Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հուլիս 09,2005 00:00

Օգնենք՝ ունենալու Դավիթի թանգարանը Օրերս լրացավ վաղամեռիկ
բանաստեղծ Դավիթ Հովսեփյանի ծննդյան 34-ամյակը: 16 տարի առաջ կանգ առավ նրա սիրտը:
Բժիշկներն անզոր եղան փրկել երիտասարդին: Ընթերցողը կհիշի Դավիթի ազգասիրական
նախաձեռնությունները: Օրինակ, թե ինչպես էր 12 տարեկանում 1424 ստորագրություն հավաքել՝
պարզելու, թե քանի հայ է հայերեն ստորագրում: Կամ՝ 13 տարեկանում հավաքել էր Հովհաննես
Շիրազին պատկանող մասունքները: Շիրազի մահվան տարելիցին առաջինը Դավիթն է դրել բանաստեղծի
գրանիտե հուշաքար եւ իրենց բնակարանի մեկ սենյակը վերածել բանաստեղծի թանգարանի:
17 տարեկանում Դավիթը Հայաստանի պետական արխիվում ուսումնասիրում է հայ ազատագրական
պայքարի գործիչների կյանքն ու գործունեությունը, հիմնադրում «Զորավար Անդրանիկ» ընկերությունը:
1988-ին Դավիթը ղարաբաղյան շարժման կիզակետում էր: 1989-ի հուլիսի 30-ին, ընդամենը
18 տարեկանում նա կնքեց իր մահկանացուն: Հետմահու տպագրվեց Դավիթի «Եթե արցունքը
խոսել իմանար» գրքույկը: Ներկայումս մայրաքաղաքի թիվ 191 դպրոցը կրում է նրա անունը:
Պատահական չի ասել նրա մասին Պերճ Զեյթունցյանը. «Այդ համակրելի ու բարեսիրտ
երիտասարդը դեռեւս 87-ին կազմակերպել էր Զորավար Անդրանիկի մահվան 60-րդ տարելիցի
հանդիսությունը: Իսկ այն ժամանակ դա պարզապես հանդգնություն էր՝ հայրենասիրական նման
ցույցեր կազմակերպել, այն էլ բարձրաձայն, օրը ցերեկով, հազարավոր մարդկանց մասնակցությամբ:
Զարմանալի էր, որ այս գործը ընկած է նրա նման յուրահատուկ հայրենասերի թույլ ուսերին»:
Արդ «Առավոտ» թերթի միջոցով ցանկանում եմ կոչ անել գործարար հայորդիներին՝
սատար լինել ունենալու Դավիթ Հովսեփյանի թանգարանը՝ պատշաճ շենքում եւ պատշաճ մակարդակով:
Մինչեւ հիմա էլ Դավիթին ճանաչողները այցելում են նրա ստեղծած թանգարան՝ խմբերով եւ
անհատապես: Դրանք սովորական այցելություններ չեն, այլ ուխտագնացություններ: ԱՆՅԱ
ՉՈԲԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել