«Քննությունները թեթեւ ու ձեւական չեն եղել» Հայտարարում է ԿԳ փոխնախարարը. այդ կարծիքին չեն վերահսկողները Նախագահի վերահսկողական ծառայության մասնակցությունը կրթության ոլորտի կարեւորագույն միջոցառումներին՝ գնալով ավելի լայն թափ է ստանում: Մինչ այս տարվա ընդունելության քննությունների մասնակցությանն անդրադառնալը, ծառայությունն ամփոփել է ինչպես ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի, այնպես էլ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների համար անցկացվող քննությունները: Ինչպես հայտնի է, վերահսկողականի աշխատակիցներն այդ քննությունների կեսից որոշել են այլեւս չմասնակցել: Պատճառը, մեր տեղեկացմամբ, այն է, որ այստեղ չեն գործում հստակ չափորոշիչներ, քննություններն անցկացնելու հստակ մեխանիզմներ, հետեւաբար հնարավոր չէր այդ ամենը վերահսկել: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, որ այդ քննություններում պատասխանատու դեր ուներ, այս առիթով մեր դիտարկմանը պատասխանեց. «Քննությունները կազմակերպվել եւ անցկացվել են պետական ավարտական քննությունների ամբողջ սխեման պահպանելով, չափորոշիչների բացակայության մասին խոսք լինել անգամ չի կարող, որովհետեւ կան հարցաշարերը եւ հարցատոմսերը, որոնցով կազմակերպվել եւ անցկացվել են քննությունները: Նախագահականի վերահսկողական ծառայությունը եկել-վերահսկել է, վիճակը համարել է նորմալ, այնուհետեւ գուցե ոչ նպատակահարմար են գտել հետագա մասնակցությունը»: Մեր հարցին՝ արդյոք հստակ արձանագրվե՞լ է, որ քննությունները նորմալ են անցկացվել, ԿԳ փոխնախարարը հաստատեց. «Հակառակ դեպքում կմնային եւ մեզ կօգնեին՝ քննություններն առավել կազմակերպված անցկացնել»: Ըստ մեկ այլ տեղեկատվության, դժգոհություն է եղել հարցատոմսերի եւ հարցաշարերի հետ կապված, թե իբր նախապես հայտարարվել է հարցերի մի շարք, այնուհետեւ հարցատոմսերում հապճեպ փոփոխություններ են արվել: Այս մասին Ա. Ավետիսյանն ասաց. «Որոշում կայացվեց քննություններն անցկացնել այն հավատարմագրված բուհերում, որտեղ տվյալ մասնագիտությունը հավատարմագրված է եւ քննություններն անցկացվեցին այդ տարվա չափորոշիչներով կազմված հարցաշարերով եւ հարցատոմսերով»: Մեր տվյալներով, վերահսկողականն ունի փաստեր, որ եղել են դիմորդներ ՌԴ-ում, բայց հայտերում նրանց անունը կա: Այս առիթով փոխնախարարն ասաց, որ եղել են մարդիկ, երբ հայտեր են ներկայացրել դեռեւս 2003-ին, երբ սկսվեց քննությունների առաջին փուլը եւ հետաձգվեց՝ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ընդունման հետ կապված: Եվ հիմա գուցե այդ դիմորդներն այստեղ չեն այլեւս: «Ընդհանուր թվով 1158 դիմում-հայտ է եղել: Երբ մասնագիտական խմբերի բաշխումներն արեցինք դիմում-հայտերի հիման վրա, ըստ քննատախտակի տվեցինք նաեւ քննական թերթիկներ: Վերջիններս վերցրել են 622-ը, բուն քննություններին եկան 523-ը: Սա տարբեր պատճառներ կարող է ունենալ. 2003-ից հետո գուցե այստեղ չեն, վերցնողներն էլ հասկացան, որ քննություններին պատրաստ չեն»: Արա Ավետիսյանի կարծիքով, շատերին թվում էր, թե այդ քննությունները շատ թեթեւ ու ձեւական են լինելու, «հետո տեսան, թե կազմակերպչական ինչ մեխանիզմներ են գործում, որոշեցին չգալ՝ կապված իրենց պատրաստ չլինելու հետ»: Շրջանավարտների ոչ բավարար չափով տեղեկացվածության եւ ցանկալի մարդկանց խումբ հավաքելու մասին կարծիքին Ա. Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Տեղեկացվածության չափի իմաստով առարկություն չունեմ, գուցե ավելի շատ պետք է տեղեկացվեր, բայց ինչո՞վ էր քիչ, ինչո՞ւ էր քիչ, պետությունը նման փուլ է անցկացնում, ինչո՞ւ չպետք է ուզենար, որ շատ մարդ գար մասնակցելու»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ