Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԱՄԲԱՐԱԿԸ «2» ՍՏԱՑԱՎ

Հուլիս 09,2005 00:00

ՃԱՄԲԱՐԱԿԸ «2» ՍՏԱՑԱՎ «Առավոտի» հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետ Հայկ Լազարյանը քաղաքի վիճակը վատ գնահատեց: Չկա աշխատանք, ճանապարհները վատ են, երիտասարդներն էլ զբաղմունք չունեն: Այս պատկերը բնորոշ է Հայաստանի գրեթե բոլոր սահմանամերձ վայրերին: Ըստ պաշտոնական տվյալների, Ճամբարակն ունի 7500 բնակիչ, իրականում այդ թիվն ավելի քիչ է: Աշխատանք չկա, նախկինում գործել է էլեկտրատեխնիկական գործարան, իսկ հիմա դա էլ չկա: «Ինչո՞վ են ապրում մարդիկ» մեր հարցին քաղաքացիները պատասխանում էին՝ «լոդրությամբ»: «Գալիս ենք քաղաքի կենտրոն՝ տեսնենք ինչ նորություն կա, ով ա հարստացել, էն էլ տեսնում ենք՝ ոչ մի բան չի փոխվել»,- ասաց ճամբարակցի Յուրիկ Օհանյանը: Քաղաքի կենսամակարդակը ցածր է, երիտասարդները պարապությունից «տուրուդմփոց են սարքում», նյարդային են: Կենցաղային պայմաններն էլ են դժվար: Ճամբարակում կլիման խոնավ է, սակայն այստեղ եւս մարդիկ ջրի խնդիր ունեն: Բնակիչներն ասում են, որ խմելու եւ կոյուղաջրերը խառնված են ու ոչ ոք չի լուծում այդ հարցը, չնայած բազմիցս դիմել են համապատասխան մարմիններին: Մշակույթի պալատը հրետակոծությունց հետո չի բարեկարգվել: Քաղաքապետարանի շենքում կա փոքրիկ սենյակ, որտեղ համերգների փոխարեն աղանդավորները հավաքներ են կազմակերպում: Քաղաքում չկա եկեղեցի, ոչ էլ՝ տերտեր. «Մենք չգիտենք, քրիստոնյա՞ ենք, թե՞ ինչ, ոչ ոք կնքված չի»,- պատմեց Ճամբարակի բնակչուհի Էմմա Մարտիրոսյանը եւ ավելացրեց. «Տարին մեկ-երկու անգամ է հարսանիք լինում, այն էլ շատերը փող չունեն, սուս ու փուս փախցնում են, որ մաղարիչ ու քեֆ չանեն»: Ճամբարակցիները պարծենում են իրենց ազգային «կորթոփի խաշ» կոչվող ճաշով, որտեղ գերակշռում է կարտոֆիլը. «Մեր ունեցածը մենակ կարտոշկա ա, էլի, դրանով ենք ապրում», -ասացին նրանք: Տիկին Օֆելյան քաղաքի կենտրոնում խանութ ունի: Բայց եկամուտ չունի: Առեւտուր կա, բայց՝ «նիսիայով»: «Մենակ խանութով չկարողացա տունս պահել, տղաս գնաց Ռուսաստան, ես մենակ եմ ապրում, բայց էլի չեմ հասցնում: Մարդիկ փող չունեն, պարտքով տանում են, հետո դժվար է ընկնել ու փող հավաքելը, դե որ չունեն՝ որտեղի՞ց տան»,- դժգոհեց խանութպանը: Ժորա Երիցյանի ընտանիքը եւս խանութից օգտվում է «ապառիկ» տարբերակով՝ արդեն 400 լիտր կաթ է պարտք: Կաթ նա պետք է տար վերցրած սննդի դիմաց, բայց սնունդը շատ է վերցրել, իսկ միակ երինջը այդքան էլ կաթնատու չէ: Ժորան ունի հինգ երեխա: 14 տարեկան աղջիկը հաշմանդամ է, ունի «Դաունյան» հիվանդություն: Ապրում են հաշմանդամության համար ստացած 3600 դրամով ու նպաստով: Երեխայի ճաշացանկն առանձնապես ճոխ չէ, գրեթե անփոփոխ է. առավոտյան՝ կաթ, ցերեկը՝ կաթնով, երեկոյան էլ՝ ինչ-որ ջրիկ բան կարտոֆիլով: Ժ. Երիցյանը չի աշխատում, քանի որ խնամում է հիվանդ երեխային: Չնայած իր ծանր սոցիալական պայմաններին, Ժ. Երիցյանը չբողոքեց. «Ես ոչ մեկից օգնություն չեմ ուզում, օգնությունը ծուլացնում է մարդուն: Գործ լինի՝ կաշխատեմ: Հորթը կմեծանա, կաթ կտա, ամեն ինչ մի օր լավ կլինի»: 90-ականների կռիվներից հետո մարդկանց մեծ մասը նյարդային հիվանդներ են: Ճամբարակում գործում է «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների ծնողների հ/կ՝ շուրջ 150 անդամով: Իրինա Հովհաննիսյանը ղեկավարում է կազմակերպությունը, նա ունի հաշմանդամ երեխա: «Երեխայիս տարա, որ մանկապարտեզ ընդունեմ, բայց չընդունեցին, ասացին՝ հաշմանդամ է: Պիտակավորում են ու ճնշում առողջ հոգով երեխային, բայց հաշմանդամն էլ մարդ է, չէ՞»,- ասաց Իրինան, որն այդ շերտավորումը վերացնելու իր տարբերակն ուներ. «Փրկենք երեխաներին» ծրագրի շրջանակներում քաղաքում կառուցվում է ցերեկային խնամքի կենտրոն, որտեղ կայցելեն առողջ եւ հաշմանդամ երեխաները՝ հավասար, արհեստ կսովորեն: Ճամբարակը, համարվելով անասնապահական շրջան՝ մեծ խնդիրներ ունի այդ ոլորտում: Ջիլ գյուղում 2003- ին գրանցվել է բրուցելոզով հիվանդների մեծ թիվ: «Այն ժամանակ իբրեւ թե հարցը լուծեցին, բայց օջախը չվերացրին: Հիմա էլ արդեն 250 գլուխ ոչխար վարակված է: Բացի այդ, այժմ պաշտոնապես գրանցված է 7 բրուցելոզով հիվանդության դեպք, շատերն էլ գրանցված չեն: Գյուղնախարարությունը միջոցներ չի ձեռնարկում: Տեսուչներ են ուղարկում, նրանք էլ ձեւական ակտ են գրում, որոշում՝ մորթել տեղում եւ ուտել: Բայց 20 ոչխարին մի օրում ուտել կլինի՞»,- հարցրեց «Արեգունի» սոցիալական զարգացման հ/կ- ի նախագահ Գայանե Խաչատրյանը, որը զբաղվում է գյուղատնտեսության խնդիրների ուսումնասիրմամբ: «Հա մեզ ու մեզ պրոբլեմներ ենք վեր հանում, լուծողն ո՞վ ա: Չկա հարցի վերաբերյալ լուրջ մոտեցում»,- դժգոհեց տիկին Գայանեն: Հաստատելով մարդկանց թվարկած պրոբլեմները, քաղաքապետ Հայկ Լազարյանը հորդորեց նրանց լինել նախաձեռնող. «Աշխատեք, բիզնեսը ռիսկ ա, շատերը ալարում են աշխատել»: ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել