«Ո՞Վ Է ԱՅԴ ՏԱԿԱՆՔԸ» Միջկուսակցական խորհրդակցական մարմնի անդամ մի քանի կուսակցությունների ղեկավարները դեռեւս 1-1,5 ամիս առաջ որոշում էին կայացրել միասնական դիրքորոշում արտահայտել սահմանադրական բարեփոխումների՝ երկրորդ ընթերցմանն առաջարկվելիք փաստաթղթի վերաբերյալ: Երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն այդ մոտեցումը որակեց «արդյունավետ ազդեցություն ունենալու միակ ճանապարհը»: Նա նաեւ ներկայացրեց իր վերապահումները փոփոխության առաջարկվող որոշ դրույթների վերաբերյալ: Հիշեցնենք, որ, ըստ բարեփոխումների տարբերակի՝ ԱԺ-ն եւ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է ընտրվեն չորս տարին մեկ՝ ներկայիս, համապատասխանաբար, հինգ եւ երեք տարիների փոխարեն: Նման «բարեփոխումը» Հայրիկյանը անվանում է ժողովրդավարության նվազեցում, քանի որ այդպիսով պակասեցվում է «ժողովրդի մասնակցությունը երկրի կառավարմանը»: Նկատենք, որ վերոնշյալ դրույթների վերաբերյալ նմանատիպ կարծիք էր արտահայտել նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: Պրն Հայրիկյանը կարեւորեց նաեւ քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվե կազմակերպելը եւ դատական իշխանության անկախությունը. «Այս ուղղությամբ բացասական քայլեր կատարողները պետք է հիմիկվանից հրապարակավ պարսավանքի ենթարկվեն: Եվ ընդհանրապես՝ ցմահ կրեն քրեական տարրի խարանը: Երբ դիկտատորները չեն կարողանում ժողովրդից ուղղակի խլել իշխանությունը՝ Լենինի կամ Հիտլերի պես փորձում են դա անել ժողովրդավարությունը պակասեցնելու ճանապարհով: Այսօր հրամայական խնդիր է՝ պարզել, թե ո՞ր տականքի խնդիրն է Հայաստանում ժողովրդավարությունը պակասեցնելը»: Պ. Հայրիկյանը հավատում է, որ «մեր ընդդիմադիրներն իրենց մեջ կգտնեն կորով, որն անհրաժեշտ է տարբեր տեսակի բարդույթներ հաղթահարելու եւ գործին լիաթոք նվիրվելու համար»։ Դրա տակ պրն Հայրիկյանը հասկանում է խորհրդարան վերադառնալը եւ մասնակցելը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին: Ն. Գ.