Կարելի՞ է արդյոք կաշառել պատգամավորին Կոռուպցիայի դեմ պայքարի լեհական փորձը Երեկ «Գոլդեն Թուլիփ Երեւան հոթելում» ավարտվեց «Ոչ՝ կոռուպցիային. Տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական վերահսկողություն» ծրագրի շրջանակներում հրավիրված երկօրյա սեմինարը: Կոռուպցիայի դեմ պայքարի լեհական փորձի մասին պատմեցին Վարշավայի համալսարանի սոցիոլոգիայի ինստիտուտի դասախոս Ցեզարի Տրուտկովսկին, Ստեֆան Բատորիի հիմնադրամի հակակոռուպցիոն ծրագրի հեղինակ Գրաժինա Կոպինսկան, Վարշավայի Պրահա Պուլուդնիե շրջանի խորհրդի նախագահի տեղակալ Ադամ Կվիատկովսկին: Դոկտոր Տրուտկովսկին ներկայացրեց «Կոռուպցիայի ընկալումը Լեհաստանում» ուսումնասիրության արդյունքները: Աղյուսակների տեսքով սեմինարի մասնակիցներին բաժանվեցին «Կոռուպցիոն դեպքերի բացահայտումը Լեհաստանում» (1993-2001թթ.), «Ինչ կարծիք ունեն Լեհաստանում կոռուպցիայի մասին: Սա ինչպիսի խնդիր է» հարցումները՝ կատարված 1991-2004թթ., «Անձնական ծանոթություն կաշառակերների հետ» գրաֆիկը: Ի դեպ, Լեհաստանում, ինչպես Հայաստանում, կոռուպցիոն ոլորտներ էին համարվում կուսակցությունները, դատախազությունն ու դատարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, ոստիկանությունը, կրթության, գիտության, բանկային համակարգերը: Ուշագրավ էր սոցիոլոգիայի դոկտորի ներկայացրած վիճակագրությունը: Հարցրել էին. «Հնարավո՞ր է Լեհաստանում կաշառք տալ խորհրդարանի անդամին՝ համապատասխան օրենք ընդունելու կամ փոխելու նպատակով»: 2004թ. «Իհարկե հնարավոր է» պատասխանը տվել էր հարցվածների 35%-ը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ հարցման մասնակիցների 22%-ն էր հակված եղել մտածել այդպես: «Կաշառք տալու համար պետք է սահմանել չափազանց խիստ պատիժ» պատասխանը տված քաղաքացիների 71%-ը կողմ էր, որ այն կիրառվեր կաշառակեր խորհրդարանականների համար: Առավել հետաքրքիր էր այն հարցը, թե կոռուպցիա՞ է, երբ ոստիկանը չի գրանցում վարորդի խախտումը, երբ պարզվում է, որ խախտողը իր որդու ուսուցիչն է: 50%-ը կարծել էր, որ կոռուպցիա է, ինչպես եւ կոռուպցիա է «ծանոթի միջոցով պետական աշխատանքի ընդունվելը՝ աշխատանքի ավելի արժանի թեկնածուների առկայության պարագայում» (55%-ը միանշանակ դա դիտել էր կոռուպցիայի դրսեւորում): Ըստ լեհերի, կոռուպցիա է նաեւ այն, որ ուսուցիչը ուսումնական տարվա ավարտին ընդունում է նվեր՝ 100 եվրոյից ավելի արժեքով: Հարցվածների 39%-ը ավելի հետաքրքիր դիտարկում էր արել. կոռուպցիա է, երբ քաղաքական գործիչներն անդամակցում են «գործարարների կողմից ստեղծված կուսակցություններին»: Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոթեի կարծիքով, «ոչ մի երկիր պաշտպանված չէ կոռուպցիայից»: Նա Լեհաստանի համար նշեց, որ կա որոշակի փորձ: Լեհաստանի քրեական օրենսգիրքը կարգավորում է կոռուպցիայի հետ կապված խնդիրները եւ պատժամիջոցներ է նախատեսել հանրային ոլորտում, պետական, մասնավոր սեկտորում, ընտրական գործընթացներում: Կաշառք տալը կամ ստանալը, ինչպես նաեւ «կաշառքի ազդեցությամբ գործելը» 6 ամսից մինչեւ 8 տարվա ազատազրկմամբ է ավարտվում»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ