«ԵՍ ԳՈՐԾԱԿԱԼ ՉԵՄ» Հայտարարում է ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը Արդեն 6-րդ անգամ Հայաստանը մասնակցում է Վենետիկի համաշխարհային արվեստի փառատոնին՝ բիենալեին: Մշակույթի նախարարությունը հերթական անգամ հանձնարարել էր ՆՓԱԿ-ին կազմակերպել Հայաստանի Հանրապետության տաղավարը բիենալեում: ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին: – Ի՞նչ է տալիս Հայաստանին՝ մասնակցությունը բիենալեներին: – Եթե մրցանակներ էլ չլինեն, միայն մասնակցությունը համաշխարհային ֆորումներին՝ արդեն կարեւոր է: 200 երկրների ընտանիքում մենք մասնակցում ենք որպես լիարժեք պետություն: Օրինակ, Վրաստանը ընդամենը 2 անգամ է մասնակցել: Ադրբեջանը չէր էլ մասնակցում, ներկայացուցիչը ուղղակի եկել էր թամաշայի համար: Թուրքիան արդեն 6-րդ անգամ է Վենետիկում: Մենք 1999-ից, թեկուզ դժվարություններով, ներկայանում ենք բիենալեին: Երկրներ կային, որ Կատալոգում տպվել էին, բայց այդպես էլ չկարողացան ժամանել: Այս տարի նույնիսկ Միջին Ասիայի երկրներն ու Աֆղանստանն էին ներկայացնում իրենց ժամանակակից արվեստը: Բիենալեների շնորհիվ հայ արվեստագետները «մարզվում» են այլ արվեստագետների հետ: Մինչեւ հիմա 29 արվեստագետ ենք տարել Վենետիկ, իսկ դա փոքր թիվ չէ: – Ի՞նչ սկզբունքով են ընտրվում նրանք: – Մրցույթով ու գեղխորհրդով ենք ընտրում: Ճիշտ է, արվեստում չափանիշներ չկան: Ավելի ճիշտ՝ ժամանակակից արվեստում բոլոր չափանիշները գերազանցված են: Այս տարի էլ բաց մրցույթ էր հայտարարվել, ու մոտ 30 արվեստագետ իրենց գործերն էին ներկայացրել, ընտրվել են 4-ը՝ Դիանա Հակոբյան, Սոնա Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Վահրամ Աղասյան: – Իսկ մրցանակներ բերվեցի՞ն Հայաստան: – Այս տարի մրցանակները բաժին են հասել ֆրանսիացիներին եւ ամերիկացիներին: Արդեն նշեցի, մեզ համար առաջնահերթը մասնակցությունն է, աշխարհին համահավասարի իրավունքով ներկայանալը: – Ինչո՞վ էր բիենալեին ներկայացված հայկական արվեստը առանձնանում, տարբերվում, օրինակ՝ թուրքականից, գերմանականից, ամերիկյանից կամ միջինասիականից: – Եթե հայը Մոցարտ է կատարում, այն հաստատ տարբերվում է շվեդ երաժշտի կատարումից: Չնայած նոտաները նույնն են, բայց մոտեցումը տարբեր է: Այդպես է նաեւ արվեստի մյուս ճյուղերում: Մյուս կողմից, կարծես աշխարհը այնքան է փոքրացել, որ տարբերություններ գրեթե չկան: Օրինակ, ինչպե՞ս տարբերես հայ երիտասարդների գործերում ինչքանն է հայկական, ինչքանը՝ ոչ…Եթե ուզենանք խորանալ էթնիկական հատկանիշների մեջ, ուրեմն պիտի բոլորս ազգային տարազ կրենք: Եթե արվեստագետը սիրո զգացմունք է արտահայտում, էդտեղ ի՞նչ հայկականություն պիտի լինի, ինչ է՝ հայը ուրի՞շ կերպ է սիրում ու խանդում: ՆՓԱԿ-ը արվեստագետին չի դնում կաղապարների մեջ: Ստեղծագործողը պիտի ազնիվ լինի իր զգացմունքների հանդեպ եւ հանդգնի դրանք արտահայտել: Մենք տալիս ենք նման հնարավորություն: – Ինչո՞ւ են ՆՓԱԿ-ցիներին մի տեսակ խեթ նայում: Պատճառը միայն ձեր հանդգնությո՞ւնն է: – Եթե խեթ չնայեն, ուրեմն ինչ-որ բան սխալ ենք անում: Ժամանակակից արվեստը բոլոր ժամանակներում ու երկրներում ընկալվել է շատ փոքր խավի կողմից, որովհետեւ դա ընդունված ձեւի մեջ չէ: Մոդիլյանին սովից է մեռել, Վան Գոգը թշվառ կյանք է ունեցել: Բայց հետագայում նրանց գործերը միլիոններով են գնել ու գնում: – Ուզում եք ասել, որ կգա ժամանակ, եւ ՆՓԱԿ-ի դպրոցի արվեստագետների գործե՞րն էլ կարժեւորվեն: – Կասկածում եմ, մեր ժողովուրդը ժամանակակից արվեստին ուրիշ կերպ է նայում: Մեր հարուստները պիտի գնեն նման գործեր, չեն գնում, որովհետեւ չեն հասկանում: $30000-40000 տալիս-առնում են Մինաս Ավետիսյան, որովհետեւ Մինասը չի կարող սխալ լինել: Պիկասոյի համար մի ճապոնացի $110 մլն է վճարել ու չի ափսոսել, որովհետեւ Պիկասո է: Բայց շատ քչերը կարող են, օրինակ, մեր Սոնա Աբգարյանի գործը գնել: ՆՓԱԿ-ի նման ալտերնատիվ կենտրոնները՝ բարեգործական եւ կամավորական հիմունքներով, հենց նրա համար են, որ երիտասարդ արվեստագետներին հնարավորություն տան անկաշկանդ արտահայտվելու: Ախր առանց ալտերնատիվի, արվեստում առաջխաղացում չի լինի, պատկերացրեք՝ բոլոր նկարիչները Սարյանի նման նկարեին: Հայկական սփյուռքում կա կամավորական սկզբունքով աշխատելու ոճը: Կամավորական աշխատանքի հոգեբանությունը ես բերել եմ Հայաստան, իսկ շատերին դա անհասկանալի է: Մտածում են, որ Պալասանյանը հետին նպատակներ ունի կամ օտար կազմակերպությունների գործակալ է: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ