Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնօրենին պաշտոնանկ կանե՞ն

Հուլիս 09,2005 00:00

Տնօրենին պաշտոնանկ կանե՞ն Գյումրիի թիվ 32 դպրոցում լարված մթնոլորտ է Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են սկսվել Գյումրիի թիվ 32 միջնակարգ դպրոցում: Նախարարության գլխավոր մասնագետ, հատուկ այս նպատակով կազմված հանձնաժողովի նախագահ Սամվել Պեպանյանի պարզաբանմամբ, պատճառը նախարարությանը հասցեագրված բազում դիմում-բողոքներն են՝ թվով մոտ 20, որոնք բացառապես վերաբերում են դպրոցում տիրող լարված մթնոլորտին: «Անընդհատ դատեր, հաղթողներ-պարտվողներ, դատական կարգով վերականգնված, սակայն աշխատանքի չներկայացողներ կամ էլ կոնկրետ բողոքներ՝ ոտնահարվել է այս կամ այն ուսուցչի իրավունքը, նրան վիրավորել են միջանցքում եւ այլն, եւ այլն: Բնականաբար, մենք չենք կարող ուսումնասիրություններով պարզել, թե երեք ամիս առաջ այդինչ օրը միջանցքում ով ում ինչ է ասել: Մի կողմը պնդում է, որ իրեն վիրավորել են, տնօրենն էլ պնդում է, որ իր լեքսիկոնում այդպիսի բառեր գոյություն չունեն»,- ասում է հանձնաժովի նախագահը: Վերջինս անկողմնակալ գտնվելու համար թեեւ չշտապեց որեւէ գնահատական հայտնել, սակայն ակնհայտ էր, որ որոշակի հարցեր զարմացրել էին նաեւ նրան: Մասնավորապես այն, որ դպրոցի տնօրենը ավարտական քննության նախօրեին է հիշել, որ լրանում է մաթեմատիկայի ուսուցիչներից մեկի պայմանագրային ժամկետը՝ նրան զրկելով հանձնաժողովի անդամ լինելուց: «Լա՞վ է դասավանդել, թե՞ վատ, ծրագի՞ր է տապալել, գնահատական չի՞ դրել. այս հարցերը նախապես չեն քննարկվել: Եթե ուսուցիչը վատ էր աշխատել, կարելի էր դուրս շպրտել սահմանված կարգի համաձայն, բայց գալիս է մայիսի 25-ը, իր դասարանի ավարտական քննություններին մնացել է 2-3 օր, ու պարզվում է, որ հանձնաժողովի մեջ իր ազգանունը չկա: Դա ինչպե՞ս կարող է ընդունել նորմալ բանականության տեր անձնավորությունը»,- ասում է Սամվել Պեպանյանը: Ստուգումները դեռ շարունակվում են, արդյունքների հիման վրա կազմվելու է տեղեկանք, որը ներկայացվելու է Շիրակի մարզպետին: Իսկ կա՞ արդյոք տնօրենի պաշտոնանկության խնդիր: Ըստ կրթության նախարարության գլխավոր մասնագետի, կոնֆլիկտն արդեն իսկ ենթադրում է, որ հիմքերը կան: Բայց ամեն ինչ պարզ կդառնա փաստերի վերլուծությունից հետո: Ի դեպ, հիշյալ դպրոցի տնօրենը, որին հասցեագրված են ուսուցիչների բողոքները, մանկագիր Հակոբ Մուշն է: Վերջինս էլ իր հերթին շտապում էր մեզ համոզել, թե դրանք սովորական, ավանդական ստուգումներ են: Ն. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել