Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատեց «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների» որոշման նախագիծը:
Սույն փաստաթղթով հանձնաժողովը որոշեց գազի հաշվիչների անվտանգության պատասխանատվության հարցը, ինչպես նաեւ ներտնային համակարգերի կառուցման, փորձարկման, սպասարկման գործառույթները վերապահել «ՀայՌուսգազարդին»: Նիստից հետո դժգոհ մնացին թե «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, թե՛ սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունները: «ՀայՌուսգազարդի» գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանի հաշվարկներով, ընկերության վրա դրված նոր պարտականությունները կպահանջեն հավելյալ ծախսեր եւ կբերեն բաժանորդների թվի կրճատման՝ 100 հազարից դառնալով 70 հազար. «Որպեսզի գազի հաշվիչները շենքերից դուրս բերենք եւ անվտանգությունն ապահովենք, հարկավոր է դրանց համար հեռու վայրում մի շինություն կառուցել, ինչի համար մեր ներդրումները չեն բավականացնի, եւ նոր ներդրումներ են անհրաժեշտ: Բնակիչներն էլ կբողոքեն, որ իրենց համար տեսանելի վայրում չէ, եւ որ այդ հատվածից տուն հասցնելը շատ ավելի երկար ու ծախսատար է: Եվ ստացվում է, որ անվտանգության որեւէ խնդիր, ըստ էության, չի լուծվում, բայց բաժանորդների թիվը կրճատվում է»:
Այսուհետեւ «ՀայՌուսգազարդի» նոր պարտականություններից մեկն էլ հրշեջի դեր ստանձնելն է, բնակարաններում տեխնիկական սպասարկումը կիրականացնեն ոչ թե կամավոր հրշեջները, ինչպես մինչ այժմ էր, այլ՝ ընկերության «գազի մարդիկ»: Տեխսպասարկման համար բնակչի վճարելիք գումարը կսահմանի ՀԾԿՀ-ն: Պարոն Կարապետյանը նաեւ ասաց, որ առաջիկայում գազի գնի թանկացում չի սպասվում:
Երեկ փաստաթղթի վերաբերյալ սպառողների շահերով մտահոգված հ/կ-ների միջեւ էլ տարաձայնություններ կային: Եթե հ/կ-ներից մի քանիսը գտնում էր, որ փաստաթուղթը մի քայլ առաջ է, ապա Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոն հ/կ-ն համոզված էր, որ «նախորդից էլ վատն է»: Ըստ «Հասարակական պաշտպանների միություն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանի, «փաստաթուղթը լիարժեք չէ, քանի որ գոյություն չունեն նրան կից պայմանագրեր, որտեղ ավելի հստակ սահմանված կլինեին սպառողների եւ մատակարարի իրավունքներն ու պարտականությունները»: Դժգոհ հ/կ-ներին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը մխիթարեց, որ «հետագայում հնարավորություն կա փաստաթղթում լրացումներ եւ փոփոխություններ կատարել»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ