Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղեցկության

Հուլիս 08,2005 00:00

Գեղեցկության ազգային պատկերը «Միսս Ինտերկոնտինենտալ» մրցույթում Հայաստանը կներկայացնի հայ գեղեցկուհին, Ադրբեջանը՝ ռուսը, Գերմանիան՝ թուրքը, Թուրքիան՝ կիսաթուրքը: Հուլիսի 30-ին Չինաստանում կկայանա «Միսս Ինտերկոնտինենտալ» մրցույթը: Արդեն 34-րդ անգամ անցկացվող ավանդական մրցույթում այս տարի 70 երկրների թվում Հայաստանը կներկայացնի «Միսս Հայաստան-2003»-ի հաղթող, «Միսս տուրիզմ 2004-ի թագուհի» Անուշ Գրիգորյանը: Երեկ «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը, որն, ի դեպ, ընտրվել է այս տարվա «Միսս Ինտերկոնտինենտալի» ժյուրիի անդամ: Նա տեղեկացրեց, որ հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 29-ը անց է կացվում «Միսս ֆոտոգենիկ» մրցանակի ինտերնետային քվեարկություն՝ Չինաստանում կայանալիք մրցույթի մասնակիցների միջեւ: Ի դեպ, Անուշի լուսանկարը եւս տեղադրված է www.missintercontinental.com էջում եւ ցանկացողները կարող են իրենց ձայնը տալ հայ գեղեցկուհուն: Կ. Արիստակեսյանն ասաց, որ քվեարկությունը վճարովի է. 1 եվրոյի դեպքում տրվում է 10 ձայն՝ համապատասխան ինտերնետային հասցեով քվեարկելու դեպքում: Ըստ ինտերնետային էջի տվյալների, Անուշ Գրիգորյանը ներկայումս մրցույթի լավագույն մասնակիցների շարքում է: «Lավ կլինի, որ մեր ազգային միասնությունը խորհրդանշող քայլ կատարենք եւ հնարավորության դեպքում ազգովին քվեարկենք Անուշ Գրիգորյանի օգտին»,- կոչ արեց նա՝ ամենաակտիվ քվեարկողներին խոստանալով անակնկալներ «Միսս Հայաստան» գործակալության կողմից: Բանն այն է, որ «Միսս ֆոտոգենիկ» մրցույթի հաղթողը իրավունք է ստանում 7 օր անցկացնել Չինաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում: «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» տիտղոսակիրն էլ իրավունք է ստանում 2 տարի ապրել Գերմանիայում, մասնակցել նկարահանումների, լավագույն հնգյակում հայտնվածներին սպասվում է մինչեւ $30000 դրամական մրցանակ: Մրցանակներ են սահմանված նաեւ «Լավագույն ազգային տարազ» եւ «Լավագույն նորաձեւ զգեստ» անվանակարգերի համար: Անուշի զգեստների հեղինակը դիզայներ Գեւորգ Շադոյանն է, իսկ վեբ-կայքում զետեղված լուսանկարները Մարկ Ակյանինն են: Գեւորգ Շադոյանն ասաց, որ զգեստներն իր «Հայկական հարսանիք» եւ «Ոսկե աշուն» հավաքածուներից են: Հետաքրքրվեցինք՝ նախկին խորհրդային երկրներից որոնք են մասնակցում մրցույթին, մասնավորապես նման հայտ ներկայացրե՞լ են Ադրբեջանն ու Վրաստանը: «Այս տարի մրցույթին մասնակցում են Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ռուսաստանն ու Ուկրաինան: Ընդ որում՝ Ադրբեջանը ներկայացված է ազգությամբ ռուս Յուլիանա Կոնդրատեւայի, Գերմանիան՝ ազգությամբ թուրք Ասլի Բայրամի, իսկ Թուրքիան կիսով չափ թրքուհու՝ Սեդա Ալթընի միջոցով»,- պատասխանեց պրն Արիստակեսյանը: Նաեւ փաստեց, որ Թուրքիայի ներկայացուցչի քվեները, ըստ ինտերնետային քվեարկության, այսօրվա դրությամբ 2 անգամ պակաս են Անուշի քվեներից: Մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ սկզբունքով է ընտրվում մրցույթի անցկացման վայրը, Կ. Արիստակեսյանը պատասխանեց. «Դրա համար նախ մրցույթի կազմակերպիչները մասնակից երկրների գործակալությունների նախագահների կողմից հայտ են ստանում: Շատ դժվար է նման մրցույթներ անցկացնել, որովհետեւ, եթե «Միսս Եվրոպայի» դեպքում մինչեւ $1,5 մլն է ծախսվում, ապա «Միսս Ինտերկոնտինենտալի» դեպքում հավանաբար $7-8 մլն կպահանջվի: Իսկ այդպիսի գումարներ «Միսս Հայաստան» գործակալությունը չունի, ես էլ օլիգարխների հետ կապեր չունեմ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել