Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ, ԹԵ ՈՎՔԵՐ ԵՆ ՏԵՐԵՐԸ»

Հուլիս 08,2005 00:00

«Նոր ժամանակները» հակափաստարկներ
է ներկայացնում Շաբաթվա սկզբում «Հայլուր» լրատվական ծրագիրը շարունակեց «Նոր
ժամանակներ» կուսակցության քաղաքական քարտուղար Էդուարդ Գրիգորյանի՝ «թմրաբարոնական»
անցյալի բացահայտումները: Էդ. Գրիգորյանի անցյալի առաջին իսկ «բացահայտումից» հետո
կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը հայտարարել էր, որ իրենք պաշտոնապես դիմելու
են ԱՄՆ կառավարությանը՝ այդ տեղեկությունները ստանալու համար: Երեկ նրանից հետաքրքրվեցինք,
թե ի՞նչ փուլում է այդ գործը: ԱՄՆ անկախության տոնի առիթով դեսպանատանը կազմակերպված
միջոցառման, հետագայում նաեւ հեռախոսազրույցների ժամանակ դեսպանատան աշխատակիցները
պատասխանել են, որ ամերիկյան օրենքներով կուսակցությունը չի կարող դիմել՝ այդ գործով
տեղեկատվություն ստանալու համար: Դիմում կարող է ներկայացնել Էդ. Գրիգորյանը: Դեսպանատան
համապատասխան աշխատակիցներն առայժմ ճշտում են դիմումի ներկայացման մեխանիզմները եւ
առաջիկա շաբաթվա ընթացքում վերջնական պատասխան կտան: Իսկ մինչ այդ, կուսակցությունն
այսօր արդեն դիմումներ է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգությանը, դատախազությանը,
ոստիկանությանը, «Ինտերպոլի» հայաստանյան գրասենյակին՝ ճշտելու, թե ինչ փաստաթղթեր
են դրանք, ինչ ճանապարհով են այդ տեղեկությունները հայտնվել լրատվամիջոցում: «Ես
գիտեմ եղելությունը՝ ով ինչ ճանապարհով է բերել այդ թղթերը եւ տվել «Հայլուրին»,-
ասում է Արամ Կարապետյանը: Իսկ ինչո՞ւ բարձրաձայն չի խոսում այդ մասին՝ «Մենք գիտենք
ճշմարտությունը, բայց պետք է ապացույցներ ներկայացնենք, ինչի համար էլ պաշտոնական
պատասխաններին ենք սպասելու»: Ի դեպ, ԱՄՆ դեսպանատան վերոնշյալ ընդունելության
ժամանակ ԱԱԾ ղեկավարը պարոն Կարապետյանի բանավոր հարցադրմանը պատասխանել է, որ իր
ղեկավարած ծառայությունը անտեղյակ է այդ փաստաթղթերից եւ այդ հարցով իրենք չեն զբաղվել:
Ըստ Արամ Կարապետյանի, ամերիկյան օրենքներով նման փաստաթղթեր՝ մարդու անձնական կյանքին
վերաբերող, տրամադրելը «բավականին լուրջ հանցանք է, եթե դա չի կատարվում պետական
պաշտոնյաների կողմից՝ միջպետական համաձայնագրերի շրջանակներում»: ՀՀ արտաքին գերատեսչությունից
ճշտեցինք, որ ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ առայժմ միջպետական իրավական փոխօգնության
պայմանագիր գոյություն չունի: Ինչ վերաբերում է խնդրո առարկային, «Առավոտի»
հետ զրույցում Էդուարդ Գրիգորյանը պատմեց, որ իր եղբայրը դեռեւս 1979 թվականին մեկնել
է ԱՄՆ՝ մշտական բնակության: Էդ. Գրիգորյանը ԱՄՆ է մեկնում 1993-ի հունվարի 30-ին՝
իրենց ընկերների զանգերից հետո, ովքեր տեղեկացնում են, որ եղբայրը «վատ վիճակում
է»: ԱՄՆ-ում Էդ. Գրիգորյանը բնակվում է նախ Նյու Յորքում՝ եղբոր բնակարանում, ապա
Լոս Անջելեսում՝ իր համար եղբոր վարձած բնակարանում: 1993-ի ապրիլ-մայիս ամիսներին
նրա եղբայրը ձերբակալվում է՝ թմրադեղ օգտագործելու համար: «Եղբորս դեպքում էլ վաճառքի
խնդիր չի եղել, կան բոլոր դատական հիմնավորումները»: Երբ Էդուարդը այցելում է բանտ՝
եղբորը, վերջինս խնդրում է, թե՝ «քո բնակարանի այսինչ տեղում փոքրիկ փաթեթ կա, վերցրու
եւ փոխանցիր այսինչին»: Հասկանալի է, թե ինչ փաթեթի մասին է խոսքը: Մեր զրուցակիցը
պատմում է, որ եղբոր բազմաթիվ զանգերից եւ խնդրանքներից հետո ինքը փոխանցում է փաթեթը՝
«այդ մասին հանգամանալից տեղեկություններ կան քրգործում»: Նա ձերբակալվում է փոխանցման
պահին՝ 1993-ի նոյեմբերի 19-ին: «Վաճառքի խնդիր չի եղել, ու որեւէ մեկը չի կարող
չեղած բանը սոսնձել իմ անվանը»,- ասում է նա: Քննությունը տեւում է երեք ամիս, վերջին
դատական նիստի ավարտից շուրջ երկու ամիս անց ԱՄՆ-ի էմիգրացիոն ծառայության կողմից
նա արտաքսվում է Հայաստան՝ 5 տարի ԱՄՆ չվերադառնալու պայմանով, եւ 1994-ի հունիսի
15-ին արդեն Երեւանում է լինում: Մեր զրուցակցի վկայությամբ՝ ամերիկյան օրենքները
օտարերկրյա քաղաքացիների համար շատ ավելի խիստ են, ուստի՝ «առնվազն անհեթեթ է, որ
այն էլ կես կիլոգրամ թմրանյութի վաճառքի համար ընդամենը մի քանի ամիս նստեցնեին ու
արտաքսեին երկրից»: Պարոն Գրիգորյանը, իհարկե, չի հպարտանում իր կյանքի այս էջով,
բայց «անբարոյականություն» է համարում մարդու անձնական ողբերգությունը այս կերպ օգտագործելը.
«Ես ծնվել, մեծացել, ապրել ու ապրում եմ Երեւանում, ինձ շատ-շատերն են ճանաչում եւ
բոլորն էին տեղյակ պատմությանը, որն այժմ ներկայացվում է աղավաղված եւ փորձ է արվում
օգտագործել Արամ Կարապետյանի դեմ: Ոչինչ չի ստացվի, բումերանգի էֆեկտ են ստանալու»:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. «Առավոտը» դիմեց
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատուն՝ պարզելու համար՝ արդյոք ԱՄՆ-ն շարունակո՞ւմ է հետապնդել
Էդուարդ Գրիգորյանին։ Դեսպանատանը խոստացան պատասխանել հաջորդ շաբաթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել