Իսկ համատիրություններն ինչի՞ համար են
«Սխալ է կիրառվում «Բազմաբնակարան շենքերում համատիրություններ ստեղծելու մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի, համատիրությունները պարտավոր են ապահովել իրենց ենթակայության շենքերի նորմալ շահագործումը, բայց ոչինչ էլ չեն անում: Մարդիկ բնակարանների համար գույքահարկ են մուծում, իսկ շենքի ընդհանուր գույքի, ջրագիծ կամ կոյուղագիծ փոխելու, աստիճանավանդակը, վերելակը, կտուրն ու այլ ընդհանուր օգտագործման հատվածները վերանորոգելու համար էլ առանձին են գումար հավաքում: Այնինչ, համատիրությունները պահելու համար յուրաքանչյուր բնակարանի յուրաքանչյուր քմ-ի համար սեփականատերերից գանձում են 13 դրամ: Հաշվեք, թե մի համատիրության մեջ քանի տասնյակ բազմաբնակարան շենք է մտնում եւ ինչքան հարկ են հավաքում բնակիչներից՝ ոչինչ չարած: Առաջարկում ենք համատիրությունները տրոհել, յուրաքանչյուր բակում մի քանի շենքերի համար ստեղծել նմանատիպ կառույց, որ դրա կատարած աշխատանքը բոլորի համար ակնառու եւ վերահսկելի լինի: Մենք էլ հասկանանք, թե ինչին փող տվեցինք»,- այս բողոքն «Առավոտին» են հասցեագրել մի խումբ երեւանցիներ, ինչին, ի դեպ, համամիտ կլինեն շենքերում բնակվող բոլոր մայրաքաղաքցիները:
Համատիրության գաղափարը մեր երկրում կիրառություն գտավ շուրջ 10 տարի առաջ, սակայն մինչ օրս էլ այդ կառույցը չի աշխատում իր կանոնադրության ու նպատակին համապատասխան: Տարբեր առիթներով այդ մասին չեն նեղվում խոստովանել նաեւ համատիրությունների, ինչպես եւ՝ համայնքների ղեկավարները: Սկզբնական շրջանում հիմնական պատճառը համարվում էր կառույցի ձեւավորման համար պետք է ֆինանսավորումը, ինչի համար անհրաժեշտ էր ապահովել վճարների կանոնավոր հավաքագրում: Դրան հասան, դրա համար մեխանիզմներ մշակվեցին: Սակայն կրկին ոչինչ չփոխվեց. գրեթե բոլոր տարածքներում շենքերի պահպանության ու շահագործման ծախսերը մնացել են բնակիչների ուսերին: Կոմունալ բոլոր ծառայություններն իրենց աշխատանքն ավարտված են համարում շենքի բակում. դրանց ներսում ինչ կատարվեց՝ վթար, թե անսարքություն, պետք է վերացնի համատիրությունը: Սակայն վերջինս, որպես կանոն, երկարատեւ ահազանգերից հետո ժամանելով, բավարարվում է ուսումնասիրելով եւ մի «հեղինակավոր» խորհուրդ տալով: Հնարավոր է՝ գործն էլ անեն, բայց՝ հավելյալ գումար հավաքելուց հետո միայն:
Շատ հաճախ նաեւ անհրաժեշտ մասնագետ էլ չեն ունենում: Թեպետ ինչպես նախկին ԲՇՏ-երում, պարտավոր էին կենցաղային բոլոր խնդիրները վերացնելու համար ապահովված լինել համապատասխան մասնագետներով, այն էլ ամեն մեկից մի քանիսը, որովհետեւ սպասարկման գոտին անհամեմատ մեծացել է: Բնակիչներին նման դեպքերի համար մնում է ապավինել ծանոթ-բարեկամ էլեկտրիկներին, «սլեսարներին», շինարարներին եւ այլոց: Բնականաբար՝ վճարելով նրանց պահանջած գումարը:
Որպեսզի համատիրությունները ոտքի կանգնեն, նրանց անհրաժեշտ կրթություն եւ կառավարման փորձի օրինակ էր պետք: Այդ նպատակով վերջին տարիներին «փթթեցին» մի շարք հասարակական կազմակերպություններ: Սակայն ամեն անգամ նրանց կազմակերպած սեմինարներն ու դասընթացները գործնականում արդյունք չեն տալիս, որովհետեւ համատիրությունների աշխատանքի վերահսկողության խնդիրը կարգավորված չէ: Նախ դրանցից որեւէ մեկն առայսօր մտքով չի անցկացրել, որ աշխատանքների հաշվետվությունը պետք է ներկայացնել ոչ թե «ախպեր» թաղապետին, այլ բնակիչներին, ընդհանուր ժողովի միջոցով: Ճիշտ է, համատիրության անդամները կազմվում են նաեւ շենքերի ներկայացուցիչներից, բայց մի քանիսի հետ, այն էլ՝ այդ «օջախից» օգտվող, լեզու գտնելը դժվար չէ: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք՝ մենք ենք ու մեր շենքը:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ