Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՅՍ

Հուլիս 09,2005 00:00

ԱՅՍ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ԿԻՐԹ ԵՆ ՈՒ ԲԱՐԵՏԵՍ ԵՊՀ-ում դիմորդների աննախադեպ թիվ է գրանցվել Հունիսի 15-ից սկսվել է 2005-ի դիմորդների հայտերի ընդունումը: Հուլիսի 7-ի տվյալներով Երեւանի պետական համալսարան էր դիմել 1900 դիմորդ: Այդ օրը ԵՊՀ-ի համար ռեկորդային է եղել: Ըստ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի տեղակալ Կամո Աթայանի, հուլիսի 7-ի դիմում-հայտերի թիվը հասել է 621-ի՝ «ընդ որում առանց որեւէ միջադեպի: Նման թիվ համալսարանի պատմության մեջ չի գրանցվել»: Ինչպես հայտնի է, այս տարի փոխվել է գնահատման կարգը՝ գնահատականներն այսուհետեւ չեն կլորացվելու: Այս փոփոխությունը, ըստ դիմորդների, ավելի շատ կապահովի հանձնաժողովի անաչառությունը: Մանուշակ Մուրադյանի աղջիկը դիմել է Երեւանի պետական բժշկական համալսարան, իսկ բարեկամուհին՝ ԵՊՀ. «Ընդհանուր առմամբ փաստաթղթերի ընդունման կարգից շատ գոհ եմ: Նման վերաբերմունքը նույնպես կարող է հուսադրող եւ ոգեւորող լինել դիմորդի համար: Գնահատականի չկլորացման գաղափարը ողջունելի է, քանի որ արդար քրտինքով վաստակած «0.25» միավորը կարող է օգնել դիմորդին»: Ըստ Կ. Աթայանի, այս տարվա դիմորդները բավականին կիրթ են, բարետես, «կուլտուրական»: Նա ասում է. «Մենք միշտ խնդրել եւ խնդրում ենք, որ ինչքան հնարավոր է ծնողներն այս գործընթացին քիչ միջամտեն»: Նա փաստեց, որ ավելի մեծ հոսք է նկատվում իրավաբանական, հայերեն բանասիրության, կիրառական մաթեմատիկայի, քաղաքագիտության եւ արեւելյան լեզուների բաժիններում: Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում արդեն 688 դիմորդ կա: Ի դեպ, այստեղ առավոտյան արդեն մեծ հերթ էր գոյացել, նույնիսկ դիմորդներին հերթագրել էին՝ ավելորդ քաշքշուկից խուսափելու համար: Ինչպես վերջին մի քանի տարում, այս տարի էլ ամենաշատը դիմել էին բուհի «Ֆինանսներ եւ վարկ» բաժին՝ 135 դիմորդ, ի տարբերություն «Ստանդարտացում եւ սերտիֆիկացում» բաժնի, որտեղ երեկվա դրությամբ դիմորդների թիվը 6-ից չէր անցնում: Այս համալսարան դիմած Գայանե Հովսեփյանը նշեց, որ չկլորացումը ավելի շատ ի վնաս դիմորդի կօգտագործվի: Գյուղատնտեսական ակադեմիայում դիմորդների հոսքը հիմնականում ակտիվանում է հայտերի ընդունման վերջին օրերին: Պատասխանատու քարտուղար Սարգիս Ավագյանի մեկնաբանմամբ՝ «շրջանավարտները գալիս են գործերը տալու այն ֆակուլտետներ, որտեղ քիչ դիմողներ կան»: Ակադեմիան այս տարի ունի 214 պետպատվերով տեղ, 393 վճարովի եւ 312 տեղ առանց տարկետման իրավունքի: Այս բուհում դիմորդները հիմնականում ընտրում են ագրոպարենային, հողաշինարարության, հողային կադաստր ֆակուլտետները: Այստեղի դիմորդները կարծում են, որ իրենց ամենաքիչն է սպառնում գնահատականների չկլորացումից սպասվող վտանգը: Ըստ նրանց, դա հիմնականում կազդի բանավոր քննությունների եւ ստեղծագործական մրցույթներին մասնակցողների վրա: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Արա Ավետիսյանին փոխանցեցինք դիմորդների մտահոգությունը: Նա նշեց միավորների չկլորացման դրական եւ բացասական կողմերը: «Դրական կողմն այն է, որ ճշգրիտ գնահատման հնարավորություն է ստեղծում, եւ կբացառվեն դեպքերը, երբ երեխան մի քիչ-մի քիչ մի քննությունից կորցնելով, արդյունքում կորցնում է ավելի շատ»: Ըստ փոխնախագահի, չկլորացման բացասական կողմը միայն տեխնիկական է. այս դեպքում կշատանան բողոքարկումները: «Սակայն ամեն դեպքում ճշգրիտ գնահատումն ավելի անհավանական է դարձնում բացթողումը, քան կլորացվածը»: Մեր դիտարկմանը, թե արդյոք տասնորդական կամ հարյուրերորդական միավորներով գնահատումը քննողին հնարավորություն չի՞ տա գնահատել ի վնաս դիմորդի, քանի որ հարյուրերորդական միավորների հետեւից ընկնելով ավելի է մեծանում սուբյեկտիվիզմի դրսեւորումը, տվյալ պահին գուցե ստուգողի անազնիվ հանած 0,25 միավորը փոքր թվա, բայց կստացվի, որ մի քիչ-մի քիչ կորցնելով արդյունքում կկորցնի ավելի շատ: Այս առթիվ պրն Ավետիսյանն ասում է. «Յուրաքանչյուր առարկայի քննությունն ունի իր գնահատման չափանիշները: Օրինակ՝ ֆիզիկայի ամենափոքր քայլը 0,25 է, մաթեմատիկայում՝ 0,5»: Իսկ ինչ վերաբերում է բանավոր քննություններին, ապա, ըստ նրա, այդ դեպքում 0,1-ի կարգի քայլ չկա: ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել