Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՇԽԱՏԵՆ

Հուլիս 09,2005 00:00

ԿԱՇԽԱՏԵՆ ԱՄՌԱՆԸ ԱԺ 44 պատգամավորներ հանդես են եկել նախաձեռնությամբ՝ օգոստոսի 29-ին հրավիրել խորհրդարանի արտահերթ նստաշրջան, որտեղ պիտի երկրորդ ընթերցմամբ քննարկվի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը երեկ լրագրողներին հայտնեց, որ իր հրավերով Երեւան կժամանեն ու արտահերթ նստաշրջանի աշխատանքներին կմասնակցեն Վենետիկի հանձնաժողովի ղեկավարները: Նրանց ԱԺ նստաշրջանում կտրվի ելույթի իրավունք՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տեսակետներ արտահայտելու համար: «Բացի դրանից՝ օգոստոսի վերջին Երեւան կայցելի ԵԽԽՎ նախագահը: Սա նույնպես մի լավ հնարավորություն է՝ խոսելու ոչ միայն մեր սահմանադրական, այլ ընդհանրապես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խորացման մասին»,- ասաց խորհրդարանի խոսնակը: Վենետիկի հանձնաժողովը պահանջել էր, որ ԱԺ-ն մասնակցություն ունենա ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող մարմինների նշանակման գործընթացում: Հուլիսի 7-ին միջազգային փորձաքննության ուղարկված սահմանադրական փոփոխությունների նախագծում այս սկզբունքն իրագործելու հետեւյալ առաջարկն է ներկայացվել՝ նախագահն առաջարկում է, Ազգային ժողովը՝ հաստատում: «Առավոտի» դիտարկմանը, թե ի վերջո ստացվում է նույնը՝ նախագահն է որոշելու հեռուստաոլորտը կարգավորող մարմինների անդամներին՝ Արթուր Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Եթե նա առաջարկի եւ ԱԺ-ն չհաստատի՝ նախագահը ստիպված կլինի փոխել իր թեկնածուին: Եվ այս համաձայնությունը կայացել է Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ստրասբուրգում քննարկումների ժամանակ: Մենք ընդունել ենք միջազգային առկա նորմերը, եւ անհրաժեշտություն չկա Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»: ԱԺ նախագահը նաեւ հանդես եկավ հետեւյալ կոչով. «Այն ուժերը, ովքեր խոսում են մեր երկրում իրական ժողովրդավարական բարեփոխումների խորացման մասին՝ պետք է հետամուտ ու հետեւողական լինեն, որ Սահմանադրության բարեփոխումները տեղի ունենան, քանի որ դրանց կողմ է արտահայտվել նաեւ միջազգային հանրությունը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել