Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԵՖ

Հուլիս 09,2005 00:00

ՔԵՖ ԱՐԱ, ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՍ ՍՆԱՆԿԱՆԱԼ Հայաստանում «պրիստիժնի» հավաքներ կազմակերպելը, պարզվում է, բավականին թանկ հաճույք է: Օրինակ, 100 հոգու համար նախատեսված հարսանիքը կամ կնունքը միջին հաշվով կարժենա ոչ պակաս, քան $6000: Համենայնդեպս, մի քանի հարսանյաց եւ ծաղկի սրահներից, ռեստորաններից, զագսերից ու հենց կազմակերպիչներից արված մեր հարցումները այսպիսի հաշվարկ են ցույց տալիս: Հաշվենք ինքներս. հարսանիքի, կնունքի կամ նմանատիպ հավաքների համար ամենակարեւորը ռեստորանի հարցն է: Քաղաքի անգամ ծայրամասում գտնվող ոչ այնքան հայտնի ռեստորաններում 1 աթոռի համար պետք է վճարել միջինը $17, որի մեջ չի մտնում օղին ու երաժշտությունը: Վերջինիս գումարը կախված է ոչ միայն գործիքների բազմազանությունից՝ դհոլ, զուռնա, ջութակ, սինթեզ, այլ նաեւ երգչի ճանաչվածությունից եւ երգելու կարողությունից: Որպես կանոն, քեֆերին «շախ տվող» եւ այդ ասպարեզում ճանաչված ռաբիս երգիչները իրենց 2-3-ժամյա ներկայության համար գնահատվում են $1000-3000, բայց երբեմն պայմանավորված ժամի ուղիղ կեսը վատնում են հանգստի ու «հաց ուտելու» վրա: Արդյունքում հնչում է ընդամենը 4-5 երգ, որից 3-ը՝ «մուղամ»: Ինչ վերաբերում է ռեստորանային ծառայություններին, դրանցից քիչ թե շատ օգտվողները դժգոհելու բավականին պատճառներ ունեն՝ սկսած թթված աղցանների աղքատ պարունակությունից, մինչեւ «դաբավկայի» բացակայությունն ու սպասարկման որակը: Իսկ թե խորովածը բերելու պահին ռեստորանի մատուցողների սենյակում ինչ է կատարվում, պետք է պարզապես տեսնել. քավորի «գումարային» ուշադրությանն արժանանալու համար գլխավորի հավակնությունը միշտ հանգեցնում է մյուսների դժգոհությանը: Արարողությունների համար մյուս կարեւոր «դետալը» վարձու մեքենաներն են, սովորաբար՝ «Լիմուզին»: Այս մեքենայի մեկժամյա վարձը միջինը $100 է, որը գանձվում է նախապես, բայց երբեմն ուշանում է: Խառնաշփոթի մեջ միջոցառման կազմակերպիչները ստիպված են լինում տեղավորվել յուրայինների թեկուզ հասարակ մակնիշի մեքենաներում ու շարունակել իրենց ուրախությունը: Ինչ վերաբերում է եկեղեցուն, սա հավաքներ անողների ամենաչսիրած վայրն է: Առաջին հայացքից յուրաքանչյուր կնունքի համար պաշտոնապես գանձվող 400-ական եւ պսակադրության համար 1200-ական դրամները բավականին մատչելի են թվում, բայց արարողությունից հետո գալիս է քահանաների շատ «սիրելի պահը»՝ թասը պարզելու գործընթացը, որը քավորին ու մյուս «աղաներին» զրկում է եւս մի քանի հազարական դրամներից: Մի «թակարդից» դեռ չպրծած, հայտնվում է մյուսը՝ լուսանկարչական ապարատով մեկը, որը «հլը մի րոպե չշարժվեք, նկարում եմ» արտահայտությամբ անակնկալի է բերում բոլորին: Բնականաբար, հյուրերն օրվա հերոսների հետ խումբ-խումբ շարվում ու նկարվում են, հետո ստիպված են լինում յուրաքանչյուր նկարի համար վճարել 2000 դրամ: Ընդհանուր գումարից 500 դրամ զեղչ անելուց եւ բավականին պատկառելի գումար շորթելուց հետո նկարիչն անհապաղ հեռանում է: Ինչ վերաբերում է «պոլարոիդ» ապարատով արված նկարների որակին, լավագույն դեպքում դրանցից դուրս են գալիս 2-3-ը, երբ արդեն ո՛չ նկարչին է բռնել լինում, ո՛չ էլ ժամանակ ես ունենում դրանցով զբաղվելու: Հարսանիքի դեպքում հաջորդ մեծ ծախսը զագս ընկնելն է: Սովորական օրերին զագսով ամուսնանալու համար պետք է վճարել ընդամենը 2000 դրամ, բայց հարսանիքի օրը՝ չգիտես ինչու՝ 18000: Սա դեռ պետականորեն գանձվող գումարն է, որից բացի, օրինակ՝ Երիտասարդական պալատի զագսում պահանջում են եւս 50 հազար դրամ՝ ընդամենը այնպիսի «շքեղությունների» համար, ինչպիսիք են 1 շիշ շամպայնը եւ 1 տուփ շոկոլադը (բոմբոներկա): Եթե մեկ առ մեկ գումարում եք վերը նշված հարկի ու անհարկի վճարումները եւ չի ստացվում մեր արձանագրած $6000-ը, ապա ստացված գումարին պետք է ընդամենը ավելացնել հարսանյաց սրահի, ծաղիկների, տարոսիկների, տոնական «սինիների» տորթի եւ մնացած «մանր-մունր» ծառայությունների գումարը, որը կգերազանցի $1000-ը: Միայն հետաքրքիր եւ օրիգինալ հրավիրատոմսեր պատրաստելու համար տոնական խնջույքներ կազմակերպող ընկերությունները պահանջում են $100, էլ չենք խոսում մյուս կազմակերպչական գործերի՝ այդ թվում միջոցառումը վարողի մասին, որի 6-ժամյա խոսելու արժեքը $200 է: Բացի հիմնական ծախսերից, վերջին շրջանում ընդունված են այլ «թիթիզություններ», որոնցից է, օրինակ՝ թղթե անձրեւը: 10-15 րոպե օդում մի քանի պատռած թղթեր պար տալու համար պետք է վճարել եւս $200: Այսպիսով, այսօր Հայաստանում որեւէ քեֆ կամ հավաք կազմակերպելը սնանկացման տարբերակ է: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել