Փախստականների վարչության իրավաբանը
ծեծել է փախստականին ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների
վարչության իրավաբան Պետրոս Աղաբաբյանը մայիսի 31-ին ծեծելով իր աշխատասենյակից դուրս
է արել փախստական Ալեֆտինա Տեր-Մանուելյանցին, որը նրա մոտ էր գնացել աղջկան՝ Իրենին
ժամանակավոր կացարան տրամադրելու հարցով: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների
առաջին ատյանի դատարանը ապրիլի 28-ին փախստական Իրեն Տեր-Մանուելյանցի հայցի հիման
վրա վճիռ է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների
վարչությանը նրան հատկացնել ժամանակավոր կացարան: Հիշյալ վարչությունը սահմանված
ժամկետում չի բողոքարկել դատարանի վճիռը, բայցեւ հրաժարվել է կատարել ԴԱՀԿ-ի՝ 19.05.05թ.
կայացրած որոշումը: «Մայիսի 31-ին ինքս գնացի Փախստականների եւ միգրացիայի
վարչություն՝ տեղեկանալու, թե ինչու չեն կատարում ԴԱՀԿ-ի որոշումը, քանի որ իրավաբան
Պետրոս Աղաբաբյանը նախապես փոխանցել էր, թե վարչության պետ Գագիկ Եգանյանը մեզ կացարան
չի տրամադրելու: Ինձ տեսնելուն պես Պ. Աղաբաբյանը բացականչեց՝ «դո՛ւրս արի այստեղից,
ու թեւիցս բռնած քարշ տալով դուրս հանեց սենյակից»,- հայտնեց Ա. Տեր-Մանուելյանցը:
Նրա պատմելով՝ աղմուկից վարչության աշխատակիցները դուրս են եկել, եւ նրանցից մեկը
բաժանել է իրենց: Ա. Տեր-Մանուելյանցը Արաբկիրի ոստիկանության բաժանմունք է զանգահարել,
դեպքի վայր ժամանած ոստիկանները բացատրություններ են վերցրել, որից հետո նրան բժշկական
փորձաքննության ենթարկվելու ուղեգիր են տրամադրել: Բժշկական հետազոտման եզրակացությամբ՝
Փախստականների վարչության իրավաբանը Ա. Տեր-Մանուելյանցին թեթեւ մարմնական վնասվածքներ
է պատճառել: Հունիսի 2-ին Իրեն Տեր-Մանուելյանցը ստացել է Միգրացիայի եւ փախստականների
վարչության վերաքննիչ բողոքը առաջին ատյանի դատարանի վճռի դեմ: Պ. Աղաբաբյանը մեզ
հայտնեց, թե իրենք ժամանակին են բողոքարկել վճիռը, բայց վերաքննիչ դատարանն իրենց
բողոքի օրինակը ուշացումով է ուղարկել: ԴԱՀԿ-ին վարչությունը նույնպես չի իրազեկել
վճիռը բողոքարկելու մասին, չեն բողոքարկել հարկադիր կատարողի որոշումը վարույթ հարուցելու
մասին, չեն դիմել նաեւ այն հետաձգելու խնդրանքով: Պ. Աղաբաբյանը հավաստիացնում
է, թե Փախստականների վարչությունում 600-700 փախստական է հերթագրված կացարան ստանալու
համար եւ սպասում է իր հերթին: «Եթե դատարանը բավարարի Իրեն Տեր-Մանուելյանցի պահանջը,
նա պետք է սպասի մինչեւ իր հերթը հասնի, վարչությունն առայժմ ազատ սենյակներ չունի»,-
ասում է Պ. Աղաբաբյանը: Այդպիսի անհեռանկար հերթում փախստականին սպասեցնելու համար
արժե՞ր բողոքարկել դատարանի վճիռը: ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ www.hetq.am