«Մեր ԱԺ դիվանագիտության հաջողությունը» Այսպես բնորոշեց երեկ ասուլիսում ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԵԱՀԿ ԽՎ նախագահի ԼՂ հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի զեկույցը: Ըստ նրա, Լենմարկերի զեկույցը պարունակում է բավական «դրական պահեր»: Եվ որպես հիմնավորում՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե զեկույցն իր ամբողջ բովանդակությամբ անընդունելի է համարում «ադրբեջանական այն մոտեցումը, թե սկզբում նրանք պետք է ստանան ինչ172որ հողեր, որ հակամարտությունը վերջնականապես լուծվի, եւ միայն դրանից հետո հնարավոր են հարաբերություններ Հայաստանի հետ։ Ամբողջ համատեքստն այն է, որ համագործակցությունը պետք է սկսվի արդեն հիմա եւ հատկապես՝ «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում, ինչը մեզ համար բավականին նպաստավոր է»: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ կարեւոր հանգամանք է, որ Լենմարկերն առաջին անգամ ներկայացրել է ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի տեսակետները, այլ նաեւ ԼՂ172ի տեսակետը՝ «փաստորեն ինչ-որ չափով վերականգնելով հակամարտության երրորդ կողմի կարգավիճակը»: Զեկույցում Ադրբեջանին առաջարկվել է բանակցություններ սկսել ԼՂ172ի հետ։ Ըստ ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավարի՝ բնական է, որ զեկույցում խոսվում է ազատագրված տարածքները վերադարձնելու անհրաժեշտության մասին. «Սա արդեն բոլոր միջազգային կազմակերպություններում ընդունված թեզ է եւ սրանից խուսափել հնարավոր չէ։ Սակայն Հայաստանն առնվազն պաշտոնական մակարդակով երբեք դրա դեմ չի էլ արտահայտվել, պարզապես ինչ172որ բան վերադարձնելու դիմաց պետք է համապատասխան երաշխիքներ ստանա»։ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե իրենց համար բավական դժվարություններ էր ստեղծում ԵԽԽՎ Ղարաբաղի հարցի շուրջ բանաձեւը, որն ադրբեջանցիները եւ թուրքերը «զենք էին սարքել» եւ «ուղղակի դաստաներով բաժանելու եղանակով՝ անընդհատ բերում էին սեղանների վրա»: Ուստի, ըստ նրա՝ իրենք ճիշտ մարտավարությունն են համարել այս փուլում ընդհանրապես բանաձեւը բացառելը: Նաեւ նշեց. «Մեր ուզած բանաձեւում պիտի գրված լինի, որ Քելբաջարն ու Ֆիզուլին մեր պապական հողերն են: Այդպիսի բանաձեւ մենք այսօր անցկացնել չենք կարող, ուրեմն ավելի լավ է, որ ոչ մի բանաձեւ չլինի եւ մնա զեկույցը, որն իսկապես հավասարակշռված է եւ մեզ համար շատ նպաստավոր դրույթներ է պարունակում»: Մինչդեռ նշենք, որ ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայության ղեկավար Անդրեաս Բեքերն «Արմինֆոյին» հայտնել է, թե Լենմարկերի ներկայացրած բանաձեւի նախագիծը չի ներկայացվել նիստում զուտ ընթացակարգային նորմերի կանոններին համապատասխան, որոնց համաձայն՝ Վեհաժողովը չի կարող քննարկել նույն թեմայով երկու փաստաթուղթ: «Քանի որ Ադրբեջանի ներկայացուցչի բանաձեւն առաջինն էր ներկայացվել քննարկման, Գորան Լենմարկերի բանաձեւը չքննարկվեց անգամ կոմիտեում»,- ասել է Բեքերը: Ասուլիսի ընթացքում Վահան Հովհաննիսյանն անընդհատ հեռակա բանավիճում էր երեկ մեր թերթում այս զեկույցին Տիգրան Թորոսյանի գնահատականների հետ: Եվ մասնավորապես անդրադառնալով նրա այն դիտարկմանը, թե Լենմարկերի առաջարկած «Ճշմարտության եւ հաշտեցման» երկկողմ կոմիտե ստեղծելը վտանգավոր է, քանի որ անտեսվում է Լեռնային Ղարաբաղ կողմը, Վահան Հովհաննիսյանն ասաց՝ «Նրանք, ովքեր թյուրիմացաբար կարծում են, որ սրանով Հայաստանը ղարաբաղյան ներկայացուցչության դեր է ստանձնում՝ սխալվում են, քանի որ սրա օրակարգը Ղարաբաղը չէ: Սրա օրակարգն ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերություններն են եւ ամբողջ անցյալի վերագնահատումը»: Ի դեպ, տեղեկացրեց նաեւ հայկական կողմի առաջարկի մասին, որ ԵԱՀԿ անդամ երկրներում արգելվի ԶԼՄ-ներում ազգայնական եւ կրոնական ատելություն սերմանելը. «Եվ քանի որ ադրբեջանցիները դա անխուսափելիորեն անելու են՝ մենք դա անպայման կօգտագործենք»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ