ԵՊՀ-ում
դիմորդների աննախադեպ թիվ է գրանցվել Հունիսի 15-ից սկսվել է 2005-ի դիմորդների
հայտերի ընդունումը: Հուլիսի 7-ի տվյալներով Երեւանի պետական համալսարան էր դիմել
1900 դիմորդ: Այդ օրը ԵՊՀ-ի համար ռեկորդային է եղել: Ըստ ընդունող հանձնաժողովի
պատասխանատու քարտուղարի տեղակալ Կամո Աթայանի, հուլիսի 7-ի դիմում-հայտերի թիվը
հասել է 621-ի՝ «ընդ որում առանց որեւէ միջադեպի: Նման թիվ համալսարանի պատմության
մեջ չի գրանցվել»: Ինչպես հայտնի է, այս տարի փոխվել է գնահատման կարգը՝ գնահատականներն
այսուհետեւ չեն կլորացվելու: Այս փոփոխությունը, ըստ դիմորդների, ավելի շատ կապահովի
հանձնաժողովի անաչառությունը: Մանուշակ Մուրադյանի աղջիկը դիմել է Երեւանի պետական
բժշկական համալսարան, իսկ բարեկամուհին՝ ԵՊՀ. «Ընդհանուր առմամբ փաստաթղթերի ընդունման
կարգից շատ գոհ եմ: Նման վերաբերմունքը նույնպես կարող է հուսադրող եւ ոգեւորող լինել
դիմորդի համար: Գնահատականի չկլորացման գաղափարը ողջունելի է, քանի որ արդար քրտինքով
վաստակած «0.25» միավորը կարող է օգնել դիմորդին»: Ըստ Կ. Աթայանի, այս տարվա
դիմորդները բավականին կիրթ են, բարետես, «կուլտուրական»: Նա ասում է. «Մենք միշտ
խնդրել եւ խնդրում ենք, որ ինչքան հնարավոր է ծնողներն այս գործընթացին քիչ միջամտեն»:
Նա փաստեց, որ ավելի մեծ հոսք է նկատվում իրավաբանական, հայերեն բանասիրության, կիրառական
մաթեմատիկայի, քաղաքագիտության եւ արեւելյան լեզուների բաժիններում: Երեւանի
պետական տնտեսագիտական համալսարանում արդեն 688 դիմորդ կա: Ի դեպ, այստեղ առավոտյան
արդեն մեծ հերթ էր գոյացել, նույնիսկ դիմորդներին հերթագրել էին՝ ավելորդ քաշքշուկից
խուսափելու համար: Ինչպես վերջին մի քանի տարում, այս տարի էլ ամենաշատը դիմել էին
բուհի «Ֆինանսներ եւ վարկ» բաժին՝ 135 դիմորդ, ի տարբերություն «Ստանդարտացում եւ
սերտիֆիկացում» բաժնի, որտեղ երեկվա դրությամբ դիմորդների թիվը 6-ից չէր անցնում:
Այս համալսարան դիմած Գայանե Հովսեփյանը նշեց, որ չկլորացումը ավելի շատ ի վնաս դիմորդի
կօգտագործվի: Գյուղատնտեսական ակադեմիայում դիմորդների հոսքը հիմնականում
ակտիվանում է հայտերի ընդունման վերջին օրերին: Պատասխանատու քարտուղար Սարգիս Ավագյանի
մեկնաբանմամբ՝ «շրջանավարտները գալիս են գործերը տալու այն ֆակուլտետներ, որտեղ քիչ
դիմողներ կան»: Ակադեմիան այս տարի ունի 214 պետպատվերով տեղ, 393 վճարովի եւ 312
տեղ առանց տարկետման իրավունքի: Այս բուհում դիմորդները հիմնականում ընտրում են ագրոպարենային,
հողաշինարարության, հողային կադաստր ֆակուլտետները: Այստեղի դիմորդները կարծում են,
որ իրենց ամենաքիչն է սպառնում գնահատականների չկլորացումից սպասվող վտանգը: Ըստ
նրանց, դա հիմնականում կազդի բանավոր քննությունների եւ ստեղծագործական մրցույթներին
մասնակցողների վրա: Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Արա Ավետիսյանին փոխանցեցինք դիմորդների մտահոգությունը: Նա նշեց միավորների չկլորացման
դրական եւ բացասական կողմերը: «Դրական կողմն այն է, որ ճշգրիտ գնահատման հնարավորություն
է ստեղծում, եւ կբացառվեն դեպքերը, երբ երեխան մի քիչ-մի քիչ մի քննությունից կորցնելով,
արդյունքում կորցնում է ավելի շատ»: Ըստ փոխնախագահի, չկլորացման բացասական կողմը
միայն տեխնիկական է. այս դեպքում կշատանան բողոքարկումները: «Սակայն ամեն դեպքում
ճշգրիտ գնահատումն ավելի անհավանական է դարձնում բացթողումը, քան կլորացվածը»: Մեր
դիտարկմանը, թե արդյոք տասնորդական կամ հարյուրերորդական միավորներով գնահատումը
քննողին հնարավորություն չի՞ տա գնահատել ի վնաս դիմորդի, քանի որ հարյուրերորդական
միավորների հետեւից ընկնելով ավելի է մեծանում սուբյեկտիվիզմի դրսեւորումը, տվյալ
պահին գուցե ստուգողի անազնիվ հանած 0,25 միավորը փոքր թվա, բայց կստացվի, որ մի
քիչ-մի քիչ կորցնելով արդյունքում կկորցնի ավելի շատ: Այս առթիվ պրն Ավետիսյանն ասում
է. «Յուրաքանչյուր առարկայի քննությունն ունի իր գնահատման չափանիշները: Օրինակ՝
ֆիզիկայի ամենափոքր քայլը 0,25 է, մաթեմատիկայում՝ 0,5»: Իսկ ինչ վերաբերում է բանավոր
քննություններին, ապա, ըստ նրա, այդ դեպքում 0,1-ի կարգի քայլ չկա: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ