Սա
գրախոսություն չէ, սա առաջարկ է՝ կարդալ Գրիգոր Բաբայանի «Հայկական հակաժողովրդական
հեքիաթներ» գիրքը: Համարյա գովազդ։ Եթե, իհարկե, թարմության կարոտ ընթերցողի համար
ինքնին գովազդ չէ գրքի վերնագրի բառերի համադրությունը՝ հայկական, հակաժողովրդական,
հեքիաթներ։ Բայց մեր օրերում «ինքնին գովազդ» արտահայտությունը ժամանակավրեպ է, երբ
խոսքը վերաբերում է գրքին։ Դրա վկայությունը գեղարվեստական գրականության չնչին սպառումն
է։ Գրիգոր Բաբայանի այս ժողովածուն, գոնե մեզանում, բոլորովին նոր հայացք
է հեքիաթին, որի հանդեպ գրողների ավանդական մոտեցումը մշակումն է եղել։ «Մշակում»
բառը ենթադրում է, որ բարբառը փոխարինվել է գրական լեզվով, հղկվել է ոճը, կառուցվածքը,
ավելի ամբողջական են դարձել կերպարները։ Հայ ընթերցող սերունդների մտքով իսկ չի անցել,
որ վերամշակողները փոփոխության են ենթարկել նաեւ հեքիաթի բովանդակությունը, խրատաբանությունը,
այսինքն… արժեքային համակարգը։ Վերջին տեսակի փոփոխություններն ընդունել՝ կնշանակեր
վերամշակողների հետ միասին կասկածի է ենթարկել ժողովրդի իմաստնությունը։ Այսուհանդերձ,
սկզբնաղբյուրների հետ նույնիսկ թռուցիկ համեմատությունը ցույց է տալիս, որ հայ դասականները,
ըստ հեքիաթի մասին արդեն ձեւավորված պատկերացման, ըստ Գրիմ եղբայրների եւ այլոց ստեղծած
հեքիաթների են վերապատմել մեր վերապատմելի հեքիաթները։ Վերապատմելին շեշտում եմ,
քանի որ ժողովրդական շատ հեքիաթներ իրենց բնական, անմշակ վիճակում անվերարտադրելի
են սյուժետային ցաքուցրիվության պատճառով, քարոզում են կա՛մ կենցաղային հաշվենկատ
ցինիզմ (քաջության ու վեհանձնության փոխարեն), կա՛մ պարզապես հասկանալի չէ, թե ինչ։
Սա վկայում է, որ եթե իրականում ժողովրդի հավաքական իմաստնությունն անվիճարկելի
է (թեեւ պատմությունը հակառակն էլ է հիշում), ապա բանահյուսական մակարդակում շատ
հաճախ թեական են այդ իմաստնությունը կրող առանձին մարդկանց՝ հեքիաթասացների ստեղծագործական
ընդունակությունները եւ միջնորդական դերակատարությունը, որ գրականագետների կողմից
ակնհայտորեն գերագնահատված են ներմուծվել հասարակական գիտակցություն։ Երեւույթ, որի
ակունքները պետք է փնտրել գլխավորապես խորհրդային իշխանության մեջ, որի դասապետության
համաձայն՝ որքան ցածր էր մարդու սոցիալական ծագումը եւ գրագիտության աստիճանը, այնքան
նա վստահելի էր ու յուրային։ Գրիգոր Բաբայանը տեսնում է ժողովրդական հեքիաթներն
այնպես, ինչպես կան։ Նա առանց նախապաշարումների հարաբերում է դրանք այսօրվա քաղաքակրթական
ընկալումներին, գրական չափանիշներին իր խորհրդածությունները գիտական մտածողությունից
հստակորեն սահմանազատելով՝ անցյալի ու թրթռուն ներկայի միջեւ մշտական երթեւեկի շնորհիվ։
«Ժամանակով մեկ մարթ կար,- պատմել են բանահավաքին Աշտարակում, երբ այն դեռեւս հարուստ
գյուղ էր, այլ ոչ թե աղքատ մարզկենտրոն,- ուներ երկու տղա, մի տղա էլ փորումնա»,-
այսպես է հեղինակը սկսում, օրինակ, «Փառչա-փահլեւան» հեքիաթը՝ միջանկյալ նախադասության
մեջ «հարուստ գյուղ-աղքատ մարզկենտրոն» հակադրությամբ բնութագրելով երկու պատմական
դարաշրջան։ Նույն «Փառչա-փահլեւանի» բաբայանական վերջաբանը հեքիաթի սովորական ավարտը
խորհրդաբանական տեսանկյունից է վերծանում եւ դիտում է այն տարբեր էթնոմիջավայրերի
ու գեղարվեստական կանոնների աղերսներում. «…բերեցին յոթն օր, յոթ գիշեր հարսանիք
արեցին համապատասխան աղջկերքի հետ, այսինքն տղեն իր մարմնական ու մտավոր բնույթին
կնության տվեց գեղեցկությունն ու սերը… Եթե այս պատմությունն աղավաղվեր ոչ թե Արարատյան
դաշտում, այլ՝ Պրովանսալյան, միջնադարյան վիպասքի երգիչ Կրետյեն դը Տրուան կգրեր,
թե Դիպակի ասպետն այսպիսով հավատարիմ մնաց իր կոչմանն ու անմահություն նվաճեց, Վալտեր
ֆոն Էշենբախն էլ կճշտեր, թե դա արեց Ծածկոցի կամ Վարագույրի ասպետը»։ Նույնիսկ
երկու մեջբերումից հետո էլ կարծես թե կարիք կա հայտնի ու ընդունված եզրով բնորոշել
«Հայկական հակաժողովրդական հեքիաթների» ժանրը, որպեսզի սույն գրվածքի ընթերցողները
պատկերացնեն, թե ինչի մասին է ի վերջո խոսքը։ Ես դրանք կկոչեի էսսեներ (ինչպես որ
հարմար է վարվել ժանրային ձեւակերպման դժվար ենթարկվող ստեղծագործությունների դեպքում)։
Ինքը՝ Գրիգոր Բաբայանը մեկ ուրիշ հեքիաթի սկզբում այսպես է սահմանում ժողովածուի
ստեղծագործությունների էությունը. «Դժվար է ասել, թե ստորեւ ներկայացվող անպաճույճ
պատմությունը որքանով է հայկական հակաժողովրդական հեքիաթ, այսինքն՝ անհատական եւ
անձնամփոփ հոգեւոր փորձի հայերեն բանահյուսված ընդհանրացում»… Լինեն այս «հեքիաթները»
էսսեներ, թե «անձնամփոփ հոգեւոր փորձի ընդհանրացում», այնուամենայիվ, դրանք միասնականություն
չունեն, ավելի ճիշտ՝ միասնականությամբ չեն «տառապում»։ Տվյալ պարագայում սա նշանակում
է, որ չկա որոշակի մեն-մի հնարք, որը հեղինակը գտել եւ «շահագործել» է։ Գրողն ունի
մեծ զինանոց, որը յուրաքանչյուր հեքիաթի հարաբերվում է որպես տրված թեմայի եւ, ըստ
այդմ, տանում-հեռացնում նյութը մինչեւ փիլիսոփայություն կամ բերում-մոտեցնում մինչեւ
զգացմունք։ Առաջինի օրինակը «Խոխ» հեքիաթն է, որտեղ վաճառականի ու նրա գտած գանգի
(խոխի) առնչությունը Գրիգոր Բաբայանը հասցնում է գեղարվեստականորեն տպավորիչ բանաձեւումների.
«Գյուտի ուրախությունը կարճատեւ է, որովհետեւ ինքնահայտնության նոր գիտակցությունը
ձեւավորվում է կաղապարները ջարդելու տառապանքով եւ արյան բարկության կրակներում ցերեկային
դատողությունը կատաղի խանդով է ըմբոստանում սեփական գանգին դրսից նայելու հայացքի
դեմ եւ հրկիզելով՝ վառում է այն, այսպես ասած՝ զգացմունքների թոնրում»։ Նույն հեքիաթից
մեջբերեմ եւս մեկ հատված, որտեղ ամբողջ գրքին բնորոշ կերպով անցումներ են արվում
բարբառից գրական լեզվին եւ՝ հակառակը։ Համարյա՝ անկանխատեսելի, բայց միշտ՝ սրամիտ
ու արտիստիկ։ Վաճառականի կինը խանդում է նրա գտած գանգին՝ կասկածելով. «- Էդի կնկա
խոխ ա։ Բազրկան ծռի վրեն, բերեր ա։ / Թե ոնց որոշեց գանգի սեռը (երեւի սիրուն, ատամները
տեղը, պլպլան գանգ էր) կամ թե ինչու պիտի բազրկանը սիրահարվեր գանգին, անբացատրելի
է, բայց խանդավառված կնիկը կվերու խոխ կթալա թոնդիր»։ Սրամտությունը, հեգնանքը,
որ ուղեկցում են գրքի բոլոր ստեղծագործություններին, հիմնականում հեքիաթների տարբեր
բնույթի թերություններին են ուղղված։ Բայց դրանք երբեւէ չար չեն, չարախինդ չեն։ Եթե
մեր շարադրանք ներգրավենք հաճախ օգտագործվող համեմատությունը, որը անհատի ու ժողովրդի
փոխհարաբերությունը դիտարկում է որպես մոր եւ որդու հարաբերություն, ապա գործ ունենք
այն մեղմ, ջերմ հումորի հետ, որով զավակը կարող է տարեց ծնողի հոգու հետ խաղալ՝ նրա
միամտությունը կամ անմեղ խորամանկությունը ծաղրելով։ Գորովանքի, հեգնանքի եւ զգացմունքի՝
ցավի, մի զարմանահրաշ խառնուրդ է ամփոփում «Որսորդն ու կաքավը» հեքիաթը, որի բովանդակությունը
հետեւյալն է. թռչունը խնդրում է մարդուն չսպանել իր նախշուն ձագին, որին նա սպանում
է, քանի որ իրականում «մոխրըռանգ» է լինում։ Եվ ահա «նախանցյալ դարակեսի ղարաբաղցին
(հեքիաթասացը), որի անունը բանահավաքը չի հիշատակում, եւ ուրեմն չգիտենք անգամ՝ կին
էր, թե տղամարդ, հանկարծ մնում ու ասում է. «Սաղ քըշեր կաքավը լաց ար ինում»։ / Քաշվանք…
Ի՞նչ գործ ունեիր, այ մարդ։ Ամբողջ գիշեր կաքավը լաց էր լինում։ Ի՞նչ ես ուզում,
այ կին։ Կաքավը լաց էր լինում։ Ողջ գիշեր։ Ողբում էր իր զավակի համար եւ չէր կարողանում
մխիթարվել։ Որովհետեւ իր աչքում էր միայն իր կյանքը, իր հոգին նախշուն ու երգեցիկ։
Որսորդի համար, որը մահն է, մի գորշ ու տգեղ բան էր։ Ամբողջ գիշեր կաքավը լաց էր
լինում։ / Ի՞նչ անես, լավ»։ Սա արդեն նոր ժամանակների հեքիաթասացն է՝ իր սթափությամբ
ռոմանտիկ, իր ռոմանտիկությամբ՝ սթափ։ Նա մտքով ճանապարհվում ու հասնում է այնտեղ,
ուր բոլորը ամեն օր ձգտում, բայց անկարող են կամ վախենում են հասնել։ Եվ զգացողություն
ունես, որ դու ես նրան խնդրել կարդալ այդ հեքիաթները եւ պատմել քեզ, հյուսել մտավոր
հաճույքներին ծանոթ ականջների համար ցանկալի մի ասք։ Գրիգոր Բաբայանը մահացավ
անցյալ տարի, 47 տարեկան հասակում: Թող ներվի ինձ, եթե խոսքս իրավիճակին պատշաճ թվա,
բայց ես չեմ ուզում ափսոսանքով ավարտել հոդվածս։ Թե դեռ ինչե՜ր կգրեր իմ ընկեր Գրիգոր
Բաբայանը։ Ինչե՜ր կբեմադրեր։ Ի՜նչ հոդվածներով կաշխուժացներ հայկական մամուլի պարբերական
միապաղաղությունը։ Եթե փորձեմ վերանալ կորուստի ցավից, ապա այսպես կձեւակերպեմ
իմ ըմբռնումը. արվեստագետի ինչպես կյանքը, այնպես էլ վերահաս մահն է, որ հանգեցնում
են նրա տվյալ ստեղծագործություններին, պայմանավորում դրանց արժեքն ու գնահատումը։
Ահա թե ինչու, ես ուզում եմ գոհությունս արտահայտել, որ Գրիգորը կարողացավ գրողի,
լրագրողի, ռեժիսորի իր տաղանդներն այդքան ցայտուն դրսեւորել «Հայկական հակաժողովրդական
հեքիաթներ» գրքում։ Կարծում եմ, որ այն վերջին տասնամյակների հայ լավագույն արձակ
գործերի շարքը կդասվի… երբ ունենանք արժեւորողների դաս, որն ի վիճակի լինի այս
թարմությունն ու խաղացքը ունեցող ստեղծագործություններն ընկալել։ Իսկ մինչ այդ թող
«Հայկական հակաժողովրդական հեքիաթները» գեղագիտական բավականություն պատճառեն այն
ընդամենը 500 ընթերցողներին, որոնք գնել կամ գնելու են այս գիրքը։ ՎԱՀՐԱՄ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ