Հայաստանում
«պրիստիժնի» հավաքներ կազմակերպելը, պարզվում է, բավականին թանկ հաճույք է: Օրինակ,
100 հոգու համար նախատեսված հարսանիքը կամ կնունքը միջին հաշվով կարժենա ոչ պակաս,
քան $6000: Համենայնդեպս, մի քանի հարսանյաց եւ ծաղկի սրահներից, ռեստորաններից,
զագսերից ու հենց կազմակերպիչներից արված մեր հարցումները այսպիսի հաշվարկ են ցույց
տալիս: Հաշվենք ինքներս. հարսանիքի, կնունքի կամ նմանատիպ հավաքների համար ամենակարեւորը
ռեստորանի հարցն է: Քաղաքի անգամ ծայրամասում գտնվող ոչ այնքան հայտնի ռեստորաններում
1 աթոռի համար պետք է վճարել միջինը $17, որի մեջ չի մտնում օղին ու երաժշտությունը:
Վերջինիս գումարը կախված է ոչ միայն գործիքների բազմազանությունից՝ դհոլ, զուռնա,
ջութակ, սինթեզ, այլ նաեւ երգչի ճանաչվածությունից եւ երգելու կարողությունից: Որպես
կանոն, քեֆերին «շախ տվող» եւ այդ ասպարեզում ճանաչված ռաբիս երգիչները իրենց 2-3-ժամյա
ներկայության համար գնահատվում են $1000-3000, բայց երբեմն պայմանավորված ժամի ուղիղ
կեսը վատնում են հանգստի ու «հաց ուտելու» վրա: Արդյունքում հնչում է ընդամենը 4-5
երգ, որից 3-ը՝ «մուղամ»: Ինչ վերաբերում է ռեստորանային ծառայություններին, դրանցից
քիչ թե շատ օգտվողները դժգոհելու բավականին պատճառներ ունեն՝ սկսած թթված աղցանների
աղքատ պարունակությունից, մինչեւ «դաբավկայի» բացակայությունն ու սպասարկման որակը:
Իսկ թե խորովածը բերելու պահին ռեստորանի մատուցողների սենյակում ինչ է կատարվում,
պետք է պարզապես տեսնել. քավորի «գումարային» ուշադրությանն արժանանալու համար գլխավորի
հավակնությունը միշտ հանգեցնում է մյուսների դժգոհությանը: Արարողությունների
համար մյուս կարեւոր «դետալը» վարձու մեքենաներն են, սովորաբար՝ «Լիմուզին»: Այս
մեքենայի մեկժամյա վարձը միջինը $100 է, որը գանձվում է նախապես, բայց երբեմն ուշանում
է: Խառնաշփոթի մեջ միջոցառման կազմակերպիչները ստիպված են լինում տեղավորվել յուրայինների
թեկուզ հասարակ մակնիշի մեքենաներում ու շարունակել իրենց ուրախությունը: Ինչ վերաբերում
է եկեղեցուն, սա հավաքներ անողների ամենաչսիրած վայրն է: Առաջին հայացքից յուրաքանչյուր
կնունքի համար պաշտոնապես գանձվող 400-ական եւ պսակադրության համար 1200-ական դրամները
բավականին մատչելի են թվում, բայց արարողությունից հետո գալիս է քահանաների շատ «սիրելի
պահը»՝ թասը պարզելու գործընթացը, որը քավորին ու մյուս «աղաներին» զրկում է եւս
մի քանի հազարական դրամներից: Մի «թակարդից» դեռ չպրծած, հայտնվում է մյուսը՝ լուսանկարչական
ապարատով մեկը, որը «հլը մի րոպե չշարժվեք, նկարում եմ» արտահայտությամբ անակնկալի
է բերում բոլորին: Բնականաբար, հյուրերն օրվա հերոսների հետ խումբ-խումբ շարվում
ու նկարվում են, հետո ստիպված են լինում յուրաքանչյուր նկարի համար վճարել 2000 դրամ:
Ընդհանուր գումարից 500 դրամ զեղչ անելուց եւ բավականին պատկառելի գումար շորթելուց
հետո նկարիչն անհապաղ հեռանում է: Ինչ վերաբերում է «պոլարոիդ» ապարատով արված նկարների
որակին, լավագույն դեպքում դրանցից դուրս են գալիս 2-3-ը, երբ արդեն ո՛չ նկարչին
է բռնել լինում, ո՛չ էլ ժամանակ ես ունենում դրանցով զբաղվելու: Հարսանիքի
դեպքում հաջորդ մեծ ծախսը զագս ընկնելն է: Սովորական օրերին զագսով ամուսնանալու
համար պետք է վճարել ընդամենը 2000 դրամ, բայց հարսանիքի օրը՝ չգիտես ինչու՝ 18000:
Սա դեռ պետականորեն գանձվող գումարն է, որից բացի, օրինակ՝ Երիտասարդական պալատի
զագսում պահանջում են եւս 50 հազար դրամ՝ ընդամենը այնպիսի «շքեղությունների» համար,
ինչպիսիք են 1 շիշ շամպայնը եւ 1 տուփ շոկոլադը (բոմբոներկա): Եթե մեկ առ
մեկ գումարում եք վերը նշված հարկի ու անհարկի վճարումները եւ չի ստացվում մեր արձանագրած
$6000-ը, ապա ստացված գումարին պետք է ընդամենը ավելացնել հարսանյաց սրահի, ծաղիկների,
տարոսիկների, տոնական «սինիների» տորթի եւ մնացած «մանր-մունր» ծառայությունների
գումարը, որը կգերազանցի $1000-ը: Միայն հետաքրքիր եւ օրիգինալ հրավիրատոմսեր պատրաստելու
համար տոնական խնջույքներ կազմակերպող ընկերությունները պահանջում են $100, էլ չենք
խոսում մյուս կազմակերպչական գործերի՝ այդ թվում միջոցառումը վարողի մասին, որի 6-ժամյա
խոսելու արժեքը $200 է: Բացի հիմնական ծախսերից, վերջին շրջանում ընդունված
են այլ «թիթիզություններ», որոնցից է, օրինակ՝ թղթե անձրեւը: 10-15 րոպե օդում մի
քանի պատռած թղթեր պար տալու համար պետք է վճարել եւս $200: Այսպիսով, այսօր
Հայաստանում որեւէ քեֆ կամ հավաք կազմակերպելը սնանկացման տարբերակ է: ՀՌԻՓՍԻՄԵ
ՋԵԲԵՋՅԱՆ