Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 09,2005 00:00

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԻՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՈՎ Հարցազրույց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանի հետ – Պարոն Հովեյան, մեկ տարուց ավելի է՝ դուք ղեկավարում եք մշակութային քաղաքականություն իրականացնող պետական լիազորված մարմնի աշխատանքները, ասել է թե՝ մշակույթի այն հսկայական տիրույթը, որը ներառում է ոչ միայն Հայաստանի բազմաշերտ իրականությունը, այլեւ համահայկական հորիզոնները: Եթե ձեր գործունեությունն իբրեւ փուլ ի մի բերելու լինենք՝ ո՞ր ուղղությունները կարելի է գերակա համարել: – Կարծում եմ՝ «փուլի» փոխարեն արժե գործածել «հաշվետվություն» եզրույթը, որովհետեւ, եթե անգամ իմ պաշտոնավարության շրջանը կարելի է փուլ կոչել, դեռ այդ աստիճան չի ամբողջացել, շարունակաբար ծավալվում է: Կարծում եմ՝ ով էլ իմ փոխարեն այս ժամանակահատվածում նախարար լիներ՝ ուշադրությունն առաջին հերթին պետք է բեւեռեր մշակութային դաշտը օրենքներով ու օրենսդրական դրույթներով համալրելու խնդրին, քանի որ առանց դրա՝ արվեստագետն իր իրավունքների պաշտպանության հարցում կմնա միայնակ ու անօգնական: Ստեղծագործող անհատի, ինչպես նաեւ խմբերի, օջախների ու կազմակերպությունների համար նպաստավոր պայմաններ ապահովելն այն գլխավոր գրավականն է, որն առաջ է մղում ազգային արվեստը, նրա համար տեղ ապահովում համամարդկային քաղաքակրթության անդաստանում: Ես լիովին ընդունում եմ «ստեղծագործողն արժեք է ստեղծում ցանկացած ժամանակ ու ցանկացած պայմաններում» ճշմարտությունը, սակայն մեր պատմափուլի յուրահատկությունն այն է, որ վերջապես ապրում ենք ազատ-ժողովրդավար երկրում եւ ինքներս ենք պատասխանատվություն կրում թե լավի, թե ձախողման համար: Ցավոք, այս շրջանը զերծ չէ դժվարություններից, այսինքն՝ անբռնազբոս մտածողությամբ օժտված, տաղանդավոր հայ արվեստագետները կարիք ունեն պետական հոգածության, ավելին, շատերը պարզապես ի վիճակի չեն թոթափել կենցաղի պարտադրանքներն ու լիարժեքորեն նվիրվել իրենց գործին: Համաձայն եմ՝ որոշ երկրներում մշակույթի նախարարություն չկա, հակառակ նրան, որ բարձրակարգ մշակույթ կա: Բայց մինչ այդ հանգրվանին հասնելը՝ Հայաստանը շատ արգելքներ պետք է վերացնի, ինչին էլ ուղղված են պետության հիմնական ջանքերը: Ի դեպ, լավ է, որ հայ մշակույթի արժեքները պահպանելու եւ համալրելու գործընթացն ուղեկցվում է հասարակական բուռն քննարկումներով: Դա միանգամայն օրինաչափ է, եթե հաշվի առնենք մեր ժողովրդի նախանձախնդիր վերաբերմունքն իր անցյալի արժեւորման հանդեպ: Ես հետաքրքրությամբ հետեւում եմ մտավորականների դիտարկումներին եւ ուզում եմ բոլորին վստահեցնել, որ հնչած յուրաքանչյուր կարծիք նախարարությունում հարկավոր ուշադրության է արժանանում եւ որեւէ արտահայտությամբ տեղ գտնում նրա գործունեության մեջ ու ծրագրերում: Դառնալով ձեր հարցի նպատակակետին՝ առանձնացնեմ նախարարության գերակա ուղղությունները՝ մշակութային արժեքների պահպանություն, հաշվառում, մատուցում եւ համալրում, օրինագծերի եւ հայեցակարգերի մշակում, միջազգային կապեր, առնչություններ Սփյուռքի հետ, ազգային փոքրամասնությունների արվեստի հովանավորություն, միջպետական ծրագրերի փոխանակում: Բնականաբար, երիտասարդության հիմնախնդիրները եւս հրատապ լուծում են պահանջում եւ ուրախ եմ նշել, որ այդ առաքելությունը հաջող ընթացք ունի: – Մենք կարծես թե պայմանավորվեցինք զրույցը շարունակել հաշվետվության ոճով, ուստի կուզենայի տեղեկանալ, թե ձեր նշած ուղղություններից յուրաքանչյուրի բովանդակությունն ի՞նչ կետերից ու դրույթներից է կազմված: – Գործնականում դա հնարավոր չէ, որովհետեւ խոսելու փոխարեն ստիպված կլինենք շարադրել միայն փաստերի, անունների ու ծրագրերի երկարաշունչ մի ցանկ: Այնուամենայնիվ, ես ձեզ կծանոթացնեմ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության մեկ տարվա կատարած աշխատանքների ընդգրկուն պատկերին: Նախ՝ այս կարճ ընթացքում նախարարության եւ Ազգային ժողովի համատեղ ջանքերով ընդունվել է մշակույթի ոլորտը կարգավորող չորս կարեւոր օրենք՝ «Արխիվային գործի մասին», «ՀՀ պատվավոր կոչումների մասին», «ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օգտագործման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների մասին», «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին», որոնց վերնագրերն արդեն իսկ հուշում են կարգավորման բուն ոլորտները: Այս փաստաթղթերի նախապատրաստման եւ կիրարկման հարցում մեծ է նախարարության աշխատակիցների ներդրումը. նրանք մշակել եւ հաստատման են ներկայացրել օրինագծերն ու ենթաօրենսդրական ակտերը: Վերջերս կյանքի կոչված մի շարք օրենքներ մշակույթին առնչվում են անուղղակիորեն, որոշներն էլ փոփոխվել ու լրացվել են՝ այդպիսով հստակեցնելով այս բնագավառի իրավահարաբերությունները: Այժմ մշակման ու քննարկման փուլում են «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին», «Կինեմատոգրաֆիայի մասին», «Հնագիտական պեղումների մասին», «Պարտադիր օրինակի մասին», «Մշակույթի պահպանման, տարածման եւ զարգացման 2005-2008թթ. պետական եռամյա ծրագրի մասին» օրենքների նախագծերը: Կառավարությունն արդեն հավանության է արժանացրել «Գեղարվեստական կրթության հայեցակարգը», որի հեղինակակիցը կրթության եւ գիտության նախարարությունն է: Ծրագրերն ու հղացումները շատ են, դրանք վերաբերում են մարզերի մշակութային կյանքին, հայկական համակարգչային տառատեսակներին, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, արհեստագործությանը: Այնպես որ, ամենամոտ ապագայում մենք կունենանք գործուն օրենքներով ամրապնդված մշակութային կենսատարածք: Օրենսդրական նախաձեռնություններից զատ՝ մենք կարեւորում ենք նաեւ Եվրախորհրդում «Հայաստանի մշակութային քաղաքականության» եւ «Երիտասարդության մասին» ազգային զեկույցների «ընդունումը», ինչն այդ երկու ասպարեզները ճանաչելի կդարձնի Եվրոպային: Առաջին զեկույցն արդեն քննարկվում է, միակ վիճահարույց խնդիրը Հայոց ցեղասպանության արծարծման նպատակահարմարությունն է: Մենք չենք համաձայնի, որ զեկույցը տպագրվի եւ կայքէջ մտնի առանց ցեղասպանության հիշատակման, թեկուզեւ արժանանա Եվրախորհրդի խորհրդանշանին: – Նշված օրենքները ո՞ր չափով են պայմաններ ընձեռում հայ մշակույթի պահպանման եւ տարածման համար: – Դրանք մեծապես նպաստում են մեր ազգային արժեքները խնամքով պահպանելու եւ հանրությանը ներկայացնելու գործին, սակայն էական է նաեւ նյութական միջոցների առկայությունը: Մշակութային շատ օջախներ տեղակայված են անհարմար կառույցներում, մինչդեռ դրանք նորոգելու համար բավարար միջոցներ չկան: Այդուհանդերձ, կառավարության հատկացումների շնորհիվ ձեռք են բերվել եւ նախարարության ենթակայության թանգարաններին ու գրադարաններին բաշխվել շուրջ 190 տեխնիկական սարք ու սարքավորում՝ համակարգիչներ, օդակարգավորիչներ: Պատմաճարտարապետական կոթողների վերականգնման համար այս տարի պետական բյուջեով տրամադրվել է շուրջ 500 միլիոն դրամ, գումարներ են նախատեսված նաեւ համահայկական եւ հոբելյանական միջոցառումների համար: Անդուլ հսկողության ներքո են մեծարժեք հավաքածուները: Այսպես. ստուգվել են Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի, ինչպես նաեւ Հայաստանի ֆիլմադարանի հավաքածուները: ՀՀ գլխավոր դատախազության հետ ստուգվել են մշակութային արժեքների (թանգարանային հավաքածուներ, հնատիպ գրքեր) հաշվառումն ու պահպանությունը: Ասածս նշանակում է, որ մենք գիտենք, թե արվեստի յուրաքանչյուր գործ ինչ վիճակում է, որտեղ է եւ ինչ նպատակի է ծառայում: Սրան հաջորդող քայլը, բնականաբար, համալրումն է: Միայն թանգարանային հավաքածուները 2004թ. հարստացել են 19512 նմուշով: Սանկտ Պետերբուրգից Հայաստանի ազգային արխիվ են տեղափոխվել Վահրամ Փափազյանի, իսկ Փարիզից՝ Արտակ Դարբինյանի անձնական արխիվները: Գրադարանների գործունեությանն աջակցելու համար առաջին անգամ գրականություն է բաշխվել հանրապետության պետական ու համայնքային գրադարաններին: Անմասն չեն մնացել նաեւ ԼՂՀ-ի, Վրաստանի եւ ՌԴ-ի հայկական գրադարանները: Չեմ կարող չնշել մի կարեւոր հանգամանք եւս. «Լինսի» հիմնադրամի միջոցներով նորոգված թատրոնները, Թումանյանի տուն-թանգարանը եւ Պատմության թանգարանն աշխատում են թարմացված ուժերով, իսկ Հայաստանի ազգային պատկերասրահում վերաբացվել է մշտական ցուցադրությունը: – Մշակութային նոր օջախներ կամ համույթներ ստեղծվե՞լ են: – Անշուշտ, եւ ես առաջինը կնշեի Հայաստանի ժողովրդական նվագարանների համույթը: Նորություն է «Արամ Խաչատրյան» լարային քառյակը: Ընթացքում են «Արեւելյան տրիո» համույթին, Կամերային երգչախմբին պետական կարգավիճակ շնորհելու խնդիրները, իսկ «Գոյ» փորձարարական եւ Գորիսի դրամատիկական թատրոններին արդեն իսկ շնորհվել է այդ կարգավիճակը: – Վերջերս Հայաստան այցելած նշանավոր երգչուհի Իզաբել Բայաքդարյանը նկատեց, որ աշխարհի շատ մայրաքաղաքներ է այցելել, բայց ոչ մի տեղ այնքան համերգային հայտագիր չի տեսել, որքան Երեւանում: Նա այդ մասին խոսեց մեծ ոգեւորությամբ, այնինչ ինքներս անվերջ կրկնում ենք, թե մեր մշակույթը ողբալի վիճակում է: – Մեր նշանավոր հայրենակցուհին չէր կարող սխալվել՝ այնքան համերգ, ներկայացում, շնորհանդես ու ցուցահանդես, որքան որ կազմակերպվում են երեւանյան սրահներում, ոչ թե ողբալի վիճակի, այլ զարգացման նշան են: Իսկ թե պետությունը որքանով է օժանդակում արվեստագետներին, թեթեւացնում նրանց հոգսերը, ուրիշ հարց է: Ըստ իս՝ մեր պետությունը մշակույթում ներկա է իր հնարավորությունների առավելագույն չափով, համենայնդեպս՝ համազգային նշանակության ոչ մի նախաձեռնություն չի վրիպում նրա ուշադրությունից: Բավական է հիշել Հայոց ցեղասպանության 90-ամյակի ոգեկոչման արարողությունները, որոնք ուղեկցվեցին ներկայացումներով, գրքերի հրատարակությամբ (պետպատվերով լույս տեսած 60 անուն գրքերից՝ 40-ը), հիշատակի երեկոներով ու ցուցահանդեսներով: Իրադարձություն էր Ռ.Կալինովսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի բեմադրությունը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական եւ Գյումրու պետական դրամատիկական թատրոններում: Հավուր պատշաճի նշվեց Հրանտ Մաթեւոսյանի ծննդյան 70-ամյակը, այդ առիթով Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը գրողի մի քանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրեց «Ալխո» գործը: Առհասարակ, մեծերի վաստակն արժեւորելը ապրողներիս պարտքն է, եթե ոչ՝ սերունդներին փոխանցելու ոչինչ չենք ունենա: Դրանից զատ՝ որքան աղքատ կլինի մեր առօրյան, եթե չհագեցվի Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարությամբ, մանկական գրքի շաբաթով, «Ավետիք Իսահակյան» մշակութային միության հիմնադրմամբ, Երիտասարդ գրողների համահայկական առաջին համաժողովի գումարմամբ, տարաբնույթ համերգներով, պոեզիայի երեկոներով: – Ձեր հիշատակած միջոցառումները, իսկապես, մշակութային անժխտելի իրողություններ են, որոնք մեր աչքի առջեւ են ու թեկուզ քննադատաբար՝ տեսնում, նույնիսկ վայելում ենք: Սակայն որեւէ երկրի մշակույթի առաջընթաց անհնար է պատկերացնել առանց միջազգային ճանաչման: Որքա՞ն ժամանակ պետք է ինքներս մեզ հանգստացնենք, թե համաշխարհային մակարդակի արվեստ ունենք, երբ անգամ միջազգային մրցույթների մասնակիցների այցերը չենք կարող ֆինանսավորել: – Արդարանալն անիմաստ է, իրոք, միշտ չէ, որ պետությունն ի վիճակի է սատարել իր տաղանդավոր քաղաքացիներին: Հաճախ այս հարցում ավելի ճկուն են անհատները, որոնք իրենց քայլերում միանգամայն ազատ են, ունեն անհրաժեշտ գումարները եւ միշտ չէ, որ ցանկություն են ունենում մեզ հետ համագործակցել: Ազատ երկիր ենք, եւ դա նրանց իրավունքն է: Բայց հայ մշակույթն աշխարհին ներկայացնելու հարցում քննադատությունն այնքան էլ տեղին չէ: Մեր նախարարությունը ամուր կապեր ունի բազմաթիվ երկրների եւ միջազգային կառույցների հետ: Համատեղ աշխատանքի շնորհիվ հայ արվեստագետները հաճախ են արտասահմանյան հյուրախաղերի մեկնում, տարբեր երկրներում բացում իրենց ցուցահանդեսները, մասնակցում հեղինակավոր բիենալեների, հանդես գալիս ելույթներով: Օրինակները բազմաթիվ են, մատնանշեմ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղերը Սիրիայում, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Գայանե» բալետի ստամբուլյան հաղթարշավը, նույն քաղաքում Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի եւ պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները, Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ներկայացումները ԱՄՆ-ում, Սարյանի ստեղծագործությունների ցուցադրությունը Բելառուսում, Փարաջանովի գործերի ներկայացումը Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի պարի պետական անսամբլի համերգները ՌԴ-ում, Հայկական մշակույթի օրերը Գերմանիայում, Խամաճիկների թատրոնի հյուրախաղերը Դամասկոսում եւ այլն: Սրանք ձեռնարկներ են, որոնք աշխարհին տեսանելի են դարձնում հայի ներաշխարհը եւ նրա ստեղծագործական ձգտումները: – Հակառակի վկայություններից չէ՞ Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացումը: – Այդ «հակառակը» մեր էության անտրոհելի մասն է. որքան մարդն անհագ է ստեղծագործելիս, նույնքան ծարավի է այլոց ստեղծածը վայելելու: Մոսկվայի Մեծ թատրոնի արվեստին հաղորդակցվելու երջանկություն հայաստանցիներից քչերն ունեն, բայց երբ այդ հռչակավոր կոլեկտիվն ինքն է գալիս Հայաստան՝ մշակութային փոխանակում ասվածը վերածվում է անկրկնելի հանդիսության: Համագործակցության ամուր կամուրջ է ստեղծվել շատ այլ երկրների հետ, դրանց թվում են Իտալիան, Ֆրանսիան, Հունգարիան, Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ը: – Համենայնդեպս, միջազգային փառատոներին հայ արվեստագետների մասնակցության հարցը անկարեւորներից չէ, խնդրում եմ պատասխանել, թե նախարարության աջակցությունն ինչով է պայմանավորված: – Առաջին հերթին՝ պետության կարողականությամբ: Աշխարհում կազմակերպվում են անհամար մրցույթներ ու փառատոներ, եւ բոլորին, մեծագույն ցանկության դեպքում անգամ, չենք կարող մասնակցել: Բայց քիչ չեն նաեւ հայկական անուններով «հարուստ» տոնահանդեսները: Խնդրեմ. «Մուշ» պարախումբը՝ Եգիպտոսի ազգագրական միջազգային 14-րդ փառատոնում, Մալյանի անվան թատրոնը՝ «Նոր դրամա» թատերական 4-րդ փառատոնում, «Կարին» համույթը՝ «Մետաքսի ճանապարհ» փառատոնում, Սունդուկյանի անվան թատրոնը Մոսկվայում՝ Չեխովյան փառատոնում եւ այլն: – Հայաստանը կարծես թե աստիճանաբար դառնում է համահայկական ու միջազգային հանդիսատեղի: Բացի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնից եւ «Ոսկե ծիրան» կինոմրցույթից՝ ուրիշ ի՞նչ անակնկալներ են սպասում հայ արվեստասերներին: – Այդ երկու միջոցառումների աշխույժ արձագանքները եւ կազմակերպական փորձը պսակվեցին մեծ հաջողությամբ, ինչը հնարավորություն է տալիս խորացնել մեր մշակույթի միջազգայնացման միտումը: Երեւանում անցկացվել են եւ շարունակական կդառնան «Եղեգան փող», «Ես եմ», «Նռան հատիկ» եւ այլ փառատոները: Խոստումնալի է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որին այս տարի մասնակցեցին աշխարհի բազմաթիվ երկրներից հայտ ներկայացրած երաժիշտներ: Հեռանկարային է նաեւ «Հայաստանն իմ հայրենիքն է» ընդհանուր խորագրով փառատոն-մրցույթը՝ հանրապետական եւ միջազգային ձեւաչափերով: Երաժշտական մրցույթներ են կազմակերպվում նաեւ պատանիների համար, որոնք կրում են Էմին Խաչատրյանի, Սարգիս Ասլամազյանի եւ Ավետ Գաբրիելյանի անունները: – Հաճախ կարելի է լսել, որ անկախության պարգեւներից մեկը միջազգային կառույցների հետ գործընկերային անմիջնորդ հարաբերություններ հաստատելն է: Մշակույթի մարզում դա ի՞նչ արտահայտաչաձեւեր ունի: – Այս առումով բավականին շահեկան վիճակում ենք՝ համագործակցում ենք ՄԱԿ-ի Կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրախորհրդի եւ ԱՊՀ-ի զանազան կառույցների հետ, պարբերաբար մասնակցում ենք առանձին ծրագրերի իրագործմանը, միանում միջազգային համաձայնագրերին: Ուղղակի առնչություններ ունենք նաեւ բազմաթիվ երկրների համապատասխան օղակների հետ: Ավելորդ է ասել, թե նման կապերն ինչ ազդեցություն ունեն հայ մշակույթի քարոզչության եւ համամարդկային արժեքներին ծանոթանալու գործընթացի վրա: Նկատելի են նաեւ գործնական արդյունքները: Օրինակ, մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ենք ներկայացրել առաջարկություններ Հայաստանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձաններն ու հատուկ պահպանվող պատմամշակութային տարածքները համաշխարհային մշակութային ժառանգության ցանկերում ընդգրկելու վերաբերյալ: Հանրապետության գրադարանները, թանգարաններն ու արխիվը եւս անդամակցում են համաշխարհային կառույցներին, անմիջական շփումներ ունեն նրանց հետ: – Պարոն նախարար, անկախ մշակութային նախասիրություններից ու կենսագրությունից՝ դուք զբաղեցնում եք կուսակցական պաշտոն: Այդ իրողությունն ի՞նչ ազդեցություն է գործում ձեր որոշումների ու քայլերի վրա: – Իմ կուսակցությունն ինձ միայն օգնում է, եւ դա արդեն բավարար է՝ ասելու համար, որ գոնե մշակույթում կուսակցական պաշտոնը չի վնասում: ՕԵԿ-ը հանրապետության ամենահեղինակավոր քաղաքական ուժերից մեկն է, եւ ես հնարավորը կանեմ կուսակցության վարկանիշը բարձր պահելու համար: Ի վերջո, մշակույթի նախարարությունում իմ ակնկալիքի հասցեատերը հայ մշակույթը կրող ժողովուրդն է՝ Հայաստանում, Արցախում եւ աշխարհասփյուռ գաղթօջախներում: Զրույցը վարեց Տ.ՍԱՐԳՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել