ԿԱՇԽԱՏԵՆ
ԱՄՌԱՆԸ ԱԺ 44 պատգամավորներ հանդես են եկել նախաձեռնությամբ՝
օգոստոսի 29-ին հրավիրել խորհրդարանի արտահերթ նստաշրջան, որտեղ պիտի երկրորդ ընթերցմամբ
քննարկվի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը
երեկ լրագրողներին հայտնեց, որ իր հրավերով Երեւան կժամանեն ու արտահերթ նստաշրջանի
աշխատանքներին կմասնակցեն Վենետիկի հանձնաժողովի ղեկավարները: Նրանց ԱԺ նստաշրջանում
կտրվի ելույթի իրավունք՝ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ տեսակետներ
արտահայտելու համար: «Բացի դրանից՝ օգոստոսի վերջին Երեւան կայցելի ԵԽԽՎ նախագահը:
Սա նույնպես մի լավ հնարավորություն է՝ խոսելու ոչ միայն մեր սահմանադրական, այլ
ընդհանրապես Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների խորացման մասին»,- ասաց
խորհրդարանի խոսնակը: Վենետիկի հանձնաժողովը պահանջել էր, որ ԱԺ-ն մասնակցություն
ունենա ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող մարմինների նշանակման գործընթացում:
Հուլիսի 7-ին միջազգային փորձաքննության ուղարկված սահմանադրական փոփոխությունների
նախագծում այս սկզբունքն իրագործելու հետեւյալ առաջարկն է ներկայացվել՝ նախագահն
առաջարկում է, Ազգային ժողովը՝ հաստատում: «Առավոտի» դիտարկմանը, թե ի վերջո ստացվում
է նույնը՝ նախագահն է որոշելու հեռուստաոլորտը կարգավորող մարմինների անդամներին՝
Արթուր Բաղդասարյանն այսպես արձագանքեց. «Եթե նա առաջարկի եւ ԱԺ-ն չհաստատի՝ նախագահը
ստիպված կլինի փոխել իր թեկնածուին: Եվ այս համաձայնությունը կայացել է Վենետիկի
հանձնաժողովի հետ՝ Ստրասբուրգում քննարկումների ժամանակ: Մենք ընդունել ենք միջազգային
առկա նորմերը, եւ անհրաժեշտություն չկա Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»: ԱԺ
նախագահը նաեւ հանդես եկավ հետեւյալ կոչով. «Այն ուժերը, ովքեր խոսում են մեր երկրում
իրական ժողովրդավարական բարեփոխումների խորացման մասին՝ պետք է հետամուտ ու հետեւողական
լինեն, որ Սահմանադրության բարեփոխումները տեղի ունենան, քանի որ դրանց կողմ է արտահայտվել
նաեւ միջազգային հանրությունը»: Ա. Ի.