ՍԱՄՎԵԼ
ԲԱԲԱՅԱՆԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ Է Հունիսի 24-ին ԱԺՄ 16-րդ համագումարին
հրավիրված ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ս. Բաբայանը լրագրողների հետ
ունեցած զրույցում հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու իր մտադրության մասին:
Հայտարարությանը հաջորդած օրերի ընթացքում սկսվեցին քննարկումներ Ս. Բաբայանի քաղաքացիության,
կուսակցություն ստեղծելու նրա մտադրության օրինականության հարցերի շուրջ: Երեկ
«Խաչմերուկ» տեղեկատվա-վերլուծական կենտրոնը «Առավոտին» փոխանցեց հետեւյալ հայտարարությունը.
«Ում այդչափ հետաքրքիր է, թե երբ է Ս. Բաբայանը դարձել Հայաստանի քաղաքացի, հիշեցնում
ենք ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը՝
«Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»: Ըստ որոշման երրորդ կետի,
Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վրա տարածվում են Հայաստանի քաղաքացիության իրավունքները:
Այս որոշումն ամրագրվել է ՀՀ «Անկախության մասին» հռչակագրում, որն իր հերթին կազմում
է ՀՀ Սահմանադրության անքակտելի մասը: Ս. Բաբայանը, օգտվելով իրեն վերապահված՝ ՀՀ
քաղաքացու իրավունքներից, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված պարտավորություններից՝
պաշտպանել է ՀՀ սահմանները, իր ուժերի ներածին չափով ապահովել ԼՂ-ում գտնվող՝ ՀՀ
քաղաքացիների անվտանգությունը: Ս. Բաբայանը ՀՀ քաղաքացի է, ունի ՀՀ անձնագիր, սոցիալական
քարտ եւ երբեք չի եղել այլ պետության քաղաքացի»: Հայտարարության մեջ անդրադարձ
կա նաեւ այն հարցին` իբր Ս. Բաբայանը նոր է սկսել խոսել փոխզիջումներից, եւ դրա առիթով
ասվում է. «Ս. Բաբայանը միշտ այդ հարցում ունեցել է եւ ունի սկզբունքային անփոփոխ
դիրքորոշում, այն է՝ ԼՂ-ն Հայաստանի հետ ամբողջ մարմնով միացնող տարածքները չեն կարող
հանձնվել, որում կարող եք համոզվել՝ ընթերցելով 90-ական թվականներին հրատարակված
մամուլը: Սա ամենեւին չի նշանակում, թե մյուս տարածքների խնդիրը չի կարող դառնալ
բանակցության թեմա, քանի որ այլընտրանքը պատերազմն է, իսկ ԼՂ-ի պաշտպանության բանակի
նախկին հրամանատարը շատ լավ է գիտակցում խաղաղության արժեքը»: Սեփ.
լր.