«Միսս
Ինտերկոնտինենտալ» մրցույթում Հայաստանը կներկայացնի հայ գեղեցկուհին, Ադրբեջանը՝
ռուսը, Գերմանիան՝ թուրքը, Թուրքիան՝ կիսաթուրքը: Հուլիսի 30-ին Չինաստանում
կկայանա «Միսս Ինտերկոնտինենտալ» մրցույթը: Արդեն 34-րդ անգամ անցկացվող ավանդական
մրցույթում այս տարի 70 երկրների թվում Հայաստանը կներկայացնի «Միսս Հայաստան-2003»-ի
հաղթող, «Միսս տուրիզմ 2004-ի թագուհի» Անուշ Գրիգորյանը: Երեկ «Արմենպրեսի» մամուլի
սրահում հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրեց «Միսս Հայաստան» ազգային գործակալության
նախագահ Կարեն Արիստակեսյանը, որն, ի դեպ, ընտրվել է այս տարվա «Միսս Ինտերկոնտինենտալի»
ժյուրիի անդամ: Նա տեղեկացրեց, որ հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 29-ը անց է կացվում
«Միսս ֆոտոգենիկ» մրցանակի ինտերնետային քվեարկություն՝ Չինաստանում կայանալիք մրցույթի
մասնակիցների միջեւ: Ի դեպ, Անուշի լուսանկարը եւս տեղադրված է www.missintercontinental.com
էջում եւ ցանկացողները կարող են իրենց ձայնը տալ հայ գեղեցկուհուն: Կ. Արիստակեսյանն
ասաց, որ քվեարկությունը վճարովի է. 1 եվրոյի դեպքում տրվում է 10 ձայն՝ համապատասխան
ինտերնետային հասցեով քվեարկելու դեպքում: Ըստ ինտերնետային էջի տվյալների, Անուշ
Գրիգորյանը ներկայումս մրցույթի լավագույն մասնակիցների շարքում է: «Lավ կլինի, որ
մեր ազգային միասնությունը խորհրդանշող քայլ կատարենք եւ հնարավորության դեպքում
ազգովին քվեարկենք Անուշ Գրիգորյանի օգտին»,- կոչ արեց նա՝ ամենաակտիվ քվեարկողներին
խոստանալով անակնկալներ «Միսս Հայաստան» գործակալության կողմից: Բանն այն է, որ «Միսս
ֆոտոգենիկ» մրցույթի հաղթողը իրավունք է ստանում 7 օր անցկացնել Չինաստանի ամենագեղեցիկ
քաղաքներից մեկում: «Միսս Ինտերկոնտինենտալ-2005» տիտղոսակիրն էլ իրավունք
է ստանում 2 տարի ապրել Գերմանիայում, մասնակցել նկարահանումների, լավագույն հնգյակում
հայտնվածներին սպասվում է մինչեւ $30000 դրամական մրցանակ: Մրցանակներ են սահմանված
նաեւ «Լավագույն ազգային տարազ» եւ «Լավագույն նորաձեւ զգեստ» անվանակարգերի համար:
Անուշի զգեստների հեղինակը դիզայներ Գեւորգ Շադոյանն է, իսկ վեբ-կայքում զետեղված
լուսանկարները Մարկ Ակյանինն են: Գեւորգ Շադոյանն ասաց, որ զգեստներն իր «Հայկական
հարսանիք» եւ «Ոսկե աշուն» հավաքածուներից են: Հետաքրքրվեցինք՝ նախկին խորհրդային
երկրներից որոնք են մասնակցում մրցույթին, մասնավորապես նման հայտ ներկայացրե՞լ են
Ադրբեջանն ու Վրաստանը: «Այս տարի մրցույթին մասնակցում են Ադրբեջանը, Վրաստանը,
Ղազախստանը, Ռուսաստանն ու Ուկրաինան: Ընդ որում՝ Ադրբեջանը ներկայացված է ազգությամբ
ռուս Յուլիանա Կոնդրատեւայի, Գերմանիան՝ ազգությամբ թուրք Ասլի Բայրամի, իսկ Թուրքիան
կիսով չափ թրքուհու՝ Սեդա Ալթընի միջոցով»,- պատասխանեց պրն Արիստակեսյանը: Նաեւ
փաստեց, որ Թուրքիայի ներկայացուցչի քվեները, ըստ ինտերնետային քվեարկության, այսօրվա
դրությամբ 2 անգամ պակաս են Անուշի քվեներից: Մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ սկզբունքով
է ընտրվում մրցույթի անցկացման վայրը, Կ. Արիստակեսյանը պատասխանեց. «Դրա համար նախ
մրցույթի կազմակերպիչները մասնակից երկրների գործակալությունների նախագահների կողմից
հայտ են ստանում: Շատ դժվար է նման մրցույթներ անցկացնել, որովհետեւ, եթե «Միսս Եվրոպայի»
դեպքում մինչեւ $1,5 մլն է ծախսվում, ապա «Միսս Ինտերկոնտինենտալի» դեպքում հավանաբար
$7-8 մլն կպահանջվի: Իսկ այդպիսի գումարներ «Միսս Հայաստան» գործակալությունը չունի,
ես էլ օլիգարխների հետ կապեր չունեմ»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ