Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅ,

Հուլիս 09,2005 00:00

ԱՅ, ՀԻՄԱ ԿԲԱՑԱՀԱՅՏԵՆ Ոստիկանությունում առանձին բաժիններ են ստեղծվել՝ անցյալում չբացահայտված հանցագործությունները անպայմանորեն բացահայտելու նպատակով: Դեռ մի քանի ամիս առաջ ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ Ներսես Նազարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի ոստիկանության համակարգում կազմավորման փուլում են առանձին բաժիններ, որոնք զբաղվելու են բացառապես նախորդ մի քանի տարիների ընթացքում չբացահայտված հանցագործությունների բացահայտմամբ: Նման բաժիններ, ըստ նրա, ստեղծվելու էին ոստիկանության գրեթե բոլոր բաժանմունքներում: Իր հերթին՝ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հայկ Միլիտոնյանն այն ժամանակ «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, թե կոնկրետ գործերի մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի որ նշված բաժինները դեռեւս կազմավորման փուլում են: Մի բան բարձրաստիճան ոստիկանները հավաստիացրել էին՝ նման հանցագործությունները «չբացված չեն մնալու»: Հիշեցնենք, որ ոստիկանության այդ նախաձեռնությանը նախորդել էր ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրած կոլեգիայի նիստը, որտեղ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կոշտ քննադատության էր ենթարկել ոստիկանության եւ դատախազության քննչական մարմիններին՝ ցածր պրոֆեսիոնալիզմի եւ չբացահայտված հանցագործությունների համար: Այն ժամանակ կարծիքներ հնչեցին, թե ինչպես գլխավոր դատախազը, այնպես էլ ոստիկանները որոշել են երկրում «PR» ակցիա անել, որի հիմնական թիրախը ընդդիմադիր գործիչները կարող են լինել, եթե ներքաղաքական զարգացումները վերջիններիս զսպելու անհրաժեշտության հանգեցնեն: Երեկ մենք փորձեցինք ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի եւ քարոզչության վարչությունից ճշտել, թե ոստիկանական հիշյալ բաժանումների ձեւավորման փուլն արդյո՞ք ավարտվել է, եւ արդյոք նրանք որեւէ չբացահայտված քրգործի բացահայտման ուղղությամբ աշխատանքներ տանո՞ւմ են, թե՞ ոչ: Մեր հարցադրումների արդյունքում՝ ի՞նչ քրգործի ուղղությամբ են աշխատանքներ տարվում, քանի՞ ոստիկան է ներգրավված այդ աշխատանքներում եւ արդյոք կա՞ն որոշակի արդյունքներ, մենք իմացանք ճիշտ այնքան, որքան գիտեինք դեռ այդ բաժինների ձեւավորման մասին հայտարարության օրը: Նախ, ոստիկանությունում մի պահ անգամ մոռացել էին նման բաժինների ստեղծման մասին, իսկ ավելի ուշ՝ միակ բանը, որ փոխանցեցին պաշտոնապես, այն էր, որ իրավապահներն «աշխատում են»: Այդուհանդերձ, ո՞րն էր ոստիկանական համակարգում նման նոր բաժիններ ստեղծելու անհրաժեշտությունն ու պատճառը, եթե այսպես, թե այնպես՝ ոստիկանության գլխավոր գործառույթը շատ կամ քիչ աղմկահարույց հանցագործությունների բացահայտումը պետք է լինի: Արդյո՞ք այս բաժիններն էլ, ինչպես կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ հանձնաժողովներում ներգրավված մարդիկ են, հերթական ձրիակերների եւ «պատժիչների» չեն վերածվելու: Մեր այդ հարցերին պատասխանելով՝ ՆԳ նախկին նախարար Աշոտ Մանուչարյանն ասաց. «Հանցագործությունների չբացահայտված լինելը, ըստ էության, որեւէ կապ չունի ոստիկանության պրոֆեսիոնալիզմի հետ: Իհարկե, ինչպես այլ ոլորտներում, ոստիկանությունում էլ պրոֆեսիոնալիզմի անկման, ընդհանուր բարոյալքման փուլ է: Բայց, ըստ էության, այն, որ հանցագործությունները չեն բացահայտվում, կապված է ոչ թե ոստիկանության, այլ երկրի կառավարման համակարգի, իշխանության ղեկի մոտ կանգնածների հետ: Եթե երկրի կառավարողները նորմալ են համարում այն, որ գանգստերական խմբերը Երեւանում փոխհրաձգություն են իրականացնում, եւ հետո դա ձեւակերպվում է որպես պատահականություն, եւ ամբաստանյալի կարգավիճակում հայտնված մարդիկ ազատ են արձակվում՝ նշանակում է, որ գանգստերական կեցվածքն այսօր իշխող է հանրապետությունում: Մինչդեռ նրանք, ովքեր կցանկանան գանգստերների գոյությունը կասեցնել՝ վերածվում են օրինախախտների: Այդ իմաստով, իմ կարծիքով, ոստիկանությունն այսօր անելու բան չունի»՝ նկատի ունենալով, այսպես կոչված՝ «ՏԷՑ-ի կրուգում» լայնամասշտաբ փոխհրաձգության եւ արդյունքում մահվան ելքով տեղի ունեցածի փաստի առիթով կայացած դատավարությունը: Ա. Մանուչարյանը դժվարացավ գնահատական տալ ոստիկանության վերոհիշյալ նախաձեռնությանը, որովհետեւ, ըստ նրա, «այդ ամենը միանգամայն այլ տրամաբանություն ունի: Դա կարող է կապված լինել այս կամ այն շրջանակների, այս կամ այն դրսեւորումների հետ»: Ի դեպ, արդեն ավելի քան մեկ տարի չբացահայտված է մնում նաեւ Ա. Մանուչարյանին դաժան ծեծի ենթարկելու փաստով ժամանակին հարուցված քրգործը, որը կարճվել էր հանցագործներին ի հայտ բերելու ոստիկանության անկարողության պատճառով: Անդրադառնալով, մասնավորապես, այդ դեպքին՝ Ա. Մանուչարյանն ասաց, որ դրա մասին որեւէ նորություն չկա: Փոխարենը վստահեցրեց, թե՝ «հանրապետությունում մոտենում է իշխանափոխությունը եւ դրա հետ կապված՝ նաեւ բոլոր չբացահայտված գործերի բացահայտումը»: «Գտնում եմ, որ այդ եւ մնացած բոլոր հանցագործությունների բացահայտումը կապված է այսօր իշխանական լծակները գրաված անձերի հետ: Իշխանափոխությունից հետո այդ բոլոր գործերը կարող են բացահայտվել»,- ասաց Ա. Մանուչարյանը՝ հավելելով, որ իրեն առնչվող գործը «շատ ավելի համեստ է հանրապետությունում կատարվող հարյուրավոր այլ գործերի համեմատությամբ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել