր բիձուկի նկուղն ու իր գինին չըմբոշխնել, մանավանդ որ՝ օրգանիզմս արդեն վարժեցրել էի վրացական գինիներին եւ, կարելի է ասել, պահանջ է՛լ էի զգում, ու բեղավոր բիձուկի կիսամութ նկուղից վերստին լույսաշխարհ դուրս գալով՝ ես ոգեշնչված ու լիցքավորված մտա «Իվերիա», որի ադմինիստրատորն ինձ աներեւակայելի սիրալիրությամբ դիմավորեց, ու իր կողմից էդ սիրալիրությունն էնքան անսպասելի էր, որ ես սրտապնդվելով՝ իրեն խնդրեցի, որ եթե կարելի է, հինգերորդ հարկում ինձ սենյակ տա, եւ երբ նա սիրալիր հարցրեց՝ «ինչո՞ւ անպայման հինգերորդ հարկում. մենք ձեզ համար շատ ավելի լավ սենյակ ենք նախատեսել», ես իրեն ասացի՝ «հինգերորդ հարկի հետ կապված շատ թանկ հիշողություններ ունեմ», եւ ինքը սիրալիր ասաց. «Ձեզ համար ցանկացած հարկում տեղ կճարվի, ընկե՛ր լաուրեատ»: Ադմինիստրատորը հեռախոսով վրացերեն ինչ-որ կարգադրություններ արեց, հետո ինձ ասաց. «Բարձրացեք հինգերորդ հարկ, ձեր համարը 556-ն է: Ձեզ բարի հանգիստ եմ ցանկանում»: «Շնորհակալություն»,- ասացի ես ու մինչ աստիճաններով դանդաղ կհասնեի հինգերորդ հարկ, Սոֆիկոն արդեն համարս էր ավլում ու կարգի բերում: – Նախօրոք որ ինձ ասած լինեին, ես ձեր համարը վաղուց պատրաստած կլինեի,- ինձ տեսնելով՝ ասաց Սոֆիկոն: – Ոչինչ, Սոֆիկո՛, սարսափելի ոչինչ չկա,- ասացի ես: – Լավ էլ անունս հիշում եք,- ժպտաց Սոֆիկոն – Դուք ինձ չե՞ք հիշում,- հարցրի ես: – Ո՞նց չեմ հիշում. մի շաբաթ առաջ էլ էիք եկել, համար էիք ուզում: Հետո գնացիք ու չեկաք: – Լավ հիշողություն ունեք,- ասացի ես: – Դեռ էնքան չեմ պառավել, որ մի շաբաթ առաջ տեսածս մարդկանց չհիշեմ: – Հա, չեք պառավել. հեչ չեք փոխվել,- ասացի ես: – Էդ գրողներդ շատ տարօրինակ մարդիկ եք,- ասաց Սոֆիկոն.- մի շաբաթվա մեջ ի՞նչս պիտի փոխվեր: – Դուք որտեղի՞ց գիտեք, որ գրող եմ,- հարցրի ես: – Ադմինիստրատորը հեռախոսով ասաց: Իմ հարեւանն էլ էր գրող, ավելի ճիշտ՝ ինքը բանաստեղծ էր, ջահել-ջահել հոգեկանը խախտվեց, գժանոց ընկավ: Մինչեւ հիմի էնտեղ է: – Հա,- ասացի ես,- գրողների մեջ ամեն տեսակ մարդ էլ կա: – Մի բան ասեմ՝ հո չե՞ք նեղանա,- հարցրեց Սոֆիկոն: – Չեմ նեղանա, ասե՛ք,- ասացի ես: – Ձեր տեսքին նայելով՝ հեչ չես ասի, որ գրող եք: – Ձեր տեսած բոլոր գրողները շատ տեսքով ե՞ն,- հարցրի ես: – Տեսքի իմաստով չեմ ասում,- կարմրեց Սոֆիկոն,- երեւի միտքս ճիշտ չձեւակերպեցի: – Շատ էլ ճիշտ ձեւակերպեցիք,- ասացի ես.- ինձ էլի են ասել, որ գրողի տեսք չունեմ: – Երեւի նեղացաք, հա՞,- մեղավոր ժպտաց Սոֆիկոն: – Չէ,- ծիծաղեցի ես.- ինչի՞ պիտի նեղանամ: – Լավ է, որ նեղացկոտ չեք: Նեղացկոտ մարդկանց հեչ չեմ սիրում,- ասաց Սոֆիկոն: – Սոֆիկո՛, ես գնամ քաղաք՝ մի քիչ ման գամ,- ասացի ես՝ կոստյումս պայուսակիցս հանելով ու զգեստապահարանի կախիչից կախելով: – Հանգիստ կարող եք գնալ,- ասաց Սոֆիկոն:- Ձեր պայուսակն էլ կարող եք թողնել. իզուր հետներդ քարշ մի տվեք: – Պայուսակս թեթեւ է. հիմնական ծանրությունն էս կոստյումս էր,- ասացի ես: – Ուզում եմ ասեմ՝ էս մեր հյուրանոցում գողության դեպքերը բացառվում են,- ասաց Սոֆիկոն: – Գողության դեպք հեչ չի եղե՞լ,- հարցրի ես: – Որ հիշողությունս լարեմ, երեւի մի կամ, ամենաշատը, երկու գողության դեպք հիշեմ,- ասաց Սոֆիկոն:- Մի դեպքը շատ լավ եմ հիշում. ձեր Էրեւանից երկու ուսանող տղերք էին. էդպես ձեզ նման կոստյումները կախ էին տվել էդ պահարանի կախիչներից, համարի դուռը բաց էին թողել, ու գրպանների փողերը լրիվ թռցրել էին: – Կոստյումիս գրպաններում փող չկա,- ասացի ես: – Կոստյումի իմաստով էլ հանգիստ եղեք,- ասաց Սոֆիկոն: – Կոստյումիս իմաստով շատ հանգիստ եմ. էդ կոստյումն արդեն ինձ պետք չի,- ասացի ես: – Շատ հանաքչի եք երեւում,- ասաց Սոֆիկոն:- Երեսուն տարի տարբեր հյուրանոցներում եմ աշխատել, բայց անձամբ իմ հարկում մի կամ, ամենաշատը, երկու գողության դեպք պատահած լինի: – Ասում եք՝ երեսուն տարի հյուրանոցներում եք աշխատե՞լ,- զարմացած հարցրի ես: – Հա,- ասաց Սոֆիկոն,- զարմանալու ի՞նչ կա: – Ես ձեզ ամենաշատը երեսուն տարեկան կտայի,- ասացի ես: – Ասում եմ, չէ՞. գրողներդ տարօրինակություններ ունեք,- կարմրեց Սոֆիկոն: – Դե լավ, Սոֆիկո՛, ես իջնեմ քաղաք,- ասացի ես: – Գնացեք,- ասաց Սոֆիկոն:- Որ ուշ վերադառնաք, ու ես էստեղ չլինեմ, բանալին գիշերային հերթապահի մոտ կլինի: – Առայժմ,- ասացի ես ու լիֆտով իջա: – Ինչպե՞ս տեղավորվեցիք, ընկե՛ր գրող,- սիրալիր ժպտալով՝ հարցրեց ադմինիստրատորը: – Գերազանց,- ասացի ես:- Շատ շնորհակալ եմ: – Ձեզ պես մարդկանց միշտ պատրաստ ենք ծառայել,- դարձյալ ժպտաց ադմինիստրատորը: – Շնորհակալություն,- փորձեցի իր ժպիտին ժպիտով պատասխանել: – Ձեզ հաջողություն եմ ցանկանում,- ասաց նա: – Հաջողություն,- ասացի ես: Արդեն ժամը վեցին մոտ էր, ու ես հյուրանոցից դուրս գալով՝ մտա մետրո: Մտածում էի՝ երկաթուղային կայարան գնամ ու նախօրոք գնացքիս տոմսերը վերցնեմ: Կայարանի կանգառում մետրոյից դուրս եկա ու մոտեցա կայարանի տոմսարկղին: Իսկապես, շատ բարդ ու անբացատրելի երեւույթ է մարդ արարածը: Եթե նրան հյուրանոցում համար չեն տալիս, շատ է սրտնեղում, իսկ եթե տալիս են ու հետն էլ ասում են՝ «ընկեր գրող», առանձնապես չի ուրախանում: Ես իմ հանդեպ հատուկ վերաբերմունքից եւ իմ հանդեպ արհամարհանքից հավասարապես եմ նեղվում, այսինքն՝ ութսունմեկ թվականի հուլիսի քսանին, երբ մետրոյից դուրս եկա Թիֆլիսի երկաթուղային կայարան, սիրտս ահավոր նեղված էր, եւ եթե անձնագիրս ադմինիստրատորի մոտ ու կոստյումս էլ հյուրանոցի համարում թողած չլինեի, հենց էդ պահին կնստեի Թբիլիսի-Երեւան գնացքը, որն ահա-ահա շարժվելու էր, բայց քանի որ անձնագիրս ու կոստյումս հյուրանոցում էին, ես մոտեցա կայարանի տոմսարկղին եւ հաջորդ օրվա համար գնացքի տոմս վերցրի, որովհետեւ մեկից զգացի ու հասկացա, որ առանց Հրաչի, Եվտուշենկոյի, Տատյանաների ու մյուսների՝ ես Թիֆլիսում ու Վրաստանում որեւէ անելիք չունեմ, եւ, չնայած գրպաններս լիքն էին, սիրտս դափդատարկ ու անուրախ էր, չնայած, էլի եմ կրկնում, ջինսիս գրպանները լեփլեցուն էին, որովհետեւ Վրաստանի Գրողների միության տարեց հաշվապահը մրցանակիս հինգ հարյուր ռուբլին բացառապես հինգանոցներով էր տվել, ու ես, որպեսզի մասամբ էդ բեռից ազատվեմ, մտա կայարանի հուշանվերների խանութը, մի քանի տեսակի արծաթե մատանիներ առա ու վերջին մատանին առնելիս, հիշում եմ, Սոֆիկոյին նկատի ունեցա եւ հուշանվերների խանութից դուրս գալով՝ չգիտեի ուր գնամ, բայց կայարանի ճաշարանի մոտով անցնելիս խինկալու հոտն առա ու հասկանալով, որ ահավոր քաղցած եմ, մտա ճաշարան, քսան հատ խինկալի ու գարեջուր պատվիրեցի, եւ երբ ճաշարանի աշխատողը քսան հատ խինկալին ու գարեջուրը բերեց, ես, սկսելով ուտել, շուտով հասկացա, որ հազիվ տասը հատ ուտեմ, որովհետեւ ահավոր հոգնած էի, ու ոտքերս էլ ահա-ահա ծալվում էին, իսկ էդ ճաշարանում նստելու հարմարություն չկար, եւ մարդիկ ոտի վրա էին ուտում ու խմում, եւ, մինչ քսան խինկալուց տասը մի կերպ կուտեի, մտածելով, որ հնարավորություններս գերագնահատել եմ, դիմացս կանգնած աժդահա վրացին իր հիսուն հատ խինկալին արդեն կես էր գցել ու նույն ոգով շարունակում էր, եւ ես, հնարավորություններիս իրական սահմանը բացահայտելով, փասափուսես քաշեցի էդ, ուրեմն, ճաշարանից ու հիշելով, որ «Իվերիայի» իմ համարում հեռուստացույց կա, մետրոյով տխուր ու տրտում վերադարձա հյուրանոց եւ ողջ ճանապարհին փորձում էի ուրախանալ մրցանակովս, բայց ինչ-որ չէր ստացվում, եւ հետագայում ու առ էսօր էլ էդպես է, այսինքն՝ երբեւէ ինձ չի հաջողվել որեւէ մրցանակովս լիասիրտ ու լիաթոք ուրախանալ, եթե նույնիսկ էդ մրցանակի հետ փող էլ է եղել, որովհետեւ, Քութայիսի իմ էդ մրցանակից սկսած, իմ բոլոր մրցանակներն ավելի շատ այս կամ այն իրադրությանն ու դիպվածին են առնչվել, քան, ասենք, իմ գրածներին, եւ երբ հերթական որեւէ մրցանակիս առթիվ ինձ շնորհավորում են, ինձ թվում է՝ ձեռ են առնում, եւ երբ որեւէ նորմալ միջավայրում գրող կամ բանաստեղծ լինելս նշում ու շեշտում են, էլի մտածում եմ՝ ձեռ են առնում, ու էդպես մտածելով՝ ահավոր նեղսրտում եմ, ինչպես որ լուսահոգի հայրս էր նեղսրտում, երբ իրեն Նկարիչ Հակոբ էին ասում: Երբ մտա հյուրանոց, ադմինիստրատորն ինձ վերստին իր լայնահուն ժպիտի մեջ առավ ու բարեբախտաբար որեւէ բառ չասաց, եւ ես իր ժպիտից խուսանավելով ու փախչելով՝ ուզում էի հնարավորինս արագ ինձ լիֆտ գցել, որովհետեւ իր ժպիտը ոչինչ չասող էր, ավելի ճիշտ՝ ամեն ինչ ասող էր, իսկ ավելի ճիշտ՝ դա հենց էն ժպիտն էր, որին արժանանալու համար մարդիկ ողջ կյանքում իրենց կոտորելով կարիերա են անում, իրար տակ փորում ու իրար գլուխ են ուտում, ու ես հենց էդ ժպիտից փախչելով՝ ուզում էի հնարավորինս արագ ինձ լիֆտ գցել, բայց երբ լիֆտի դռները բացվեցին, ես հիշեցի, որ ադմինիստրատորին ասելու բան ունեմ ու վերադարձա եւ իրեն ասացի, որ վաղը երեկոյան մեկնելու եմ, եւ ինքը գունատվեց ու սփրթնեց, երեւի կարծելով, որ իրենց պայմաններից ու ընդունելությունից եմ դժգոհ, եւ երբ իրեն ասացի, որ Երեւանում անհետաձգելի գործեր ունեմ ու վաղվա գնացքով անպայման պիտի մեկնեմ, իր նախկին գույնը միանգամից վերականգնվեց, եւ իր ժպիտը վերստին ձեւավորվեց ու կայացավ, որովհետեւ էդ թվերին էդ երկրում գրողներից ու գրավոր խոսքից ահավոր էին վախենում ու զգուշանում, ու էդ ադմինիստրատորի ժպիտն իսկապես տհաճ էր, որովհետեւ ես զգում ու հասկանում էի, որ էդ ժպիտի ակունքը հենց վախն է, ու եթե ասեմ, որ ինձ խոժոռադեմ ու չժպտացող ադմինիստրատորներն են դուր գալիս, սուտ կլինի, այսինքն՝ ինձ համար հավասարապես տհաճ են ժպտացողներն ու չժպտացողները, ավելին՝ շատ դեպքերում ես կեղծ ժպտացողներին շատ ավելի վատ եմ վերաբերվում, քան, ասենք, ինձ արհամարհողներին, ու եթե հաճախ ինձ հաջողվում է արհամարհողների արհամարհանքը որեւէ կերպ շրջանցել ու չտեսնելու տալ, ապա կեղծ ժպտացողներին ու շողոքորթներին անպայման մի կծու կամ խոցող բան եմ ասում՝ էնքան կծու ու էնքան խոցող, որ ինձ ժպտացողն ու ինձ շողոքորթողն ապշահար աչքերիս է նայում, երեւի մտածելով, որ յանս տարել է: Այսինքն, ես մինչեւ հիմա էլ ինձ համար վերջնականապես չեմ պարզել, թե էս կյանքից ու էս մարդկանցից ուզածս ինչ է, ու երեւի քծնողներից ու շողոքորթներից մշտական սարսափս է պատճառը, որ մի քանի մանրմունր պաշտոններ զբաղեցնելուց հետո որոշեցի այլեւս որեւէ պաշտոն չզբաղեցնել, որովհետեւ երբ որեւէ չնչին պաշտոն ես ստանձնում, քծնողներդ ուղղակի երկրաչափական պրոգրեսիայով են բազմանում թե՛ հիմնարկիդ ներսում եւ թե՛, ուրեմն, դրսերում: Ու ես, «Իվերիայի» ադմինիստրատորի սարքովի ժպիտից վանվելով, վերջնականապես հասկացա, որ Թիֆլիսում ու Վրաստանում այլեւս անելիք չունեմ, մանավանդ որ՝ ինձ միանգամայն անկեղծ ժպտացող այն երեքն, ըստ ամենայնի, իրենց սպիտակ «Զրո վեցով» Վրաստանն արդեն կտրել-անցել էին, ու ես, իմ հինգերորդ հարկում լիֆտից դուրս գալով, հանկարծակի ու անսպասելի բախվեցի Սոֆիկոյի միանգամայն անկեղծ ժպիտին: – Հենց նոր հեռուստացույցով ձեզ էին ցույց տալիս,- ինձ միանգամայն անկեղծ ժպտալով՝ ասաց Սոֆիկոն: – Ի՞նչ հեռուստացույց,- զարմացա ես: – Մի քսան րոպե առաջ պրծավ,- ասաց Սոֆիկոն: – Ի՞նչը պրծավ: – Ասում եմ՝ հեռուստացույցով ձեզ ցույց տվին: – Երեւի կատակ եք անում,- ասացի ես ու անմիջապես հիշեցի, որ բանկետի ժամանակ Ջանսուղն ասաց, որ մեր եզրափակիչ երեկոյի տեսագրությունը վաղը ժամը յոթին Վրաստանի առաջին ալիքով ցուցադրելու են: – Ի՞նչ կատակ: Ինչ-որ բան էիք ռուսերեն արտասանում, ու ձեր արտասանությունից հետո ձեզ ահագին ծափ տվին,- ասաց Սոֆիկոն: – Ասում եք՝ արտասանո՞ւմ էի,- հարցրի ես: – Չեմ հասկանում՝ դուք հիմա էնտեղից չե՞ք գալիս,- զարմացավ Սոֆիկոն: – Չէ,- ասացի ես,- էդ երեկոն երեկ է տեղի ունեցել, ընդ որում՝ ոչ թե էստեղ, այլ՝ Քութայիսում: Էդ տեսագրությունն են ցույց տվել: – Ես ձեզ անմիջապես ճանաչեցի,- ասաց Սոֆիկոն: – Երկար տեւե՞ց,- հարցրի ես: – Հաստատ չեմ կարող ասել. ես ֆոյեում պիլեսոս էի անում, ու որ ձեզ ցույց տվին, էդ ժամանակ սկսեցի ուշադիր նայել,- ասաց Սոֆիկոն: – Իմ արտասանելուց հետո մի հատ չաղ վրացի բեմ բարձրացա՞վ,- հարցրի ես: – Ոնց որ՝ չէ: Ընդհակառակը, մի հատ նիհար ու շատ բոյով մարդ էր, բայց ոնց որ ռուս էր,- ասաց Սոֆիկոն: – Եվտուշենկոն է եղել,- ասացի ես: – Ես ֆոյեում պիլեսոս էի անում, ու հենց որ ձեզ ցույց տվին, անմիջապես ինձ գցեցի ձեր լյուքսն ու ձեր հեռուստացույցով շարունակեցի նայել, որովհետեւ էս մեր ֆոյեի հեռուստացույցը շատ վատն է: Երեւի էդ ընթացքում են ձեր ասած էդ չաղին ցույց տվել: – Երեւի,- ասացի ես: – Ես որ պիլեսոսս անջատեցի ու եկա ձեր լյուքսը, դրանից հետո մի գլուխ ձեզ ու էդ բոյով ռուսին էին ցույց տալիս: – Ուրեմն՝ Բախվային ցույց չեն տվել,- ասացի ես: – Ի՞նչ Բախվա,- հարցրեց Սոֆիկոն: – Բախվան իմ ասած վրացին է. իմ տարիքի տղա է, բայց՝ լրիվ քաչալ: – Չէ, ի՞նչ եմ ասում, վրացի կար. ամենավերջում հենց ի՛նքը վրացերեն խոսեց: Բեղավոր մարդ էր, չէ՞: – Ձեր ասածը երեւի Ջանսուղն է եղել,- ասացի ես: – Երեւի,- ասաց Սոֆիկոն,- համ էլ՝ էդ բեղավորը ձեզանից տարիքով շատ մեծ էր: – Մոռացել էի, որ ցույց են տալու,- ասացի ես:- Եթե հիշեի, կմնայի ու կնայեի: – Իհա՛րկե: Պատկերացնում եմ, թե ինչքան հետաքրքիր է, երբ մարդ ինքը իրեն հեռուստացույցով տեսնում է: Հետաքրքիր է, չէ՞: – Երեւի,- ասացի ես: Ես, իհարկե, երբեւէ հեռուստացույցով ինձ չէի տեսել, բայց էդ մասին Սոֆիկոյին չասացի, որովհետեւ նա արդեն ինձ միանգամայն լուրջ ու կարեւոր մարդ էր համարում: Հաջորդ առավոտ Սոֆիկոն ինձ իր տանձերը բերեց, եւ երբ փորձում էի հրաժարվել, ասաց, որ իրենց այգու տանձերն են, ու մահացու կվիրավորվի, եթե չփորձեմ: Ես հենց տեղում մի խոշոր ու ջրալի տանձ կերա, ու էդ տանձի համը ճիշտ եւ ճիշտ իմ ու Հրաչի կերած էն ամենաառաջին տանձերի համն էր: Ես հասկանում եմ, որ հանիրավի շատ ձգձգեցի իմ ու Սոֆիկոյի էս ամենավերջին հանդիպման պատմությունը, եւ ձգձգելուս պատճառներից մեկն էլ էն էր, որ ես, այնուամենայնիվ, մտքիս դրել էի ինձ ու ձեզ խաբել եւ ինձ ու ձեզ խաբելով՝ ասել ու գրել, թե Սոֆիկոյին հիշեցրի իմ ով լինելը, այսինքն՝ իրեն հիշեցրի իմ ու Հրաչի փողերի էն ձեր իմացած պատմությունը, բայց հիմա զգում եմ, որ չեմ կարող ու ձեռս էլ չի գնում էդքան գլոբալ ստեր բստրել, մանավանդ որ՝ իրականում ես ոչ միայն Սոֆիկոյին որեւէ բան չհիշեցրի, այլեւ չհիշեցի նույնիսկ, որ հրաժեշտի պահին իրեն պիտի նվիրեի հինգռուբլիանոց արծաթե էն մատանին, որ հենց իրեն նկատի ունենալով էի կայարանի նվերների խանութից առել: Բայց, մյուս կողմից էլ, իմ ու Սոֆիկոյի էդ ամենավերջին հանդիպման նկարագրությունն էսքան ձգձգելուս պատճառներից մեկն էլ էն է, որ ես ահա-ահա վերստին պիտի վերադառնամ բանակի իմ կյանքին ու յոթանասունչորսի դեկտեմբերի երկուսին եւ, յոթանասունչորսի դեկտեմբերի երկուսից սկսելով, շուտափույթ պիտի հասնեմ դույն թվականի դեկտեմբերի հինգին, այսինքն՝ պիտի մանրամասն անդրադառնամ Սահմանադրության օրը մեր նվագած «Պրաշչանիե սլավյանկիին» ու էդ օրվա մեր ցնծությանը ու, էս հանգամանքը շարունակաբար գիտակցելով, ես բնազդաբար ու հնարավորինս ձգձգեցի իմ ու Սոֆիկոյի էդ ամենավերջին հանդիպման նկարագրությունը, քանի որ էդ մեր հանդիպումը շարադրելիս՝ հընթացս զգում ու հասկանում էի, որ յոթանասունչորսի դեկտեմբերի հինգի ցնծությունն էսքան հեռվից հիշելով՝ չափազանց դժվար կլինի նկարագրել, ու ես չգիտեմ՝ ինչքանո՞վ ինձ կհաջողվի էդ օրվա մեր ցնծությունը փոխանցել ձեզ, ու մտավախություն ունեմ, որ պարզապես չի հաջողվի, որովհետեւ էս հետագա երեսուն տարիներիս ընթացքում վերջնականապես կորցրի կյանքի պարզ ու ցնծալի դրվագներով ուրախանալու ու ցնծալու ընդունակությունս: Երբ Բախվա Բուրչուլաձեն իր ֆլեյտայով ու ալտով գումարվեց մեր նվագախմբին, մենք նոր միայն գլխի ընկանք ու հասկացանք, որ, նախքան Բախվան, մեր նվագախումբը միանգամայն փուչ ու թերի էր: Դեկտեմբերի երկուսի երեկոյան մենք փոխգնդապետ Կարավանի միջամտությամբ մեր կազարմա գնալը եւս երեք գիշերով հետաձգեցինք՝ Շկարուպետային վերջնականապես համոզելով, որ մինչեւ դեկտեմբերի հինգը մենք օր ու գիշեր պիտի նվագենք ու պարապենք, որպեսզի հինգին մարշը կատարյալ լինի, եւ Շկարուպետան ոչ միայն համաձայնվեց, այլեւ նույն էդ իրիկուն մեզ համար ներքնակներ ու վերմակներ բերել տվեց, որ մենք մեր բեմի վրա մարդավարի քնելու ու հանգստանալու հնարավորություն ունենայինք: Մինչեւ դեկտեմբերի հինգը Կարավանն ինձ բացարձակ ազատություն էր տվել, ու ես տղերքի հետ ամբողջ օրը նվագում էի, ու էդ ամբողջ ժամանակ Մացոն էլ էր մեր կողքին, ու էդ մի քանի օրերին էլ մենք գերագույն ախորժակով ոչնչացրինք իր անզուգական տուշոնկան, տոմատով կարտոֆիլն ու արաղները, ու, նախքան էդ, Մացոյին մարդս հինգ ռուբլի էինք տվել, որպեսզի ապահովեր մեր էդ նախասահմանադրական օրերի «Պշենիչնիները»: Բախվայի հետ արդեն ախպերացել էինք, եւ մեր ու իր միջեւ միակ տարբերությունն էն էր, որ ինքը մեր հայերեն խոսակցությունները չէր հասկանում ու դրանից կարծես մի քիչ նեղվում էլ էր, բայց շատ շուտով ոչ միայն գիտակցեց ու հասկացավ, որ մեր ու իր միջեւ որեւէ գաղտնիք լինել չի կարող, այլեւ մի քանի օրից արդեն սկսեց մեզ հետ հայերեն հաղորդակցվելու փորձեր անել: Մենք հատկապես էդ առաջին օրերին անմնացորդ նվիրումով էինք պարապում եւ արդեն մեր նվագելուց հաճույք էինք ստանում, ու մտքիս մեջ շարունակ հետեւյալն էր. միթե էս է բանակ կոչվածը, որից բոլորս էդքան վախենում էինք: Մենք դեռեւս անհաղորդ էինք բանակային կյանքի ստորացուցիչ դրվագներին ու հանգամանքներին, ու եթե ասեմ, թե հետագայում առանձնապես հաղորդվեցինք դրանց, սուտ կլինի, ու վերստին սուտ կլինի, եթե ասեմ, որ ընդհանրապես չտեսանք ու չհասկացանք, թե ինչու են մարդիկ վախենում ու խուսափում բանակից, բայց էդ դժվարությունները մենք ընդամենն ուրիշների մաշկի վրա զգացինք ու տեսանք, որովհետեւ բախտը միանգամայն սրտանց էր ժպտացել բանակային երաժիշտներիս: Բանակային առաջին իսկ ստորացումից մեզ էլի Մացոն փրկեց, եւ երբ դեկտեմբերի երեքի առավոտյան զորամասի վարսավիրը մտավ ակումբ, որպեսզի խուզի մեր գլուխները, ուղղակի ապշեց՝ տեսնելով, որ վեցս էլ արդեն միանգամայն խուզված ենք, եւ դուք էլ երեւի էդ պրապորշչիկ վարսավիրից պակաս չզարմացաք, որովհետեւ մոռացել ու չեմ գրել, որ դեկտեմբերի երկուսի ցերեկն արդեն Մացոն նույն էդ վարսավիրի գործիքով վեցիս էլ քաչալացրել էր: Ինչ վերաբերում է Բախվային, նրան կարանտինում էին խուզել, ավելի ճիշտ՝ ոչ թե խուզել էին, այլ ընդամենը մաքրել էին ականջների վերեւներում դեռեւս պահպանված հատուկենտ մազերը, քանի որ Բախվան, չնայած ընդամենը քսաներկու տարեկան էր, արդեն հասցրել էր իսպառ մազաթափվել: Գլուխ քսանչորսերորդ