Ուզբեկական ակորդ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ըստ ամենայնի, ինքն իր համար գտել է «հավերժ Ռուսաստանի՞, թե՞ ԱՄՆ-ի հետ» երկընտրանքի պատասխանը: Ընդ որում, այդ պատասխանը գտնելու հարցում Քարիմովին մեծ հավանականությամբ օգնել է Կրեմլը: Երեկ Ուզբեկստանի ԱԳ նախարարությունը հրապարակել է մի հայտարարություն, որով, փաստորեն, հարցականի տակ է դրվում ամերիկյան զորքերի հետագա ներկայությունն այդ երկրի տարածքում: Փաստաթղթի բովանդակությունը, ընդհանուր առմամբ, հանգում է այն բանին, որ «Խանաբադ» կոչվող ռազմական օդակայանը ժամանակին ամերիկացիներին է տրամադրվել սոսկ «Թալիբան» շարժման դեմ մարտական գործողությունների ժամանակամիջոցի համար, իսկ դրա հետագա օգտագործումը, իբր, որեւէ համաձայնագրով կարգավորված չէ: Ուշագրավ է, որ պաշտոնական Տաշքենդն ԱՄՆ նկատմամբ իր պահվածքի այս փոփոխությունը, ի շարս ոչ մի քննություն չբռնող քաղաքական պատճառաբանությունների, հիմնավորում է նաեւ այնպիսի զուտ տեխնիկական պատրվակներով, որոնք փոքր-ինչ այլ քաղաքական իրադրությունում պարզապես անհեթեթ կդիտվեին: Այսպես. Ուզբեկստանն ամերիկացիներին մեղադրում է վերջիններիս կողմից շահագործվող ավիաբազայի գործունեության եւ նրա պահպանության ապահովման համար Ուզբեկստանի կատարած ծախսերը չփակելու մեջ, ինչպես նաեւ պահանջում է ֆինանսապես փոխհատուցել այն վնասները, որ ամերիկյան ինքնաթիռներն ու դրանք սպասարկող անձնակազմը հասցրել են շրջակա միջավայրին: Միանգամից հարցեր են ծագում. ինչո՞ւ Քարիմովն այս խիստ կասկածելի մեղադրանքներն առաջադրեց հենց հիմա, այլ ոչ, ասենք՝ հինգ ամիս առաջ: Չէ՞ որ թալիբների դեմ ակտիվ պայքարն ԱՄՆ-ն ավարտել է երեք տարի առաջ, եւ մի՞թե Վաշինգթոնն արդեն երեք տարի «չարամտորեն» խուսափում է իր համար խիստ կարեւոր այդ ռազմահանգրվանի դիմաց վճարումներ անելուց: Այս հարցերի պատասխանները հստակորեն գծագրվում են Կենտրոնական Ասիայում եւ, մասնավորապես, Ուզբեկստանում վերջին ամիսներին ծավալվող իրադարձությունների տրամաբանության մեջ: Նախ, հեղափոխություն պայթեց հարեւան Ղրղըզստանում, ինչը պարզ դարձրեց, որ Քարիմովը եւս հավերժ չէ: Ապա տեղի ունեցան անդիջանյան արյունալի դեպքերը, որոնց ընթացքում Ուզբեկստանի նախագահը, վախենալով իր երբեմնի գործընկեր Ակաեւի ճակատագրին արժանանալուց, Կրեմլի ակնհայտ աջակցությամբ դաժանագույն ձեւով ճնշեց խաղաղ ցուցարարներին: Իսկ երբ քիչ ավելի ուշ Տաշքենդը պաշտոնապես հայտարարեց ՎՈՒՈՒԱՄ-ից իր դուրս գալու մասին, այնժամ արդեն վերջնականապես պարզ դարձավ, որ եթե ոչ բոլոր ուզբեկները, ապա առնվազն նրանցից մեկը՝ Իսլամ Քարիմովը կատարել է իր անձնական եւ աշխարհաքաղաքական ընտրությունը: Ուստի, Ուզբեկստանի արտգործնախարարության նշյալ հայտարարությունն ընդամենը պետք է ընկալել իբրեւ վերը շարադրված զարգացումների վերջնական ակորդ: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ