ՄԻԵՎՆՈՒՅՆ Է՝ ԿԱՑԱՐԱՆ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐԻ Փախստականների վարչության իրավաբանը ծեծել է փախստականին ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության իրավաբան Պետրոս Աղաբաբյանը մայիսի 31-ին ծեծելով իր աշխատասենյակից դուրս է արել փախստական Ալեֆտինա Տեր-Մանուելյանցին, որը նրա մոտ էր գնացել աղջկան՝ Իրենին ժամանակավոր կացարան տրամադրելու հարցով: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը ապրիլի 28-ին փախստական Իրեն Տեր-Մանուելյանցի հայցի հիման վրա վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությանը նրան հատկացնել ժամանակավոր կացարան: Հիշյալ վարչությունը սահմանված ժամկետում չի բողոքարկել դատարանի վճիռը, բայցեւ հրաժարվել է կատարել ԴԱՀԿ-ի՝ 19.05.05թ. կայացրած որոշումը: «Մայիսի 31-ին ինքս գնացի Փախստականների եւ միգրացիայի վարչություն՝ տեղեկանալու, թե ինչու չեն կատարում ԴԱՀԿ-ի որոշումը, քանի որ իրավաբան Պետրոս Աղաբաբյանը նախապես փոխանցել էր, թե վարչության պետ Գագիկ Եգանյանը մեզ կացարան չի տրամադրելու: Ինձ տեսնելուն պես Պ. Աղաբաբյանը բացականչեց՝ «դո՛ւրս արի այստեղից, ու թեւիցս բռնած քարշ տալով դուրս հանեց սենյակից»,- հայտնեց Ա. Տեր-Մանուելյանցը: Նրա պատմելով՝ աղմուկից վարչության աշխատակիցները դուրս են եկել, եւ նրանցից մեկը բաժանել է իրենց: Ա. Տեր-Մանուելյանցը Արաբկիրի ոստիկանության բաժանմունք է զանգահարել, դեպքի վայր ժամանած ոստիկանները բացատրություններ են վերցրել, որից հետո նրան բժշկական փորձաքննության ենթարկվելու ուղեգիր են տրամադրել: Բժշկական հետազոտման եզրակացությամբ՝ Փախստականների վարչության իրավաբանը Ա. Տեր-Մանուելյանցին թեթեւ մարմնական վնասվածքներ է պատճառել: Հունիսի 2-ին Իրեն Տեր-Մանուելյանցը ստացել է Միգրացիայի եւ փախստականների վարչության վերաքննիչ բողոքը առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Պ. Աղաբաբյանը մեզ հայտնեց, թե իրենք ժամանակին են բողոքարկել վճիռը, բայց վերաքննիչ դատարանն իրենց բողոքի օրինակը ուշացումով է ուղարկել: ԴԱՀԿ-ին վարչությունը նույնպես չի իրազեկել վճիռը բողոքարկելու մասին, չեն բողոքարկել հարկադիր կատարողի որոշումը վարույթ հարուցելու մասին, չեն դիմել նաեւ այն հետաձգելու խնդրանքով: Պ. Աղաբաբյանը հավաստիացնում է, թե Փախստականների վարչությունում 600-700 փախստական է հերթագրված կացարան ստանալու համար եւ սպասում է իր հերթին: «Եթե դատարանը բավարարի Իրեն Տեր-Մանուելյանցի պահանջը, նա պետք է սպասի մինչեւ իր հերթը հասնի, վարչությունն առայժմ ազատ սենյակներ չունի»,- ասում է Պ. Աղաբաբյանը: Այդպիսի անհեռանկար հերթում փախստականին սպասեցնելու համար արժե՞ր բողոքարկել դատարանի վճիռը: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ www.hetq.am