Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿՆԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱ

Հուլիս 06,2005 00:00

ՄԵԿՆԵՑԻՆ ՖՐԱՆՍԻԱ ՀՖՖ մամուլի քարտուղարությունից տեղեկացնում են, որ ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը հուլիսի 3-ի լույս 4-ի գիշերը Երեւան-Փարիզ չվերթով մեկնել է Ֆրանսիա: Թիմը ՀՖՖ մշակած հատուկ ծրագրով տասնօրյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ֆրանսիայի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Օբոբ քաղաքի նորակառույց մարզական կենտրոնում, որտեղ լավագույնս կնախապատրաստվի Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի դժվարին հանդիպումներին: Մեկնելուց առաջ օդանավակայանում հավաքականի ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանը ՀՖՖ մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում նշել է, թե իր գլխավորած թիմը նպատակ ունի ենթախմբում գրավել առաջին կամ երկրորդ տեղը եւ մտնել եզրափակիչ: Իսկ ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Աշոտ Մանուկյանը, որ հավաքականին ուղեկցում է հավաքի ընթացքում, ավելացրել է, որ հավաքականը լավատեսորեն է տրամադրված, իսկ ինքը համոզված է, որ տղաները կանեն ամեն ինչ՝ իրենց առջեւ դրված առաջադրանքը կատարելու համար: «ՀՖՖ-ն ու նրա նախագահը ջանք ու ֆինանսներ չեն խնայել, որ մեր երիտասարդները լրջորեն նախապատրաստվեն եզրափակիչ մրցաշարին, եւ կարծում եմ՝ մենք հաղթանակած կվերադառնանք հայրենիք»,- ասել է նա: Հավաքականի կազմում Ֆրանսիա են մեկնել Ժորա Հովհաննիսյանը, Գուրգեն Մելիքսեթյանը, Արթուր Ստեփանյանը, Արմեն Ֆիշյանը, Հայկ Չիլինգարյանը, Խորեն Վերանյանը, Մխիթար Գրիգորյանը, Արտակ Օսեյանը, Ռաֆայել Սաֆարյանը, Ալեքսանդր Պետրոսյանը, Գեւորգ Նռանյանը, Արտակ Հովհաննիսյանը, Վահե Մեհրաբյանը, Միխել Սիմոնյանը, Նարեկ Մանուկյանը, Արմեն Հովհաննիսյանը: Էդգար Մանուչարյանը, Էդել Ապուլա Էդիմա Բետեն եւ Կառլ Լոմբեն հավաքականին միանալու են Հյուսիսային Իռլանդիայում: Ֆրանսիայում եւ Հյուսիսային Իռլանդիայում Սամվել Պետրոսյանին օգնելու են մարզիչներ Աշոտ Բարսեղյանը, Արթուր Ավագյանը, բժիշկ Վահագն Օրդյանը, մերսողներ Մարգար Սահակյանն ու Էդուարդ Գեւորգյանը: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականն առաջին հանդիպումն անցկացնելու է հուլիսի 18-ին, Լուրգան քաղաքում՝ Նորվեգիայի, երկրորդը հուլիսի 20-ին Բալիմենայում՝ Անգլիայի եւ երրորդը կրկին Լուրգանում՝ Ֆրանսիայի հետ, հուլիսի 23-ին: ՀՖՖ մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաեւ, որ ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման առաջին փուլի «Բանանց»-«Լոկոմոտիվ» (Թբիլիսի) հանդիպումը տեղի կունենա հուլիսի 14-ին, ժամը 19-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 28-ին՝ Թբիլիսիում: Այս փուլի շրջանակներում «Մայնց»-«Միկա» հանդիպումը տեղի կունենա մրցակցի դաշտում հուլիսի 14-ին, պատասխան հանդիպումը հուլիսի 28-ին, ժամը 19.30-ին՝ Վ. Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի «ՀԱԿ»-«Փյունիկ» առաջին խաղը նշանակված է հուլիսի 13-ին Ֆինլանդիայի Վալկեակոսի քաղաքում, երկրորդում փյունիկցիները մրցակցին կընդունեն հուլիսի 20-ին նույնպես Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել