Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ո՞Վ Է ԱՅԴ ՏԱԿԱՆՔԸ»

Հուլիս 09,2005 00:00

«Ո՞Վ
Է ԱՅԴ ՏԱԿԱՆՔԸ» Միջկուսակցական խորհրդակցական մարմնի անդամ
մի քանի կուսակցությունների ղեկավարները դեռեւս 1-1,5 ամիս առաջ որոշում էին կայացրել
միասնական դիրքորոշում արտահայտել սահմանադրական բարեփոխումների՝ երկրորդ ընթերցմանն
առաջարկվելիք փաստաթղթի վերաբերյալ: Երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր
Հայրիկյանն այդ մոտեցումը որակեց «արդյունավետ ազդեցություն ունենալու միակ ճանապարհը»:
Նա նաեւ ներկայացրեց իր վերապահումները փոփոխության առաջարկվող որոշ դրույթների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ, ըստ բարեփոխումների տարբերակի՝ ԱԺ-ն եւ տեղական ինքնակառավարման մարմինները
պետք է ընտրվեն չորս տարին մեկ՝ ներկայիս, համապատասխանաբար, հինգ եւ երեք տարիների
փոխարեն: Նման «բարեփոխումը» Հայրիկյանը անվանում է ժողովրդավարության նվազեցում,
քանի որ այդպիսով պակասեցվում է «ժողովրդի մասնակցությունը երկրի կառավարմանը»: Նկատենք,
որ վերոնշյալ դրույթների վերաբերյալ նմանատիպ կարծիք էր արտահայտել նաեւ ՀՀՇ վարչության
անդամ Արամ Մանուկյանը: Պրն Հայրիկյանը կարեւորեց նաեւ քաղաքացիական նախաձեռնությամբ
հանրաքվե կազմակերպելը եւ դատական իշխանության անկախությունը. «Այս ուղղությամբ բացասական
քայլեր կատարողները պետք է հիմիկվանից հրապարակավ պարսավանքի ենթարկվեն: Եվ ընդհանրապես՝
ցմահ կրեն քրեական տարրի խարանը: Երբ դիկտատորները չեն կարողանում ժողովրդից ուղղակի
խլել իշխանությունը՝ Լենինի կամ Հիտլերի պես փորձում են դա անել ժողովրդավարությունը
պակասեցնելու ճանապարհով: Այսօր հրամայական խնդիր է՝ պարզել, թե ո՞ր տականքի խնդիրն
է Հայաստանում ժողովրդավարությունը պակասեցնելը»: Պ. Հայրիկյանը հավատում է, որ «մեր
ընդդիմադիրներն իրենց մեջ կգտնեն կորով, որն անհրաժեշտ է տարբեր տեսակի բարդույթներ
հաղթահարելու եւ գործին լիաթոք նվիրվելու համար»։ Դրա տակ պրն Հայրիկյանը հասկանում
է խորհրդարան վերադառնալը եւ մասնակցելը սահմանադրական բարեփոխումների քննարկումներին:
Ն. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել