ԵԽԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը քննադատության թիրախ է դարձել «Արդարություն»
դաշինքում իր գործընկեր «Հանրապետության» ու նաեւ՝ «Արմատի» գործիչների համար:
Շավարշ Քոչարյանը մեր զրույցի ընթացքում գերադասեց չարձագանքել իրեն ուղղված
հետեւյալ մեղադրանքներին, թե «ստրասբուրգյան մթնոլորտն է երեւի տրամադրում այդպիսի
մոտեցումների, բայց դա բացարձակապես կապ չունի Հայաստանում տիրող մթնոլորտի հետ»,
«ԱԺՄ-ի բեկորները մի այնպիսի ոգեւորությամբ են լծվել այդ փոփոխությունների գործին,
որ որեւէ սթափ մոտեցման, առավել եւս՝ ակտիվացման նշույլ չի երեւում: Նրանց ավելի
շատ գրավում է արտասահման հաճախ այցելությունները կամ սահմանադրական փոփոխությունների
հեղինակ լինելու փառքը, քան հետեւանքները, որոնք մեր պետականության համար մեծագույն
վտանգ են ներկայացնում», «Ակնհայտ է, որ իշխանությունները, որոնց միացել են նաեւ
որոշ ընդդիմադիրներ, գնում են կեղծիքների եւ, օրինակ, Շավարշ Քոչարյանը, որը նույնպես
լծվել է այդ գործընթացին, պետք է մտածի, թե հանուն ինչի՞ է ինքը գնում նման կեղծիքների:
Մի՞թե այդքան բարդ է հասկանալը, որ երկրում առկա անհանդուրժողականության այս մթնոլորտում
Սահմանադրություն ընդունվել չի կարող, եւ կեղծիքն անխուսափելի է»: Փոխարենն
անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության գործիչների պնդումներին, թե սահմանադրական
բարեփոխումներ իրականացնել այս իշխանավորների հետ՝ նշանակում է նրանց հետ քաղաքական
համաձայնություն ձեռք բերել, լեգիտիմացնել այս իշխանությունը ու այլեւս մոռանալ երկրում
սահմանադրական կարգը վերականգնելու մասին ընդդիմության որդեգրած կարգախոսը: «Քննադատության
մեջ կան մի քանի թեզեր, որոնք առավել բխում են անտեղյակությունից,- ասաց Շավարշ Քոչարյանը:-
Թեզ համար մեկ՝ եղել է ստրասբուրգյան համաձայնություն, որի համար ես լիազորված չեմ
եղել»: Նշենք, որ նման պնդում արել էր «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը,
թե քանի որ «Արդարությունը» պաշտոնական որեւէ որոշում չի կայացրել՝ «առնվազն էթիկայի
խախտում է, որ որոշ ընդդիմադիր պատգամավորներ, որոնք լծվել են այս «այո» քարոզարշավին,
հանդես են գալիս ողջ դաշինքի անունից»: ԵԽԽՎ-ում «Արդարությունը» ներկայացնող պատգամավորն
ասաց. «Մարդիկ տեղյակ չեն, որ ընդդիմությունն այնտեղ չի կայացրել ոչ մի համաձայնություն:
Ստրասբուրգում համաձայնություն է եղել իշխանության ներկայացուցիչների եւ Վենետիկի
հանձնաժողովի միջեւ: Հաջորդը՝ եթե այնտեղ եղել է միասնական մոտեցում, այն վերաբերում
է բանաձեւին, քանի որ բոլոր այն դրույթները, որոնք կպահանջեր ընդդիմությունը՝ ներառվել
են բանաձեւում: Եվ նրանք, ովքեր քննադատաբար են դրան մոտենում՝ թող ներկայացնեն բանաձեւի
գոնե մեկ դրույթ, որն իրենք կցանկանային փոխված լիներ: Ի դեպ, դաշինքը շատ հստակ
արտահայտել է իր դիրքորոշումը: Ես միշտ ասել եմ՝ եթե բավարարվեն, ապա մենք մասնակցելու
ենք այդ գործընթացին: Եվ իմ ասածը հիմնված է «Արդարության» հունվարի 19-ի եւ մայիսի
31-ի հրապարակային հայտարարությունների վրա: Ինչ վերաբերում է փոփոխությունների նախագծին՝
հենց որ մենք այն պաշտոնապես ստանանք, կլինի դաշինքի նիստ, ուր մենք գնահատական կտանք:
Բայց չեմ կարծում, որ դաշինքը իր խոսքի՝ հրապարակային հայտարարությունների տերը չի
լինի»: Նշենք, որ «Արդարություն» խմբակցությանը երեկ տրամադրվեց այդ նախագիծը: Եվ
Շավարշ Քոչարյանը հայտնեց, թե դրան ծանոթանալուց հետո առաջացել են մի քանի նկատառումներ,
որոնք հայտնելու է դաշինքի՝ հուլիսի 11-ի նիստում քննարկելուց հետո: Իսկ մինչ
այդ անդրադառնալով փաստարկին, թե ոչ օրինական իշխանությունը չի կարող փոխել Սահմանադրությունը՝
Շավարշ Քոչարյանը նշեց. «Ակնհայտ է, որ սա այն փաստաթուղթն է, որն ընդունում է ոչ
թե իշխանությունը, այլ ժողովուրդը: Այլ խնդիր է, որ ժողովրդին տեքստը հասցնելու համար
այն պետք է անցնի իշխանություններով, Ազգային ժողովով: Բայց եթե դու ունես բավարար
լծակներ պարտադրելու համար, որ այդ տեքստը լինի այնպիսին, որ ձեռնտու է ժողովրդին
ու պետությանը, ապա դա չանելն ինձ համար առնվազն անհասկանալի է»: Շավարշ Քոչարյանը
նաեւ նշեց, թե հանրաքվեին «այո» ասելը չի նշանակում, որ դրանից երկրի նախագահը կդադարի
լինել «ոչ լեգիտիմ»: Նա համոզմունք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը հեռանալու է իշխանությունից՝
անկախ սահմանադրական հանրաքվեի արդյունքներից: Սակայն Քաղաքական դասընթացների
ԵԽ դպրոցում իր դասախոսության ժամանակ Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ եթե չլինեին
Ստրասբուրգում վերջին զարգացումները՝ կասեր, թե միակ ելքը թավշյա հեղափոխությունն
է: Հիշեցրինք իր այս պնդումը եւ հետաքրքրվեցինք՝ մի՞թե ընդդիմությունը որեւէ այլ
հարցում հակասություն չունի իշխանության հետ, բացի սահմանադրական փոփոխություններից:
Շավարշ Քոչարյանը թեեւ նշեց, որ դրանից կարեւոր խնդիր չի տեսնում, քանի որ Սահմանադրությունը
կանխորոշում է երկրի բնույթը, սակայն նաեւ վերահաստատեց. «Բոլոր այն հարցադրումները,
գնահատականները, պահանջները, որոնք ժամանակին առաջադրել է ընդդիմությունը՝ մնում
են օրակարգում: Խնդիրն այլ է՝ եթե այն կամքը, որ փորձեցին Ստրասբուրգում դրսեւորել
իշխանությունները՝ իրոք ցանկություն է փոխել երկրի Սահմանադրությունը, ապա իմաստ
ուներ, որ ընդդիմությունն էլ այսօր շեշտադրում անի այդ հարցադրման վրա: Առավել եւս,
որ դա բխում է մեր հրապարակային հայտարարություններից»: Շավարշ Քոչարյանն
ամփոփեց. «Հայաստանն ունի 2 ճանապարհ փակուղուց դուրս գալու՝ կա՛մ իշխանությունները
կգնան Սահմանադրության միջոցով այս ավտորիտար համակարգն ապամոնտաժելու ուղով, կա՛մ
միակ ելքը կլինի իրոք թավշյա հեղափոխությունը: Իհարկե, շատ արդարացի հարց է առաջանում,
թե ինչո՞ւ պիտի իշխանությունը, որ կեղծում է, Սահմանադրություն խախտում եւ այլն՝
գնա առաջին ճանապարհով, եւ ավելի իրատեսական կլիներ փոփոխություններն իրականացնել
նոր իշխանության օրոք: Այդպիսի հարցադրումը լրիվ իրավունք ունի գոյության: Բայց մենք
պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ իշխանության գլուխ գտնվող անձը միշտ ցանկանում
է պահպանել իր լիազորությունները: Այսօր Ռոբերտ Քոչարյանը գնացող է՝ ինչքան էլ նա
ներքուստ ցանկություն ունենա մնալ 3-րդ ժամկետին՝ ինձ թվում է, արդեն ինքն ու իր
շրջապատն էլ են հասկանում, որ դա լրիվ անհնարին է: Այս իրավիճակը բավական բարենպաստ
հնարավորություն է ստեղծում, որ կարողանանք լուծել այս հիմնարար հարցը»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ