Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԵՍ ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆ ԵՄ»

Հուլիս 08,2005 00:00

Հայտարարում
է դաշնակահար, դիրիժոր, երաժշտության փիլիսոփայության դոկտոր Էռնեստ Հոյցլը: Առաջին
անգամ Հայաստան ժամանած արվեստագետը այսօր կղեկավարի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը:
Վերջին տարիներին մշակույթի ոլորտում մեզ մոտ եւ արտերկրում տարածում են գտել
«երաժշտության դեսպան», «երգի դեսպան» արտահայտությունները: Ավելին, «Առավոտին» տված
հարցազրույցում Ճապոնիայի նախկին վարչապետ Իիի ծոռնուհին՝ ջութակահարուհի Հիդեկո
Ուդագավան էլ հայտարարեց, որ ինքը ցանկություն ունի դառնալու մշակույթի համաշխարհային
դեսպան կամ մշակույթի միջազգային նախարար: Երբ զրույցի սկզբում վերն ասվածը ներկայացրինք
Էռնեստ Հոյցլին, վերջինս ցույց տվեց փաստաթուղթ, որում ամրագրված էր իր՝ ավստրիական
երաժշտության դեսպանը լինելու հանգամանքը: «Երաժշտությունը քաղաքականություն է, այն
էլ հզոր քաղաքականություն: Ես ինձ մասամբ համարում եմ նաեւ քաղաքական գործիչ: Կարծում
եմ՝ դրա իրավունքը լիովին ունեմ: Տարիներ շարունակ աշխարհի բեմերում տարբեր նվագախմբերի
հետ ներկայացրել եմ միայն ավստրիացի կոմպոզիտորների երկեր: Եթե յուրաքանչյուր պետության
«երաժշտության դեսպանը» նման առաքելություն ստանձնի, դրանից կշահի նախ տվյալ երկիրը,
ապա հնարավորություն կընձեռվի համերգային հյուրախաղերի միջոցով աշխարհի ժողովուրդներին
ծանոթանալ միմյանց արվեստին: Օրինակ, Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ ես ընտրել եմ երեք
դարաշրջանների ավստրիացի մեծանուն կոմպոզիտոներ Մոցարտի, Բրամսի, Դյունզերի ստեղծագործությունները:
Սակայն չեմ բացառում շփումը այլազգի կոմպոզիտորների եւ կատարողների հետ: Հենց սա
էլ դեսպանի աշխատանքն է»,- ասաց Է. Հոյցլը: Մանրամասնելով երաժշտության դեսպանի
աշխատանքն ընդհանրապես, նա ասաց. «Ինչպես այս կամ այն ապրանքը, նորարարությունը եւ
այլն, չի կարող առանց պետական փաստաթղթի արտահանվել, այնպես էլ ազգին պատկանող երաժշտությունը
միանշանակ պետք է հսկվի պետության կողմից: Այո, կոմպոզիտորի ստեղծագործությունը տվյալ
պետության «ապրանքն» է եւ այն պետք է ունենա իր գինը: Իսկ այսօր աշխարհում կոմպոզիտորի
կամ երաժիշտ կատարողի «գները» անհամեմատելի տարբեր են: Այստեղ է, որ կարեւորվում
է երաժշտության դեսպանի աշխատանքը: Նա պետք է բանակցություններ վարի ու պետական մակարդակով
լուծում տա դրան»: Մեր հետաքրքրությանը՝ ձեր ասածից հետեւում է, որ եթե Հայաստանում
սիմֆոնիկ նվագախումբը հայ դիրիժորի ղեկավարությամբ կատարում է, օրինակ՝ Մոցարտի,
Բրամսի երկերից, պետք է թույլտվությո՞ւն վերցնի Ավստրիայից, մեր զրուցակիցը պատասխանեց.
«Իսկ ինչո՞ւ ոչ: Այդ դեպքում դեսպանը կտեղեկանա, թե Հայաստանի որ նվագախումբն է կատարում
եւ ինչ մակարդակով: Չեմ կարծում, որ երկրորդ, երրորդ կարգի նվագախմբերը պետք է իրենց
թույլ տան կատարել մեծանուն կոմպոզիտորների բարձրարժեք ստեղծագործություններ: Սա
արդեն, բառի իսկական իմաստով, դիվանագիտական շփումներ է պահանջում»: Հարցին,
թե մեր Ֆիլհարմոնիկի կողմից ավստրիական դասական երաժշտության մեկնաբանությունը բավարարո՞ւմ
է խստապահանջ դիրիժորին, Է. Հոյցլը պատասխանեց. «Թեպետ առաջին անգամ եմ Հայաստանում,
բայց գիտեմ, որ եկել եմ երաժշտարվեստի ավանդույթներով հարուստ երկիր: Ծանոթ եմ ձեր
Ֆիլհարմոնիկին»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել