Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուզբեկական ակորդ

Հուլիս 09,2005 00:00

Ուզբեկական
ակորդ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, ըստ ամենայնի, ինքն
իր համար գտել է «հավերժ Ռուսաստանի՞, թե՞ ԱՄՆ-ի հետ» երկընտրանքի պատասխանը: Ընդ
որում, այդ պատասխանը գտնելու հարցում Քարիմովին մեծ հավանականությամբ օգնել է Կրեմլը:
Երեկ Ուզբեկստանի ԱԳ նախարարությունը հրապարակել է մի հայտարարություն, որով, փաստորեն,
հարցականի տակ է դրվում ամերիկյան զորքերի հետագա ներկայությունն այդ երկրի տարածքում:
Փաստաթղթի բովանդակությունը, ընդհանուր առմամբ, հանգում է այն բանին, որ «Խանաբադ»
կոչվող ռազմական օդակայանը ժամանակին ամերիկացիներին է տրամադրվել սոսկ «Թալիբան»
շարժման դեմ մարտական գործողությունների ժամանակամիջոցի համար, իսկ դրա հետագա օգտագործումը,
իբր, որեւէ համաձայնագրով կարգավորված չէ: Ուշագրավ է, որ պաշտոնական Տաշքենդն
ԱՄՆ նկատմամբ իր պահվածքի այս փոփոխությունը, ի շարս ոչ մի քննություն չբռնող քաղաքական
պատճառաբանությունների, հիմնավորում է նաեւ այնպիսի զուտ տեխնիկական պատրվակներով,
որոնք փոքր-ինչ այլ քաղաքական իրադրությունում պարզապես անհեթեթ կդիտվեին: Այսպես.
Ուզբեկստանն ամերիկացիներին մեղադրում է վերջիններիս կողմից շահագործվող ավիաբազայի
գործունեության եւ նրա պահպանության ապահովման համար Ուզբեկստանի կատարած ծախսերը
չփակելու մեջ, ինչպես նաեւ պահանջում է ֆինանսապես փոխհատուցել այն վնասները, որ
ամերիկյան ինքնաթիռներն ու դրանք սպասարկող անձնակազմը հասցրել են շրջակա միջավայրին:
Միանգամից հարցեր են ծագում. ինչո՞ւ Քարիմովն այս խիստ կասկածելի մեղադրանքներն առաջադրեց
հենց հիմա, այլ ոչ, ասենք՝ հինգ ամիս առաջ: Չէ՞ որ թալիբների դեմ ակտիվ պայքարն ԱՄՆ-ն
ավարտել է երեք տարի առաջ, եւ մի՞թե Վաշինգթոնն արդեն երեք տարի «չարամտորեն» խուսափում
է իր համար խիստ կարեւոր այդ ռազմահանգրվանի դիմաց վճարումներ անելուց: Այս հարցերի
պատասխանները հստակորեն գծագրվում են Կենտրոնական Ասիայում եւ, մասնավորապես, Ուզբեկստանում
վերջին ամիսներին ծավալվող իրադարձությունների տրամաբանության մեջ: Նախ, հեղափոխություն
պայթեց հարեւան Ղրղըզստանում, ինչը պարզ դարձրեց, որ Քարիմովը եւս հավերժ չէ: Ապա
տեղի ունեցան անդիջանյան արյունալի դեպքերը, որոնց ընթացքում Ուզբեկստանի նախագահը,
վախենալով իր երբեմնի գործընկեր Ակաեւի ճակատագրին արժանանալուց, Կրեմլի ակնհայտ
աջակցությամբ դաժանագույն ձեւով ճնշեց խաղաղ ցուցարարներին: Իսկ երբ քիչ ավելի ուշ
Տաշքենդը պաշտոնապես հայտարարեց ՎՈՒՈՒԱՄ-ից իր դուրս գալու մասին, այնժամ արդեն վերջնականապես
պարզ դարձավ, որ եթե ոչ բոլոր ուզբեկները, ապա առնվազն նրանցից մեկը՝ Իսլամ Քարիմովը
կատարել է իր անձնական եւ աշխարհաքաղաքական ընտրությունը: Ուստի, Ուզբեկստանի
արտգործնախարարության նշյալ հայտարարությունն ընդամենը պետք է ընկալել իբրեւ վերը
շարադրված զարգացումների վերջնական ակորդ: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել